ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դրամական պարգև՝ 21 շրջանավարտի
17.07.2017
Դրամական պարգև՝ 21 շրջանավարտի

Այսօր Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով 200.000-ական դրամները հանձնեց Մանկավարժական համալսարանի գերազանց առաջադիմությամբ 21 շրջանավարտի:

Հայաստանի երկրորդ հանրապետության փոխնախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն կազմակերպվում են հանդիսավոր միջոցառումներ, տրվում դրամական պարգևներ և նվերներ:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Մանկավարժականի շրջանավարտներին Նախագահի կողմից դրամական պարգևի արժանացնելն աննխադեպ է.«Դեմ եմ այն տեսակետին, թե մերօրյա ուսանողն իր գիտելիքով, սովորելու ձգտմամբ զիջում է նախորդներին: Այսօր շատ ավելի բարդ է կրել ուսանողի տիտղոսը.նախկին անհոգությունն այլևս չկա, և շատերը կրթությունը համատեղում են աշխատանքի հետ՝ լուծելով նաև ուսման վարձավճարի խնդիրը»:

Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրման առթիվ ուսանողներին շնորհավորեցին ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը՝ գիտակրթական ոլորտում մաղթելով նորանոր հաջողություններ:

«Մանկավարժ լինելը մեծ պատիվ է. մենք պատրաստ ենք բուհում ստացած գիտելիքները ծառայեցնել մեր հայրենիքին, այդ թվում՝ Արցախի Հանրապետությանը»,- իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնելով՝ նշեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի լավագույն շրջանավարտ Միշա Թադևոսյանը:

Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ավարտական վկայականներ էր հանձնել ՀՊՄՀ-ի 21 լավագույն շրջանավարտներին՝ որպես խրախուսանք խոստանալով դրամական պարգև: