ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ձեր գաղափարը շոշափելի կդարձնեք, եթե  պատասխանատու լինեք ձեր արարքների համար»․ խորհուրդ ուսանողներին Սաթե Խաչատրյանից
28.04.2021
«Ձեր գաղափարը շոշափելի կդարձնեք, եթե  պատասխանատու լինեք ձեր արարքների համար»․ խորհուրդ ուսանողներին Սաթե Խաչատրյանից

«Դուք՝ ուսանողներդ, այսօր շահեկան վիճակում եք. աշխարհի տեղեկատվությունն այնքան հասանելի է, որ դրանք կարող եք օգտագործել ի շահ ձեզ, և այդ առումով ձեր մասնագիտական տեսլականը պետք է շատ բարձր լինի»,- այսօր ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նկատեց նույն համալսարանի շրջանավարտ, ուսումը Ֆրանսիայում շարունակած Սաթե Խաչատրյանը։- Ֆրանսիայում մեզ հիշեցրին, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչի է արժանի և մինչև ուր կարող է գնալ»,-ասաց այսօր իր ստեղծագործական ներուժերը ռեժիսուրայում ներդրած Սաթեն:

Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի և Թատերական ինստիտուտի շրջանավարտ Սաթե Խաչատրյանը, որը նաև ավարտել է Ֆրանսիայի Թատերական արվեստի կոնսերվատորիան և Սորբոնի համալսարանը, և այժմ ապրում է Ֆրանսիայում, Ֆրանկոֆոնյայի օրերի շրջանակում  Հայաստանում է՝ նաև հայ հանդիսատեսին իր բեմադրած  «Սասնա ծռեր» էպոսը ներկայացնելու համար: Ապրիլի 13-19-ը տարբեր երկրների դերասաններից կազմված խմբով արդեն բեմադրությունը  ներկայացրել են Սևանում, Գավառում, Գորիսում, Գյումրիում և Երևանում:

Այսօր ՀՊՄՀ շրջանավարտը Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնի  դոցենտ Խաչիկ Չալիկյանի ղեկավարած կուրսում անցկացրեց վարպետության դաս:

Սորբոնի համալսարանում Սաթեի պաշտպանության թեման եղել է ժամանակակից եվրոպական դրամատուրգիան: Նա իրեն ռեալիզացնում է և՛ ռեժիսորի, և՛ դերասանի աշխատանքում, միաժամանակ բազմաթիվ թարգմանություններ է կատարում օտարերկրյա հեղինակներից:

Ուսանողների հետ Սաթե Խաչատրյանի զրույցը իր ուսումնառության, հայ մշակույթը աշխարհին, մասնավորապես Ֆրանսիայի հանդիսատեսին ներկայացնելու, ինչպես նաև մշակույթների երկխոսության մասին էր: Ուսանողներին դիմելով՝ նա ասաց. «Ձեր գաղափարները կարող եք դարձնել շոշափելի, եթե  պատասխանատվություն կրեք ձեր անելիքների համար»:

Ուսանողների հետ հանդիպմանը Սաթե Խաչատրյանը խոսեց ժամանակակից  թատրոնի խնդիրների, ռեժիսորի և դերասանի աշխատանքի, ինչպես նաև նրանց  փոխհարաբերությունների մասին, պատասխանեց ուսանողների հարցերին:

Սաթեն իր  թարգմանություններից առանձնացրեց աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի՝ հայազգի Արթուր Ադամովի պիեսները և ասաց, որ շատ կուզենար վերոհիշյալ հեղինակի գործերը  տեսնել ամբիոնի ուսումնական ծրագրերի մեջ:

Սաթե Խաչատրյանը ապագա ռեժիսորների  հետ խոսեց կոմերցիոն և այլընտրանքային թատրոնների խաղացանկերի, ժամանակակից թատրոնի, Ֆլորիան Զելլերի, Յասմինա Ռեզայի և ուրիշների մասին՝  խորհուրդ տալով կարդալ նրանց գործերը՝ հասկանալու համար, թե ուր է գնում ժամանակակից թատրոնը:

Սաթեին դեպի բանասիրության ոլորտ ուղղորդել է ընտանիքը, ինչի համար նա շնորհակալ է իր ծնողներին: Թատերական ընդունվելու գաղափարը թեև չի խրախուսել ընտանիքը, բայց ինքը ընտրել է դրամատուրգիան, որտեղ իրեն օգնում է թե՛ թատրոնը, և թե՛ գրականությունը:

Ֆրանսիայում իր ամուսնու հետ հիմնադրել են թատրոն, որի խաղացանկում է հայկական էպոսը՝ «Սասնա ծռեր»-ը։ Սաթեն Արմաղան է խաղում բեմադրության մեջ, իսկ տարբեր ազգությունների 6 դերասաններ, այդ թվում և սևամորթ, ներկայացնում են էպոսի մյուս հայ կերպարներին: Հայ մշակույթի հանդիպում ֆրանսերենի հետ՝ այսպես է էպոսի բեմադրությունը ձևակերպել Ֆրանսիայի դեսպանը:

Ֆրանսիայում ներկայացրել են նաև Թումանյանի հեքիաթները և ֆրանսիացի հանդիսատեսին հաղորդակից են դարձրել հայկական գրական-մշակութային արժեքներին:

«Որպես գեղարվեստական բացառիկ գործ՝ փորձել եմ  ցույց տալ, որ  մեր էպոսը համամարդկային է և այն կարող են ներկայացնել տարբեր երկրների մարդիկ: Մեր գեղարվեստական ստեղծագործությունները պետք է հասանելի լինեն աշխարհին»:

Ինչ վերաբերում է կին և տղամարդ ռեժիսորներին, Սաթեն կարծում է, որ դրանք կապ չունեն լավ կամ վատ բեմադրությունների հետ, պարզապես ռեժիսորը պետք է տաղանդ ունենա:  Նա հիշում է իր դասախոսի խոսքերը՝ ռեժիսուրան բնավորություն է, դա հավատամքի պես է, որը տարիների ընթացքում թրծվում է:

«Եթե ուզում եք իսկապես ռեժիսոր դառնալ, պետք է շատ աշխատեք»,-ասում է Սաթեն ու ապագա ռեժիսորներին խորհուրդ տալիս՝ երբեք սկսած գործը կիսատ չթողնել, լինել համառ, չհանձնվել, սիրել դերասաններին և փայփայել նրանց, գտնել ցանկացած խնդրի լուծում և այն վերածել հնարավորության:

Սաթե Խաչատրյանի վարպետության դասը վստահաբար ռեժիսուրայի բաժնի ուսանողների համար օգտակար և ուսանելի կլինի: