ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ձմեռային արձակուրդներն ավարտելու ամենաուսանողական տարբերակը
06.02.2020
Ձմեռային արձակուրդներն ավարտելու ամենաուսանողական տարբերակը

Ուսանողների համար լավագույն հանգիստն ակտիվ ու հագեցած օրերն են մեկ տանիքի տակ. Մանկավարժական համալասարանը հենց այս սկզբունքով է Աղավնաձորի ուսումնական բազայում միավորել բուհի 70 ուսանողի:

Բոլոր 10 ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող, ակտիվ ու նաև քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները փետրվարի 3-8-ը՝ ձմեռային արձակուրդի վերջին 5 օրն անցկացնում են միասին՝ գերհագեցած ծրագրով:

Վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, սպորտային միջոցառումներ, ճաշ, կինոդիտում, ազգային պարերի ուսուցում, մրցումներ, ընթրիք, դիսկոտեկ. օրվա պարտադիր գրաֆիկը լրացվում է նաև ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներիհետ հանդիպումներով: Իսկ ազատ ժամերին ուսանողներին միավորում է երգն ու երաժշտությունը, դիսկոտեկը և խարույկի մոտ կազմակերպվող հավաքույթները: Ակտիվ ժամանցի և լիարժեք հանգիստի շնորհիվ ուսանողներն իրենց ուսումնական նոր տարին կսկսեն էլ ավելի բարձր արդյունավետությամբ:

Արդեն տասներորդ տարին կազմակերպվող անվճար ձմեռային հանգիստը փորձի, մտքերի ու գաղափարների փոխանակման և նոր ծանոթությունների համար հետաքրքիր միջոց է, նաև կրթական գործունեության բաղադրիչ: Այն ձմեռային արձակուրդն ավարտելու ամենաուսանողական տարբերակն է, որը նույն ուսումնական հաստատությունում սովորող անձանց բացահայտելու հրաշալի հնարավորություն է: Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Անի Կիրակոսյանն արդեն հասցրել է ընկերանալ մյուս ուսանողների հետ: «Այստեղ ընդամենը 24 ժամում ստեղծվեց այնպիսի ջերմ մթնոլորտ, որ բոլորս միանգամից ընկերացանք»: Անիի՝ տարբեր ֆակուլտետների ուսանողական միասնության գաղափարի հետ համաձայն է նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Սամվելյանը. «Բարձր կազմակերպվածության շնորհիվ օրվա ընթացքում մենք հասցնում ենք անել ամեն ինչ՝ քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, ուսուցողական հանդիպումներ, և միաժամանակ ձեռք բերել նոր ընկերական շրջապատ»:

Ուսանողների անվտանգ հանգստի համար ստեղծված են բոլոր պայմանները:

Ուսանողներն առաձնահատուկ գոհունակությամբ են խոսում հատկապես թարմ և բազմազան սննդի մասին. բոլորը միակարծիք են՝ սնունդը համեղ է, օգտակար և հաճելի: Յուրաքանչյուր ճաշատեսակ պատրաստվում է օրվա ժամին համապատասխան առողջ սննդակարգով:

Հանգստի պայմաններից ոգևորված է նաև Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Էլեն Նիկողոսյանը. «Այս հանգիստը ուսանողերի համար լիցքաթափվելու լավագույն հնարավորությունն է: Դրական լիցքերի շնորհիվ տարին սկսելու ենք էլ ավելի պատրաստված ու նոր գաղափարներով»:

Հանգստի կազմակերպման գործում ակտիվ դեր ունի նաև Ուսանողական խորհուրդը, որի հանձնաժողովները ուսանողների համար կազմակերպում են ժամանցային տարբեր միջոցառումներ:

Աղավնաձորի ուսումնական բազայում ուսանողական եռուզերը շարունակվում է: Հանգիստը կավարտվի փետրվարի 7-ին. ուսանողները նոր ուսումնական կիսամյակը կսկսեն լիարժեք հանգստացած և դրական հույզերով: 

Սուսինա Խաչատրյան

ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի