ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ձմեռային հանգիստ՝ դասերից առաջ ՀՊՄՀ
04.02.2025
Ձմեռային հանգիստ՝ դասերից առաջ ՀՊՄՀ

Աղավնաձորի ուսումնական բազայում բուհի շուրջ 80 ուսանողի համար կազմակերպվել է ձմեռային ակտիվ հանգիստ։ Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվել է 7-ական ուսանող, որոնք աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ, հասարակական ակտիվությամբ կամ մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը պատերազմի ժամանակ։ Նրանց հանգիստը հագեցած է ակտիվ ժամանցով, ուսումնաճանաչողական հանդիպումներով, կրթական ծրագրերով, իսկ ինտելեկտուալ և մարզական խաղերը փոխլրացնում են միմյանց և ակտիվ ժամանցը դարձնում առավել հետաքրքիր։

ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը նշեց, որ կառույցը կազմակերպում է ուսանողների առօրյան, իսկ հանգստի ընթացքում ուսանողներին այցելում են տարբեր մասնագետներ, որոնք կիսվում են իրենց մասնագիտական հմտություններով, պատասխանում ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Ինտելեկտուալ և մարզական խաղերը փոխլրացնում են միմյանց՝ ակտիվ ժամանցը դարձնում առավել հետաքրքիր։ Աբովյանականները հանդիպումներ են ունեցել Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի, «Դասավանդիր Հայաստան»-ի ներկայացուցիչների, ՀՊՄՀ արհմիության նախագահ Էդիկ Գուլյանի հետ։

Պարույր Գալստյանը փաստում է՝ հանգիստը նաև ճանաչողական է, բացահայտում են տաղանդավոր ուսանողների, միմյանց հետ շփումներում ուսանողները ձեռք են բերում նոր ընկերներ։ Բացի այդ, ուսանողների հետ պարբերաբար հանդիպում է ուսանողական կառույցի նախագահը՝ լսելու ձմեռային հանգիստը կատարելագործելու վերաբերյալ նրանց առաջարկները։ Հանդիպումների շրջանակում ուսանողներին այցելեց նաև ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային հարցերի գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Ակտիվ երկխոսության ընթացքում ուսանողները բարձրացրին ուսումնական գործընթացին, կրթական մերօրյա մարտահրավերներին, բուհի կողմից միջազգային ծրագրերի իրականացմանը, Ակադեմիական քաղաքի, նորագույն տեխնոլոգիաներին, կրթության համատեքստում հայրենասիրություն հասկացության արմատավորմանը վերաբերող հարցեր։ «Մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք լավ ճանաչեք միմյանց և ինքներդ ձեզ»,-նշեց պրոռեկտորն ու խոսեց ուսանողների շրջանում մի շարք խնդիրների՝ այդ թվում նաև անգլերենին չտիրապետելու մասին, ինչի հետևանքով էլ լինում է ուսանողների և դասախոսական կազմի պասիվ մասնակցություն միջազգային ծրագրերին։

Մարիաննա Հարությունյանը փաստեց՝ Մանկավարժականը «Ամառային դպրոց»-ի կազմակերպման հրաշալի փորձ ունի և վստահեցրեց՝ կրթության առաջին մարտահրավերը 21-րդ դարի հմտություններն են, որոնց պետք է տիրապետել, փոխել կրթական համակարգը, բարձրացնել ուսուցչի արժեհամակարգը․ դա անելու է այս սերունդը։ Նա անդրադարձավ նաև միջֆակուլտետային նախագծերի իրականացմանը, Ակադեմիական քաղաքի հնարավոր ռիսկերին, գործող օրենքների շրջանակում բուհական առարկայական ծրագրերի նորացմանը, որոշ մասնագիտությունների գծով պրակտիկաների կազմակերպմանն ու այլ հարցերի։ «Ուսուցիչն այսօր ամենակարևոր մարդն է։ Նա է կրթում սերունդներ, որ պետք է իր ամենօրյա աշխատանքով հայրենասիրության օրինակներ տան»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու ուսանողներին հորդորեց մտածողության փոփոխությունը սկսել հենց իրենցից և սեփական օրինակով կոտրեն կարծրատիպեր։ Հանդիպմանը ուսումնական գործընթացների կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանեց նաև Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։