ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ձմեռային հանգիստը՝ խրախուսման ձև
06.02.2018
Ձմեռային հանգիստը՝ խրախուսման ձև

Մանկավարժական համալսարանի 88 ուսանող այս օրերին իր ձմեռային հանգիստն է անցկացնում բուհի Աղավնաձորի ուսումնամարզական բազայում:

Սպորտային խաղեր, ինտելեկտուալ մրցույթներ, սեմինարներ, բանավեճեր, երաժշտական երեկոներ, երգ ու պար. դասերի մեկնարկից առաջ սա լավագույն հանգստի յուրահատուկ տարբերակ է, որ Մանկավարժական համալսարանն իրականացնում է ամեն տարի:

Բուհի Ուսանողական խորհուրդն ու Շախմատի և սպորտի ամբիոնը համատեղ կազմել են 5-օրյա հանգստի ծրագիր, որում համատեղել են հաճելին ու օգտակարը, կարևորել ակտիվ ու լիարժեք հանգիստը:

Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Արման Գևորգյանը աբովյանականների ձմեռային հանգստի ղեկավարն է: aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ հաճելիորեն զարմացած է ապագա մանկավարժների՝ սպորտային և մշակութային ունակություններվ. «Կան շնորհալի և բազմակողմանի զարգացած երեխաներ, որոնք կարողանում են կազմակերպել ձեռնարկներ, լավագույնս մասնակցել մրցումների, լինել նախաձեռնող ու ընկերասեր»,-նշեց Արման Գևորգյանն ու հավելեց, որ նման հավաքները նպաստում են երիտասարդների համախմբվելուն ու նրանց կոլեկտիվ մտածողության զարգացմանը:

Ձմեռային հանգստի ընթացքում ուսանողներին այցելեցին բուհի պրոռկետորները՝ նպատակ ունենալով համատեղ քննարկել ինչպես հանգստին, այնպես էլ ուսումնական գործընթացին առնչվող առաջարկները: Մարզադահլիճի կառուցումից մինչև ուսուցման էլեկտրոնային համակարգի արդյունավետություն. ուսանողներին հետաքրքրող յուրաքանչյուր հարցին պրոռեկտորները պատասխանեցին ամենայն մանրամասնությամբ և խոստացան քննարկել դրանց իրականացման ձևերը:

«Ազատ ժամանցն ու ակտիվ հանգիստը յուրաքանչյուրի համար անչափ կարևոր է և համահունչ իր պահանջմունքներին: Տարբեր ֆակուլտետների ուսանողներն այս օրերին կտրվում են մասնագիտական գործունեությունից, առօրյայից և հնարավորություն ունենում հաստատելու նոր ծանոթություններ ու հետաքրքրություններ»,-նշեց բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու որպես հոգեբանության դոկտոր վստահեցրեց՝ նման ձեռնարկները կնպաստեն նորանոր համագործակցային եղանակների դրսևորմանն ու զարգացմանը:

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն էլ հավելում է՝ հանգստի այսօրինակ ձևերը դրականորեն են անդրադառնում ուսանողների ուսումնառության վրա. նրանք ձգտում են ունենալ բարձր առաջադիմություն և օգտվել բուհի ընձեռած նմանօրինակ հնարավորություններից: Պրոռեկտորը վստահեցնում է, որ ուսանողների հետ հանդիպումները հնարավորություն են տալիս վերհանելու եղած խնդիրները, լսելու առաջարկներ ու նախանշել հետագա անելիքները:

Նշենք, որ ձմեռային 5-օրյա հանգստից օգտվում են բոլոր ֆակուլտետներից 6-ական, ինչպես նաև բուհի և Հենակետային վարժարանի 2017 թվականի «Լավագույն ընթերցողները», վոլեյբոլի և ֆուտբոլի աղջիկների հավաքականի մարզիկները:

Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանի կարծիքով՝ ձմեռային հանգիստը լավագույններին խրախուսելու յուրօրինակ ձև է և Մանկավարժական համալսարանի լավագույն ավանդույթներից, որը հնարավորություն է տալիս դրսևորվելու, շփվելու, մտերմանալու:

Ուսանողները 5 օրերի մասին պատմում են հիացմունքով, մեծ ոգևորությամբ ու երախտագիտությամբ, քանի որ դասերի մեկնարկից առաջ կազմակերպված հանգստի համար մտածված է ամեն ինչ: Նրանք առանձնակի գոհունակությամբ են խոսում բազմազան մենյուի, համեղ ու օգտակար սննդի, աշխատակիցների վերաբերմունքի մասին՝ ամփոփելով՝ մեզ զգում ենք, ինչպես մեր տանը:

Բուհի անվտանգության և բուժկետի աշխատակիցներն այս օրերին հոգ են տանում նրանց ապահով ու առողջ հանգստի մասին: Բուժքույր Աղավնիկ Ծատուրյանն aspu.am-ի հետ զրույցում նշում է՝ չնայած լուրջ իրավիճակներ չեն եղել, սակայն կանխվել են մի քանիսի նոր սկսվող սուր շնչառական հիվանդությունները: Աղավնիկ Ծատուրյանը խոստովանում է՝ աշխատանքի հետ համատեղում է նաև հանգիստը. ուսանողների հետ ուրախ է:

Սկզբնական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Հովհաննիսյանն առաջին անգամ է նման հավաքի մասնակցում, բայց արդեն համոզվել է՝ ուսանողական կյանքը միայն սովորելով չպետք է սահմանափակել. ժամանցն ու նման ձեռնարկներն իրենց կարևոր և ուրույն տեղն ունեն դրանում:

Նոր ընկերներ, մաքուր օդ, հետաքիքիր առօրյա. սա այն է, ինչ գրավել է Հռիփսիմե Հովհաննիսյանին աղավնաձորյան հանգստից:

ՀՊՄՀ-ի հենակետայի վարժարանի «Լավագույն ընթերցող», ֆիզմաթ հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Վանոյանը խոստովանում է՝ լուրջ ակնկալիքներ չի ունեցել, բայց գնալու է բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով: Փոփոխությունների ու առաջարկների մասին խոսելիս էլ շտապում է հավելել՝ շուտ արթնանալ չի ստացվում, պետք է վերկացի ժամը փոքր-ինչ հետաձգել:

Ամփոփելով այս տարվա ձմեռային հանգիստը՝ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Էդիկ Գուլյանը նշում է, որ հագեցած ծրագրի շնորհիվ կարողացան ապահովել ուսանողների ակտիվ և լիարժեք հանգիստը:

«Առաջին իսկ օրից լսել ենք հանգստի հետ կապված ուսանողների առաջարկները, համատեղ քննարկել, կատարել լրացումներ և իրականացրել դրանք՝ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու նախասիրությունները»,-վստահեցրեց Էդիկ Գուլյանն ու ուսանողների անունից հավաստիացրեց՝ սա բուհի յուրահատուկ գնահատականն է լավագույններին, որ ոգևորում է և նպաստում առավել լավ սովորելուն:

Աղավնաձորյան հանգստի վերջին օրն սպորտային և տարբեր մրցումներում հաղթող թիմերն ու ուսանողներն ստացան պատվոգրեր, իսկ երեկոն անցկացրին ավանդական դարձած խարույկի շուրջ: