ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաջողությունը սկսվում է մտածողությունից․․․
20.03.2025
Հաջողությունը սկսվում է մտածողությունից․․․

Մանկավարժական համալսարանում կայացավ «Հաջողությունը սկսվում է մտածողությունից. կոնֆերանս երիտասարդ առաջնորդների համար» հանդիպումը: ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության և "EduTrend" կրթական նախագծի նպատակն է ձևավորել երիտասարդական հզոր համայնք, որը կնպաստի երիտասարդների ինքնակատարելագործմանը, ակտիվությանն ու կրթության որակի բարելավմանը։

ՀՊՄՀ ՈՒԳԸ նախագահի պաշտոնակատար Մանե Բարեղամյանը հանդիպման սկզբում ընդգծեց՝ առաջնորդությունը միայն պաշտոն կամ կոչում չէ․այն գաղափար է, որը կարող է արթնանալ յուրաքանչյուրի մեջ՝ անկախ տարիքից, մասնագիտությունից կամ կարգավիճակից։ Կարծում են, որ կոնֆերանսը կբացահայտի կրթության միջոցով ինքնուրույն կամ ազդեցիկ առաջնորդներ ձևավորելու գաղտնիքները։

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց նախաձեռնությունն ու ընդգծեց՝ այսօր, առավել քան երբևէ, արդյունավետ առաջնորդությունը պահանջում է ոչ միայն ռազմավարական մտածողություն, այլև մարդկային մոտեցում։ Նա կարծում է, որ այն կառուցվում է վստահության վրա, ձևավորվում հաղորդակցության միջոցով և ամրապնդվում գործնական օրինակներով․«Մենք պետք է ոչ միայն առաջնորդենք, այլև ոգեշնչենք՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատ զգում է իր կարևորությունն ու ձգտում է առավելագույնի»։

Պրոռեկտորն արդյունավետ և հետաքրքիր հանդիպում մաղթեց՝ հույս հայտնելով, որ քննարկումները կօգնեն խորացնել գիտելիքները, մասակիցները կփոխանակվեն փորձով և կզարգացնեն այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են վստահելի և ազդեցիկ առաջնորդ լինելու համար։

«Proակտիվ առաջնորդը. ինչպես ոգեշնչել, միավորել, փոխակերպել», «Էմոցիոնալ ինտելեկտը և առաջնորդությունը», «Հաջողության հակառակ կողմը», «Առաջնորդի ոճի կարևորությունը»․ միջոցառման ընթացքում առաջնորդության մասին գաղափարներով հանդես եկան իրենց ոլորտում հաջողության հասած բանախոսները։

“Targeting Agency” և “Simple Business Academy” ընկերությունների համահիմնադիր-տնօրեն Գոռ Կարապետյանը, որ նաև հեղինակել է «Հաջողության Թաքնված Կողմը» և «Proակտիվ Առաջնորդը» գրքերը, խոստացավ երիտասարդների հետ կիսվել գործիքակազմով, որոնք կօգնեն կյանքի ընթացքում, ցանկացած դեր ստանձնելիս։

Խոսելով փափուկ հմտությունների մասին՝ բանախոսը սեփական օրինակով առաջնորդությունը համարեց այն կարևոր բաղադրիչը, որն անհրաժեշտ է գործատուին։ Նա առաջնորդի կարևոր հատկանիշներից մեկն էլ համարեց պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը, ապա ցավով նկատեց՝ մեր երկրում առաջնորդության ճգնաժամ է նկատվում։ Խոստովանում է՝ այսօր բուհական համակարգում է դասավանդում` ոլորտում դրական տեղաշարժի ակնկալիքով․«Երբ ձգտում ես առաջնորդության, ոչ թե դիրքի կամ պաշտոնի, այլ պատասխանատվության համար, դա քեզ փոխում է, «աճեցնում»»,- ամփոփեց բանախոսը։

Ո՞վ է ցանկանում դառնալ ղեկավար և ո՞վ առաջնորդ հարցադրմամբ կոնֆերանսը շարունակեց «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար, ԵՊՀ դասախոս Լիլիթ Գևորգյանն ու լսարանին ներկայացրեց առաջնորդության իր սահմանումը։

Բանախոսը նկատեց՝ վերջին տասնամյակում առաջնորդության 20-ից ավելի ոճ է մշակվել, իսկ առաջնորդի մասին նախկին ընկալումներն այսօր ճգնաժամ են ապրում․ խոսվում է որակապես նոր առաջնորդության մասին։ Ինքնաճանաչողություն, ինքնակարգավորում, էմպատիա, սոցիալական հարաբերություններ․ Լիլիթ Գևորգյանը խոսեց Էմոցիոնալ ինտելեկտի հմտությունների, դրա բաղադրիչների մասին և անդրադարձավ ներկայիս մարտահրավերներին։ Նա խորհուրդ տվեց երջանկություն չորոնել ղեկավար պաշտոնում, այլ նայել սեփական ներսն ու դրանով պայմանավորված կառուցել ապագան։

Միջոցառմանը հաջողության հակառակ կողմի մասին խոսեց "Big Projects" ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։ Բանախոսը կարծում է, որ հաջողությունն ինքնաիրացման և բավարարվածության զգացում է, որն ապրում է իր արժեքներին համապատասխան և վայելում իր ջանքերի պտուղները։

Նա խոսեց հաջողության մասին մոլորեցնող ընկալումներից, մասնավորապես՝ հաջողությունը միշտ ուղեկցվում է երջանկությամբ, այն գալիս է բացառապես տաղանդի շնորհիվ, հաջողությունը պետք է լինի արագ կամ հաջողակ մարդիկ չեն ձախողում։

Դիանա Հարոյանն ամփոփելով իր խոսքը նշեց՝ պատմությունը չի ավարտվել, հնարավորություններն էլ երբեք չեն ավարտվում․ քանի դեռ ողջ ենք և շնչում ենք՝ ամեն ինչ հնարավոր է՝ և հաջողուղությունը և անհաջողությունը։

«Հաջողությունը սկսվում է մտածողությունից. կոնֆերանս երիտասարդ առաջնորդների համար» հանդիպմանը ելույթ ունեցավ նաև ՀՊՄՀ Կերպարվեստի դասախոս, հագուստի դիզայներ, ոճաբան, “NIKOLYAN” բրենդի հիմնադիր Արամ Նիկոլյանը։

Նա խոսեց առաջնորդի ոճի, նորաձևության մեջ գրագետ, անհատ լինելու կարևորության մասին․«Երբ ինձ հարցնում են՝ ինչն է նորաձև, պատասխանում եմ՝ նորաձև է մարդը, որն անհատ է և կարողանում է շեշտել իր անհատականությունը։ Առաջնորդի դեպքում չափազանց կարևոր է լինել անհատականություն»։

Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Catch Up Production-ի հիմնադիր, High Up Event Agency-ի համահիմնադիր, հասարակական գործիչ Մանե Բարեղամյանն ու ներկայացրեց «Ոչ թե խնդիրներ, այլ՝ հնարավորություններ. ինչպես ձևավորել հաղթող մտածողություն» թեման։

Հանդիպումն ամփոփվեց պանելային քննարկմամբ, իսկ միջոցառման ընթացքում առաջնորդության վերաբերյալ լավագույն պատասխաններ հնչեցրած մասնակիցներին շնորհվեցին գրքեր։