ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եռագույն հրավառություն
20.09.2019
Եռագույն հրավառություն

Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցում սեպտեմբերի 20-ին տոնական տրամադրությունն էր թևածում: Դպրոցի բակը վերածվել էր գույների հրավառության: Անկախության օրվան նվիրված միջոցառումը 2-5-րդ դասարանների աշակերտներն իսկական տոնի վերածեցին՝ Հայաստանին ու հայրենիքին նվիրված մանկական երգերի գեղեցիկ փունջ մատուցելով ուսուցիչներին, ծնողներին, հյուրերին, ավագ ընկերներին: Ասմունքն ու երգը շաղախելով ազգային պարերով ՝ աշակերտները խրոխտ ու համաչափ շարժումների ու ինքնաբուխ խինդի արձագանքով լցրին դպրոցի բակն ու շրջապատը:

«Դուք երջանիկ սերունդ եք, որ ապրում եք անկախ ու ազատ հայրենիքում, վայելում եք Անկախության պտուղները, ինչը հայ մարդու դարավոր երազանքն է եղել: Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ և մաղթում սիրով ու ջերմությամբ ապրել, սովորել ու արարել հայոց ազատ ու անկախ երկրում»:

Համո Սահյանի մի հրաշալի բանաստեղծությամբ ներկաներին շնորհավորեց Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը: Դպրոցի ուսուցիչներ Տաթև Աբրահամյանի, Ազնիվ Բարեղամյանի, Գեղամա Խուդավերդյանի, Ֆրիդա Երիցյանի և մյուսների համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառումը հաճելի զգացողություններ պարգևեց ներկաներին:

Հայկական դրոշի գույներով օդապարիկներն ազդարարեցին տոնական միջոցառման ավարտը. գունեղ ցանկություններով ու երազանքներով լցված օդապարիկները աշակերտները բաց թողեցին դեպի երկինք, որպեսզի նրանք թևածեն անեզր ու անափ կապույտի մեջ:

Փոքրիկներն իրենց եռագույն ներկված ափերի դրոշմը թողեցին դպրոցի առաջին հարկի պատերին, որը դեռ երկար կհիշեցնի գեղեցիկ ու տոնական օրվա մասին: