ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երաժշտությունն ինձ հետ է մշտապես և ամենուր». ՀՊՄՀ մագիստրոս Վարդան Գալստյան
15.06.2021
«Երաժշտությունն ինձ հետ է մշտապես և ամենուր». ՀՊՄՀ մագիստրոս Վարդան Գալստյան

Երգիչ-երգահան, գործիքավորող Վարդան Գալստյանը Մանկավարժական համալսարանի Երաժշտական կրթության բաժնի մագիստրոս է, շուրջ 50 ստեղծագործությունների հեղինակ:

Ուսումը բակալավրիատում ավարտելուց հետո Վարդանը մեկնել է ծառայության. «Երաժշտությունն ինձ հետ է մշտապես և ամենուր»,-aspu.am-ի հետ զրույցում նշում է նա ու հավելում` երգը լավագույն ձևն է հույզերն արտահայտելու, հոգեվիճակը փոխանցելու համար:

Վարդանը բազմաժանր ստեղծագործող է, բայց թեմատիկան նույնն է` հայրենասիրություն. Հայաստանն ու Արցախը երգահան-կատարողի ներշնչանքի հիմնական աղբյուրն են:

Բ. Կանաչյանի և Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո Վարդանը պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ մաթեմատիկական ուղղությամբ, սակայն նորից` երաժշտությունն իր հետ էր մշտապես և ամենուր. Մանկավարժական համալսարանը դարձավ բարձրագույն երաժշտական կրթություն ստանալու բացառիկ դարբնոցը. «Այստեղ դասախոսն առաջին հերթին ուսանողի ավագ գործընկերն է, ոչ թե միայն գնահատող»,-հավելեց Վարդան Գալստյանը:

Նպատակների մասին խոսելիս` վերջինս խոստովանում է`առաջնայինը հանդիսատեսին որակյալ երաժշտություն մատուցելն է. «Ժամանակը երաժշտարվեստից կմաքրի անորակությունը, և հանդիսատեսը կգտնի ու կտարբերակի լավը վատից»,-նշում է Վարդանն ու հավելում` այս ասպարեզում հատկապես պետք է մշտապես կատարելագործվել:

Վարդան Գալստյանի ստեղծագործությունները հանդիսատեսին հասանելի են սոցիալական ցանցերով, յութուբյան սեփական ալիքում: Նրա վերջին ստեղծագործությանը կարող եք ծանոթանալ այստեղ: