ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էրազմուս+ տեղեկատվական օր՝ Մանկավարժական համալսարանում
08.11.2019
Էրազմուս+ տեղեկատվական օր՝ Մանկավարժական համալսարանում

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերի երկրորդ փուլը:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին և ընդգծեց՝ ձեռնարկի անցկացումը բուհում վկայում է այն մասին, որ մեր ամենօրյա աշխատանքում խիստ կարևորվում է բարձրագույն կրթության միջազգայնացումը:

«Միջազգայնացումը ինքնանպատակ չէ: Այն մի գործիք է, որը նպաստում է որակի զարգացմանը՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով իմաստավորել կրթությունն ու դրա որակը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,-նշեց պրոռեկտորն ու մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան խոսեց արդեն 30 տարի Եվրոպայում գործող միջազգային կրեդիտային շարժունության ու դրա կարևորության մասին և անդրադարաձավ այն խնդիրներին, որոնք առաջանում են տարբեր երկրների բուհերի միջև իրականացվող շարժունության ընթացքում:

«Կրեդիտները պետք է ստեղծեն ուսանողների ուսման իրական պատկերը, իսկ ակադեմիական պրոցեսը պետք է լինի ճկուն: Մեր երկրից ավելի շատ թվով ուսանողներ են մեկնել եվրոպական երկրներ, քան 34 երկրից՝ Հայաստան»,-նշեց Լանա Կառլովան և նկատեց՝ շարժունությունն առավել հեշտ է իրականացվում այլ երկրների հետ, քան մեր երկրի ներսում. սա երկկողմանի խնդիր է գործընկերների համար:

Խոսելով շարժունության ծրագրերի զարգացմանը, ուսանողների և դասախոսների ներգրավման համար տարվող աշխատանքների մասին՝ Լանա Կառլովան առանձնագրեց հատկապես օտար լեզուների դասաժամերին թվի ընդլայնումն ու բուհերի միջազգային հարցերով զբաղվող կառույցների համագործակցությունը:

Տեղեկատվական օրերի միջոցառումներին մասնակցում են ներկայացուցիչներ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից, ձեռնարկություններից և այլ շահառու կազմակերպություններից:

Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության ներկայացուցիչ Լորետա Պաուլաուսկայտեն հանդիպմանը խոսեց Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի կառավարման և ընտրության մասին ընդգծեց, որ աշխատում են ոչ միայն Էրազմուսի, այլև մի շարք այլ ծրագրերի շուրջ:

Նա առանձնակի կարևորեց նաև իրենց աշխատանքը դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների և կոնսորցիումների հետ և հավելեց, որ այդ գործում ամենադժվարը եվրոպական հանձնաժողովի տրամադրած բյուջեի պլանավորումն է՝ գնահատումից մինչև աջակցում՝ բոլոր գործողությունների համատեքստում:

Նա խոսեց նաև հայկական 15 և իսպանական 11 բուհերի հաջողված գործընկերությունից և ընդգծեց, որ դրա արդյունքում գրանցվել է 127 շարժունության ծրագիր: Լորետա Պաուլաուսկայտեն շնորհակալություն հայտնեց հաջողված ու արդյունավետ գործընկերության համար և խոսեց այն պատճառների մասին, որոնցով պայմանավորված երակարաձգվում են որոշակի ծրագրերի հաստատումը:

«Կրեդիտային շարժունության հիմքը միջազգային պայմանագրեն ու հուշագրերն են, որ ստորագրվում են կրթական հաստատությունների միջազգայնացման նպատակով: Այդ համատեքստում Էրազմուս+ ծրագրերը հնարավորություն են տալիս և´ ուսանողներին, և´ դասախոսներին ծանոթանալ այլ երկրների փորձին ու մեթոդաբանությանը, որոնք կարող են օգտագործել իրենց համալսարաններում»,-նշեց մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն ու անդրադարձավ բուհերի միջազգայնացմանն ու կրեդիտային շարժունությանն ուղղված ծրագրերի կարևորությանը:

Ձեռնարկը շարունակվեց պանելային քննարկումներով՝ «Ինչպես օգտագործել Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի առավելությունները» թեմայով. Հայաստանի և Իսպանիայի տարբեր կրթական հաստատությունների միջազգային ու արտաքին կապերի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին, թե իրենց համալսարաններում որքանո՞վ է կարևորվում կրեդիտային շարժունությունը, կիսվեցին իրենց փորձով:

Նշենք, որ տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվեցին Էրազմուս+ Ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման ամփոփիչ մրցույթում։

Երկօրյա ձեռնարկի ընթացքում մասնակիցները տեղեկացան Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետությանն և շարունակականության հնարավորություններին: