ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երդվեցին առաջին կուրսեցիները
09.10.2019
Երդվեցին առաջին կուրսեցիները

Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մասնակցեցին երդման ավանդական դարձած միջոցառմանը:

Տոնական գունեղ փուչիկներով, կարգախոսներով և բարձր տրամադրությամբ էր լցվել մեծ լուսավորչի խորհուրդներն իր մեջ ամփոփող տան բակը, իսկ ուսանողներին շնորհավորելու էին եկել բուհի ղեկավարությունը, դասախոսներ և հյուրեր:

Առաջին կուրսեցիներին համալսարան ընդունվելու առթիվ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տերունական աղոթքով սկսեց իր օրհնության խոսքը: Ապա հավելեց. «Արդեն քանի տարի ինձ բախտ է վիճակվում շնորհավորել ձեզ ավանդական դարձած այս տոնի առթիվ, ամեն տարի որպես եկեղացականի և որպես համալսարանականի ինձ ապշեցնում է Մանկավարժական համալսարանի կազմակերպվածությունը և այս հրաշալի առաջին կուրսեցիների ոգևորված հայացքները. այսպիսի ոգևորվածությունը փոխանցվում է նաև մեզ: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, դուք ընդունվել եք լավագույն բուհերից մեկը, եթե ոչ ամենից լավագույնը, և վստահ եմ, որ ապագայում դուք դառնալու եք հրաշալի մանկավարժներ, երբ ավարտեք բուհը և լծվեք մանկավարժի վեհ գործին»:

Նա փոխանցեց նաև Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը:

Վահափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարին հռչակեց ավանդական ընտանիքի տարի. Դա շատ խորհրդանշական է, եթե հաշվի առնենք ստամբուլյան կոնվեցիայի դրույթները: Իբրև երիտասարդներ, ապագա ծնողներ և մանկավարժներ՝ դուք ճիշտ կողմնորոշում պիտի ունենաք ընտանիքի կազմավորման հարցում և ձեր ավանդապահ և հարուստ գիտելիքները փոխանցեք ձեր զավակներին և սաներին: Ձեզանից է կախված, թե ինչպիսին եք ուզում տեսնել ձեր ապագա ընտանիքները՝ հայկական, ավանդական և ամուր: Եթե ընտանիքն ամուր է՝ ամուր է նաև բանակը, եթե բանակն ամուր է՝ ամուր է նաև սահմանը, և մեր զավակները խաղաղ երկնքի տակ կապրեն:

«Բարի երթ դեպի գիտելիքը, դեպի գիտությունը և դեպի կյանք»,-ամփոփեց Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Առաջին կուրսեցիներին բարեմաղթանքի խոսք հղեց Լեզվի պետական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Դիմելով առաջին կուրսեցիներին՝ նա ասաց. «Ավ. Իսահակյանը մի առիթով ասել է, որ հայոց ոգին իր ամենավառ արտահայտությունն ունեցել է չորս գրքերում, որոնք են՝ Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», Եղիշեի «Վասն Վարդանա և հայոց պատերազմին», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը և Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն:

«Մենք հիմա գտնվում ենք «Վերք»-ի հեղինակի տանը, նրա տիրույթում, և դուք ընդունվել եք Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, ընդունվել եք՝ ավարտելով անկախության շրջանում ձևավորված ազգային դպրոցը …»

«Կարդացեք այդ գրքերը և առեք ձեր մեջ հայրենասիրական ոգի, նվիրում, կարողացեք Նարեկացու նման նայել ձեր ներսը: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ձեզ լավ կրթություն կտա, կսովորեցնի ինչպես սովորել, բայց դուք պիտի դա անեք՝ ձեր ներսը նայելով, ինքնակատարելագործվելով և Աբովյանի նման մշտապես նորը փնտրելով, հետո մտնեք դպոց և ավանդեք»,- ասաց Դ. Գյուրջինյանը:
Ինչ էլ ավանդեք՝ մաթեմատիկա, պատմություն…, աշխատեք, որ ձեր շուրթերից հնչող հայերենը օրինակելի լինի, և այս տարիները իզուր չանցկացնեք,- ամփոփեց Դավիթ Գյուրջինյանը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը շնորհավորեց առաջին կուրսեցիներին՝ հորդորելով սրբորեն պահել հայ մշակույթը, որովհետև մշակույթն է պահում ժողովրդին, բանակն ու սահմանը:

ՙՓառք մեր բանակին, որն ամուր է պահում մեր սահմանները, բայց մեր հայրենիքը ունի նաև հոգևոր սահմաններ, որոնք կարծես թե անպաշտպան են մնացել արևմտյան արժեքների ու համացանցի առաջ: Պետք է երեխաների հոգևոր աշխարհը լցնել մեր հոգևոր մշակույթով: Առանց հոգևոր սահմանի չի կարող լինհել ֆիզիկական սահման: Սերունդներին դաստիարակեք հոգևոր մշակույթով՚,-իր խոսքն ավարտեց Համլետ Միքայելյանը:
Առաջին կուրսեցիներին հաջողություններ և կանաչ ճանապարհ մաղթեց ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Գևորգյանը. «Եղեք ավելի ուշադիր և զգոն ձեր ապագայի հանդեպ, որ կարողանաք սովորեցնել մյուսներին»:

Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն ուսանողներին դիմելով՝ ասաց. «Մենք ձեր դասախոսները, ուսուցիչներ ենք, որ դասավանդում ենք ապագա ուսուցիչներին»:

Ռեկտորը ապագա ուսուցիչներին հորդորեց՝ հավատարիմ մնալ չորս պատգամի. «Մայրենի լեզուն սովորեք և պահպանեք, ինչ առարկա էլ դասավանդելու լինեք, ուսումնասիրեք և պահպանեք հայ ժողովրդի պատմությունը, հպարտացեք նրանով, հավատարիմ եղեք քրիստոնեական ավանդույթներին, հայ եկեղեցին մեզ պահող կարևորագույն հաստատությունն է, պատմության բոլոր դեգերումների ընթացքում մեզ ուժ է տվել հայկական ընտանիքը, սիրեք և հարգեք ձեր ընտանիքները և ծնողներին, որ ձեր զավակներն էլ ձեզ սիրեն»:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Բադալյանն ընթերցեց առաջին կուրսեցիների երդման խոսքը. «Երդվում ենք դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինենք դարերի կանչին»՝ արձագանքեցին ուսանողները:

Օրն ամփոփվեց տոնական համերգային ծրագրով: