ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երեխան մարդ է և ընկեր».հայտնի են քարոզ-մրցույթի հաղթողները
01.06.2017
«Երեխան մարդ է և ընկեր».հայտնի են քարոզ-մրցույթի հաղթողները

«Այսօրը յուրահատուկ է, ինչպես գործող, այնպես էլ ապագա մանկավարժների համար:Մենք մեկ անգամ ևս հիշում և ամփոփում ենք՝ ինչ ենք հասցրել անել երեխաների համար ողջ տարվա ընթացքում: Ամբիոնի համար հունիսի 1-ը կրկնակի տոն է և հաշվետու օր, որովհետև «Երեխան մարդ է և ընկեր» թեմայով քարոզ-մրցույթն արդեն ավանդույթ է դարձել մեզանում»,- Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ձեռնարկի ընթացքում նշեց Մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը:

Նախորդ տարի առաջին անգամ կազմակերպված մրցույթը նվիրված էր երիտասարդ ուսուցիչներին, այս անգամ քարոզների հասցեատերը հասարակությունն էր:

Պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը հորդորեց մասնակիցներին «Երեխան մարդ է և ընկեր» եզրույթում շեշտադրել հետևյալը՝ երեխան մեծահասակի կցորդը չէ, այլ ինքնուրույն մարդ, որի ձևավորման գործընթացում մեծահասակը սոսկ համահեղինակ է.«Երեխան ինքն է իրեն ձևավորում.մենք նրան օգնում ենք այդ հարցում»:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ղեկավարության անունից շնորհավորեց տոնի առթիվ՝ մեկ անգամ ևս ներկայացնելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա վերաբերյալ մանրամասներ.«Եթե մարդաբանական տեսության մեջ ընդունված է, որ մարդը բնության պսակն է, ապա վերաձևակերպելով կստացվի, որ երեխան տիեզերքի մեծագույն արժեքն է: ՀՊՄՀ-ն կարևորելով օրվա խորհուրդն ամեն տարի կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, որոնք ունեն ուսուցողական, հոգեբանա-մանկավարժական, սոցիալական և մարդաբանական ամենավեհ գաղափարներին միտված ուղղորդումներ»:

Վերջինս վստահություն հայտնեց, որ ուսանողների հնչեցրած ելույթներում կընդգծվեն արժեբանական նկրտումների առաջնահերթությունները:

«Երեխան մարդ է և ընկեր» քարոզ-մրցույթի երաժշտական մեկնարկը հետաքրքիր ֆլեշ-մոբով ազդարարեցին №124 դպրոցի սաները, որին հաջորդեց Սկզբնական կրթության, Հատուկ կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների բակալավրիատի տարբեր կուրսերի ուսանողների զեկույցների ներկայացումը:

Նրանց՝ մանուկներին է նմանվելու երկնքի արքայությունը, երեխան մարդկային մարդ է, մեծարժեքություն՝ հետաքրքիր ու մշտական հարցերով լի կյանք, որին պետք են պատասխաններ, երեխան մարդ է՝ իր սկզունքներով, հետաքրքրություններով, պահանջներով, և ընկեր՝ ազնիվ ու անշահախնդիր. Աստվածաշնչից մինչև սեփական դիտարկումներ՝ երեխաների հետ շփվելու, նրանց դաստիարակելու, ճանաչելու վերաբերյալ ելույթներ:

Վարչական և պրոֆեսորդասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը ընտրեց մրցույթի հաղթողներին. 3-րդ տեղը գրավեց Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 1-րդ կուրսի ուսանող Արեգ Ավետիսյանը, 2-րդը՝ նույն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արմինե Խրոյանը, իսկ մրցույթի հաղթող ճանաչվեց 3-րդ կուրսի ուսանող Աննա Ավագյանը:

«Երեխան մարդ է և ընկեր» թեմայով քարոզ-մրցույթում ներկայացված էր նաև «Ունկնդիրների համակրանք» և «Ամենահուզիչ քարոզ» անվանակարգերը. մանկավարժություն և մեթոդիկա 1-ին կուրսի ուսանող Աղավնի Հարությունյանը հաղթեց առաջին անվանակարգում, իսկ երկրորդում հաղթողը՝ սոցիալական մանկավարժության 3-րդ կուրսի ուսանող Լուսինե Կիրակոսյանն էր: