ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Էրգիր․․․»․ցուցադրություն Մանկավարժականում
25.04.2025
«Էրգիր․․․»․ցուցադրություն Մանկավարժականում

«Էրգիր» խորագիրն է կրում Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը, որի բացումն այսօր կայացավ Մանկավարժական համալսարանում։

Անիից մինչև Կիլիկիա․Արևմտյան Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, ծաղիկներով լեցուն դաշտերը, ջրվեժները, գետերն ու հինավուրց կամուրջները պատկերող ստեղծագործություններին զուգահեռ, ներկայացված են ժամանակի օտարերկրյա հասարակական, քաղաքական, մշակութային նշանավոր գործիչների՝ հայերի ցեղասպանության վերաբերյալ արձագանքերն ու գնահատականները։

Գեղանկարիչն Արևմտյան Հայաստանում եղել է երկու անգամ․ 2007 թվականից սկսել է աշխատել, ստեղծել իմպրեսիոնիստական ոճի 82 էտյուդ, որոնցից ցուցադրությանը ներկայացված էր 32-ը։ Ինչպես նկատում է պրոֆեսոր Ներսիսյանը՝ կտավներն, ի տարբերություն իր հեղինակած մյուս գործերի, այլ գունային համակագում են․ դրանք կրում են ոճրագործության ենթարկված վայրերի ազդեցությունը, խավարն ու տխրությունը։

Պրոֆեսորը ցուցահանդեսում գեղարվեստն այնքան չի կարևորում, որքան պատմական փաստը։ Ասում է՝ մշակույթը բարձր ձայն ունի․ դրա միջոցով պետք է կարողանալ խոսել 20-րդ դարի հանցագործության մասին։

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ողջունելով ձեռնարկը, խոսեց հայերի ցեղասպանության և դրա շուրջ մշտապես խոսելու կարևորության մասին՝ որպես ոճրագործության, դարի հանցագործության։ Նա նաև անդրադարձավ դրա իրավական ու պատմական կողմերին։

Սրբուհի Գևորգյանն այդ համատեքստում ընդգծեց Մանկավարժական համալսարանի առաքելությունն ու սերունդներին պատմությունը ճիշտ ներկայացնելու կարևությունն ու անհրաժեշտությունը․ «Արվեստը՝ որպես իմացական պահանջմունքն արտացոլող յուրահատուկ բնագավառ, ունի շքեղ լեզու, որով նա կարողանում է արտահայտել ստեղծագործողի վերաբերմունքը և այն կիսելու սերունդների հետ, սերմանել նրանց մեջ պատմական հիշողության, հայի ինքնության վերաբերյալ բովանդակային մեկնաբանություններ և դրանք իրավունքի տեսանկյունից աշխարհին հիմնավորելու կարողություն»։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Լեմս Ներսիսյանին կատարած ծավալուն աշխատանքի և կազմակերպված ցուցահանդեսի համար, ընդգծելով՝ այն դիտարկում է ոչ միայն որպես ստեղծագործողի կարողության, վերաբերմունքն արտահայտելու հնարավորություն, այլ երիտասարդներին պատմական կարևորագույն դրվագները ներկայացնելու, ինքնության գործընթացը ճանաչելու և կրելու միջոց։

ՀՊՄՀ Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը ևս կարևորեց ձեռնարկն ու հույս հայտնեց, որ կտավներից բացի, ներկայացված մեկնաբանությունները ևս իրենց արձագանքը կգտնեն ներկաների հոգիներում․ յուրաքանչյուր հայի համար կաևոր է պահել հիշատակն ու չմոռանալ նախորդ դարասկզբի ոճրագործությունը։

«Գեղարվեստական գործերը ստեղծված են ոչ միայն ցավն արտահայտելու, այլև վրեժ, պայքար սերմանելու, դեպի վերածնունդ ուղղորդելու համար։ Մշակույթը պետք է շանթեր բեկանի՝ մեր ցավերը բուժելու, կորցրածը հետ բերելու և արդար դատի լուծում գտնելու»,-ցուցադրությանը նշեց ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Նա խորհրդանշական համարեց, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նշվում է նաև մշակութային միջոցառումներով․ թշնամին մեզ փորձում է վերացնել ոչ միայն ֆիզիկապես, այլև ոչնչացնել մեր ինքնությունը, որի ամենակարևոր բաղադրիչը մշակույթն է։

Պրոֆեսորը նկատում է՝ պատմաբանները հսկայական աշխատանք եմ կատարել․ Հայոց ցեղասպանությունն ապացուցված փաստ է և հետագա աշխատանքները ոչ թե ապացուցվածն ապացուցելու, այլ քաղաքական և դիվանագիտական կապիտալն ուժեղացնելու, առավել ծանրակշիռ փաստարկներով դատի արդար լուծման համար պայքարելու համար է․«Հիշել, պայքարել և հավատալ մեր պայքարին»,- սա է, ըստ նրա, լեռներում հարսանիք ունենալու և այդ պտուղները հավիտյանս վայելելու հայի բանաձևը։