ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Էրգոթերապիան առաջին հերթին մարդասիրական մասնագիտություն է»
01.11.2018
«Էրգոթերապիան առաջին հերթին մարդասիրական մասնագիտություն է»

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Էրգոթերապիայի ստեղծարարական մոտեցումները կրթական և վերականգնողական ոլորտներում» խորագրով 4-րդ համակովկասյան միջազգային գիտաժողովը:

Երկօրյա կոնֆերանսին, որին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Նիդերլանդներից, ԱՄՆ-ից և Վրաստանից, կներկայացվի էրգորթերապիան Կովկասում, մասնագիտության նվաճումներն ու մարտահրավերները:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի ղեկավարության անունից, ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց կոնֆերանսի մասնակիցներին և ներկայացրեց 2003 թվականից Տեմպուսի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում էրգոթերապիայի մասնագիտության անցած ճանապարհը, որի նպատակն էր խթանել երկու երկրներում հաշմանդամութուն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը կյանքում: Պրոռեկտորը լիահույս է, որ գիտաժողովը կնպաստի գործնական և տեսական ոլորտում աշխատող մասնագետների, գիտնականների և ուսանողների միջև ստեղծել փորձի փոխանակման, քննարկումների և մասնագիտական հաղորդակցման հարթակ:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանի կարծիքով, էրգոթերապիան առաջին հերթին մարդասիրական մասնագիտություն է, որի հենքը մարդու կյանքի որակի բարելավումն է՝ սոցիալական, առողջական և մի շարք այլ խնդիրների լուծման ճանապարհով:

«Մասնագիտությունն իր կայուն ու կարևոր տեղն ունի հատուկ կրթության և հոգեբանության ոլորտներում. այն կայացել է և դրա վկայությունը մի շարք կառույցների կողմից էրգոթերապիստների պահանջարկն է»,-նշեց Սիրանուշ Կարապետյանն ու վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանի առաջնահերթություններից է միջազգային չափանիշներին համապատասխանեցնել նաև հատուկ կրթության ոլորտի տարրբեր ուղղությունները:

ԱրԲեՍ առողջության կենտրոնի տնօրեն Մանուշակ Երիցյանն ափսոսանք հայտնեց բակալավրական կրթությամբ էրգոթերապիա մասնագիտությունը ընդհատելու վերաբերյալ, բայցև նկատեց՝ մասնագիտության առաջին շրջանավարտներնակտիվ գործունեություն են ծավալում: Կոնֆերանսների և նման ձեռնարկների կազմակերպումը կնպաստի Հայաստանում ևս մասնագիտության կարևորությունը ընգծելու համար, քանի որ էրգոթերապիան անհրաժեշտ մասնագիտություն է վերականգնողական թիմի մեջ:

Հայաստանում Էրազմուս + ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց մասնագիտության կրթական ծրագրի մուտքը մեր երկիր և ներկայացրեց այդ գործում իրենց ներդրումն ունեցող մարդկանց: Խոսելով դժվարությունների մասին՝ նա առաջին հերթին առանձնացրեց օտար լեզվին տիրապետելը, քանի որ ծրագիրն իրականացվում էր եվրոպական չափանիշներին համապատասխան: Անդրադառնալով մասնագիտությունը բակալավրի կրթական համակարգում վերականգնելուն՝ Լանա Կառլովան վստահեցրեց, որ ամենից կարևորը մասնագիտության կարևորությունը, անհրաժեշտությունն ու լրջությունը հասկանալն է:

«Մասնագիտությամբ ընդունված 12 ուսանողներից միայն 5-ը կարողացան հաղթահարել դժվարություններն ու ավարտել բուհը՝ որպես էրգոթերապիա մասնագիտությամբ առաջին շրջանավարտներ. 1-ին քայլերը դժվար էին, բայցև կարևոր, քանի որ մասնագիտությունն այսօր էլ մեծ պահանջարկ ունի տարիքային բոլոր խմբերի համար»,-նշեց Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Սպարտակ Փալիկյանը, ով այդ տարիներին որպես ֆակուլտետի դեկան մասնակցել, աջակցել է բուհում մասնագիտության ներդրմանը:

Դիմելով կոնֆերանսի մասնակիցներին, հատուկ մանկավարժներին և հատկապես էրգոթերապիստներին՝ Սպարտակ Փալիկյանը հորդորեց փոխադարձ օգնությամբ պայքարել մասնագիտության վերականգնման համար:

OT Tuning ծրագրի ղեկավար, Հոլանդիայի էրգոթերապիստների ասոցիացիայի պատվավոր անդամ Հաննեկե վան Բրյուգենը դեռ 14 տարի առաջ մասնակցել և իրականացրել է Հայաստանում մասնագիտության կրթական ծրագրի ներդրման գործին: Ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց այդ գործում իրեն աջակցողներին և հավելեց՝ շատ կարևոր է, որ էրգոթերապիայի պես «փոքր» մասնագիտության կրողները մշտապես համագործակցեն:

Կոնֆերանսը շարունակվեց զեկույցներով, որոնցում անդրադարձ եղավ էրգոթերապևտիկ միջամտության ուղիներին, զարգացման ռազմավարությանն ու հնարավորություններին, ներառական դպրոցներում միջամտության մոդելին և այլն: