ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկամսյա դասախոսություններ՝  Իտալիայի Մաչերատայի համալսարանում
29.11.2022
Երկամսյա դասախոսություններ՝  Իտալիայի Մաչերատայի համալսարանում

ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման համահամալսարանական ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն աշխատանքային այցով  Իտալիայի Մաչերատայի համալսարանում էր։

Վերջինս 2022-23 ուսումնական տարվա հրավիրյալ դասախոս անհատական շարժունության երկամսյա ծրագրի շրջանակում Տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետի մագիստրոսների համար հանդես է եկել դասախոսություներով։

«Ռազմավարական կառավարում» դասընթացի շրջանակներում ուսանողները տեսական գիտելիքներից բացի, իրավիճակային վերլուծության կիրառման շնորհիվ հնարավորություն են ունեցել զարգացնել  նաև գործնական հմտությունները։

Դոցենտ Գևորգյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ ուսանողների հետ վերլուծել են հաջողության հասած ընկերությունների ռազմավարությունները, որոնց վերաբերյալ ուսանողները ներկայացրել են իրենց նկատառումները։

Ի դեպ, նախքան ծրագրի մեկնարկը, Մաչերատայի համալսարանի Տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետի դեկան Ելենա Չեդրոլայի հետ քննարկվել են դասընթացի կառուցման ու դասավանդման տեսական, մեթոդական կողմերը, որից հետո այն հաստատվել է ֆակուլտետի նիստում։

Ելենա Չեդրոլայի հետ համատեղ մագիստրոսների և հետազոտող-ուսանողների համար իրականացվել են լրացուցիչ հանդիպումներ՝ միտված բիզնեսի և շուկայավարման մոդելների ուսումնասիրությանը,  փոքր և միջին ձեռնարկությունների միջազգայնացման գործընթացին։

Աշխատանքային այցի ընթացքում դասախոսություններից բացի, ամբիոնի հետազոտական ծրագրում ընդգրկված Մարտա Ջիովանետիի և Ջուլիա Ամադիոյի  հետ իրականացվել են մի շարք խորհրդատվական հանդիպումներ՝  մարքեթինգի կառավարում, կրթությունը և ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացման գործընթացը տնտեսագիտության ոլորտում թեմաների շուրջ․ «Այցը բազմաբովանդակ  էր,  լի՝ հետաքրքիր հանդիպումներով  ու  արդյունավետ քննարկումներով։ Մաչերատա համալսարանի ռեկտոր Ջոն Ֆրանսիս Մքորթի  հետ  քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։  Հետազոտական աշխատանքների տեսանկյունից առավել արդյունավետ էր պրոռեկտոր Սոչի Կլաուդիոյի  և  Ֆրանչեսկա Սեվերինի հետ  հանդիպումները»,- նշեց Ռիտա Գևորգյանը։

Նա կարևորց նաև առցանց հարթակում քննությունների կազմակերպման ընթացքում ուսանողների զգացական կողմի, միջազգայնացման համատեքստում համագործակցության հիմնահարցերի, Մաչերատայի համալսարանի գործունեության ռազմավարական 5 հիմնական ուղղությունների, հետդոկտորական կրթաթոշակներին դիմող հետազոտողների, կարիերայի զարգացմանը նպաստող, շարժունության և վերապատրաստման ծրագրերին դիմելու հնարավորությունների մասին քննարկումները:

Ռիտա Գևորգյանն ընդգծեց նաև որակի ապահովման քաղաքականության, Մաչերատայի համալսարանի կրթական ծրագրերի մոնիտորինգի,  վերանայման, ուսումնական դասընթացների արդիականացման, ինքնագնահատման մակարդակում հավասարապես կազմված ուսանող-դասախոս հանձնաժողովի աշխատանքների շուրջ քննարկումների կարևորությունը․«Ծրագրի շրջանակում հնարավորություն եմ ունեցել մասնակցել Մաչերատայի համալսարան-գործատու համագործակցության շրջանակում բանկային համակարգի  և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների  նորարարական գաղափարներով լի դասախոսություններին՝ միտված տնտեսագիտության բնագավառում մետավերսի կիրառմանը»: