ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երկիր մոլորակի վրա կյանքը վտանգված է»
29.11.2018
«Երկիր մոլորակի վրա կյանքը վտանգված է»

«Մարդը, որպես բնության պսակ, կարողանում է հզոր փոփոխություններ կատարել բնական գործընթացներում, իսկ մյուս կողմից՝ առերեսվել դրա հետևանքով առաջացած կենսաբազամազնության խնդիրներին: Եթե խախտվում է բնության որևէ օղակ, փոփոխություն լինում է նաև անձի մեջ. յուրաքանչյուրս էլ փոքր մասնիկն ենք բնության և ենթարկվում ենք նրա բոլոր փոփոխություններին»,-նշեց ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության և ագրոկենսաբազմազանության հզորությունների գնահատումն և կենսանվտանգության ապահովման գիտակրթական հիմունքների ներդրումը» խորագրով կոնֆերանսի բացմանը:

Պրոռեկտորը բուհի ղեկավարության անունից ողջունեց հանրապետական երկօրյա կոնֆերանսի անցկացումը և հույս հայտնեց, որ զեկույցները կլինեն կենսակարևոր և առաջ կքաշեն նոր դիտարկումներ, մոտեցումներ: Վերջինս կարևորեց ձեռնարկին ուսանողների մասնակցությունը՝ վստահեցնելով, որ դրված հարցերի վերաբերյալ երիտասարդները կներկայացնեն նոր հետազոտություններ, մոտեցումներ ու գաղափարներ: Պրոռեկտորը վստահ է՝ ուսանողները բուհի գիտական տարբեր դպրոցների ապագա զարգացնողներն են:

ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպված կենսաբազմազանության (ագրոկենսաբազմազանություն) և կենսանվտանգության ուղղություններով ընթացող գիտաժողովին մասնակցում էին տարբեր բուհերի դասախոսներ, ուսանողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզան Սադոյանն արդյունավետ աշխատանք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին և ներկայիս փոփոխությունների համատեքստում ընդգծեց թեմայի կարևորությունը:

«Երկրի կլիմայի փոփոխությունների ներքո կենսաբազմազանությունը վտանգված է: Յուրաքանչյուրիս պարտքն է մեր տեղում և մեր չափով աջակցել,նպաստել կենսաբազմազանության պահպանմանը: Կենսաբազմազանության վտանգված լինելու հետ մեկտեղ վտանգված է նաև կյանքը Երկիր մոլորակի վրա, ինչպես նաև հաջորդ սերունդների ապագան»,-նշեց ֆակուլտետի դեկանն ու հույս հայտնեց, որ գիտաժողովը կդառնա հիմնախնդրի վերհանման և երկխոսության արդյունավետ հարթակ, հնարավորություն կտա իրականացնել մտքերի փոխանակություններ, հարցուպատասխաններ և քննարկումներ:

Իրենց զեկույցներում մասնակիցներն անդրադարձան Հայկական լեռնաշխարհի, վայրի օգտակար բույսերի կենսաբազմազանության և կենսանվտանգության խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, մեր երկրի կենսաբազմազանության էկոհամակարգային բնութագրին, դրանց նշանակությանը և այլն:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը: