ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկօրյա այցով՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում
22.05.2023
Երկօրյա այցով՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում

Մայիսի 18-ից երկօրյա ացյով Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում էին Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ։

Այցի հիմնական նպատակն էր մասնագիտական փորձի փոխանակումը, մասնագետներ պատրաստելու, կրթական համակարգում հոգեբանական աջակցության և համագործակցության միասնական ռազմավարության մշակման գործում նրանց ձեռքբերումներին ծանոթանալը և այլն։

ՀՊՄՀ պատվիրակներն այցելեցին բուհի գիտական կենտրոններ, հանդիպեցին դրանց ղեկավարների հետ, քննարկեցին համագործակցության զարգացման ծրագրեր։

Այցի երկրորդ օրը կայացավ «Հոգեբանական օգնությունը կրթության մեջ․ կրթական համակարգի հոգեբանական լավագույն պրակտիկաները» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված երկու բուհերի միջև համագործակցության հեռանկարներին։

Ողջույնի խոսքում ՌԴ լուսավորության նախարարության մանկավարժների վերապատրաստման, մասնագիտական զարգացման և սոցիալական ապահովության դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Բլագինինը նշեց, որ ներկայումս առանձնահատուկ կարևորություն է ստանում կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը, միջազգային ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումը։

Կրթության ոլորտի ռուս պաշտոնյան ընդգծեց նաև, որ երկու երկրները կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու լուրջ ներուժ ունեն, և այս փուլում անհրաժեշտ համարեց մշակել ընդհանուր ռազմավարություն Ռուսաստանի և Հայաստանի բուհերի համար՝ կրթական համակարգի կադրերի պատրաստման, գիտական համագործակցության, բուհերի միջև համագործակցության իրականացման ոլորտում։

Կլոր սեղանի ընթացքում նախանշվեցին, վեր հանվեցին բուհերի փոխգործակցության և համագործակցության հիմնական կետերը։ Մասնագետների աշխատանքի արդյունքում կնքվեց Համագործակցության մտադրության համաձայնագիր։

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հաստատել գործընկերային հարաբերություններ և զարգացնել երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն կրթության համակարգի և ուղեկցող կրթական հաստատությունների կադրերի պատրաստման գործում, իրականացնել հետազոտական, գիտա-վերլուծական և խորհրդատվական աշխատանքներ՝ ապահովելու Հայաստանի և ՌԴ-ի հանրակրթության ոլորտում լավագույն մանկավարժական և խորհրդատվական մանկավարժության տարածումը։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նշեց՝ սա Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի հետ համագործակցելու դրական առաջին փորձը չէ. «Այստեղ աշխատում են հրաշալի մասնագետներ և իրենց գործի պրոֆեսիոնալներ․ մենք դրանում բազմիցս համոզվել ենք։ Համալսարանի մասնագիտական ներուժը երկար տարիներ մնում է բարձր մակարդակի վրա։ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի փորձը, որտեղ մեկտեղված է կրթական համակարգի ժամանակակից հարցերի լուծման լավագույն փորձը, անհրաժեշտ է մեր համալսարանի մասնագիտական միջավայրի ներկայացուցիչներին․ նրանք մասնագիտական ամբիոններում կգործարկեն որոշակի մեթոդներ և ծրագրեր՝ ժամանակակից խնդիրների լուծման համար»։

ՀՊՄՀ պատվիրակները երկօրյա այցի ընթացքում եղան բուհի առանցքային գիտական կենտրոններում, դրանց ղեկավարների հետ քննարկեցին գործընկերության մի շարք ծրագրեր և նախագծեր։