ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկու մասնագիտություն միաժամանակ
23.02.2018
Երկու մասնագիտություն միաժամանակ

Մանկավարժական համալսարանում զուգահեռ կրթություն հնարավոր է ստանալ միաժամանակ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրերով, տարբեր մասնագիտություններով սովորող, ինչպես նաև այլ հավատարմագրված բուհերի ուսանողները: 

Զուգահեռ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին մշակված ընթացակարգն այսուհետ հնարավորություն կստեղծի, որ առկա ուսուցման համակարգի սովորողները կրթություն ստանան նաև Համալսարանի հեռակա ուսուցման, իսկ հեռակայինը՝ առկա ուսուցման համակարգում։

aspu.am-ի հետ զրույցում ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը նշեց, որ նախկինում էլ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու մասին օրենքով կրթության առկա և այլ ձևերի զուգակցումը չէր արգելվում, սակայն այս ընթացակարգով սահմանվում է դրա ընդհանուր պայմանները.«Այն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով և կազմակերպվում կրեդիտային համակարգով, իսկ առարկայական տարբերություններն ու առարկաների առանձին բաժինները համարվում են ակադեմիական պարտքեր»,-նշեց պրոռեկտորը:

Վերջինս հավելեց, որ զուգահեռ ուսուցմամբ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար դիմած անձը համապատասխան կրեդիտների առկայության դեպքում ազատվում է իր նախորդ կրթական ծրագրի շրջանակներում ուսումնասիրած և տվյալ կրթական ծրագրում առկա առարկաներից, ինչպես նաև պարտավորվում է վճարել միայն այն առարկաների ուսումնական պարապմունքների համար, որոնց հաճախելու է՝ համաձայն ՀՊՄՀ-ում տվյալ մասնագիտության համար գործող մեկ կրեդիտի: