ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եռօրյա աշխատաժողով` Էրազմուս + ARMDOCT-ի շրջանակներում
05.03.2021
Եռօրյա աշխատաժողով` Էրազմուս + ARMDOCT-ի շրջանակներում

Էրազմուս+ ARMDOCT ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով` «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով:

ՀՊՄՀ-ն ծրագրի համագործակից համալսարանն է և համակարգում է աշխատանքային երկրորդ փաթեթի աշխատանքային խմբերից մեկը։ Աշխատանքային երկրորդ փաթեթով նախատեսված է մշակել դոկտորական կրթության ազգային քաղաքականություն և իրավական կարգավորող փաստաթղթեր` նպաստելով Հայաստանի ինտերգրմանը Եվրոպական բարձրագույն կրթական և հետազոտական տարածքին:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` վերջինս ներկայացրեց նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումների վերաբերյալ։ Նա նշեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում երրորդ մակարդակի (PhD) կրթությունը համընդհանուր խնդիր է։

Այնուհետ ծրագրի ԵՄ գործընկերները Լիտվայից, Իտալիայից, Պորտուգալիայից և Ֆրանսիայից ներկայացրին դոկտորական կրթության միջազգայնացումը։

Ծրագրի ՀՀ գործընկերները 8 բարձրագույն ուսումնական հաստատություններից և 2 գիտահետազոտական ինստիտուտներից ներկայացրին ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում ձևավորվել է դոկտորական կրթության բարեփոխման հայեցակարգի նախնական տարբերակը։

Աշխատաժողվի երկրորդ օրը երկրորդ հետազոտական խմբի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների ամփոփ զեկույցը Դոկտորական ծրագրերի կազմակերպում ուղղությամբ։

Աշխատաժողովի մասնակիցները խմբային աշխատանքներով քննարկեցին մշակված հայեցակարգի խնդրահարույց կետերը՝ բաժանվելով 3 խմբի։

Նշենք, որ աշխատաժողովը կամփոփվի մարտի 6-ին արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքով, որի ընթացքում կքննարկվի բուհ-արդյունաբերություն կապի ստեղծման ու խթանման ճանապարհները։