Այսօր Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմն ու ուսանողները բազմամարդ երթով մասնակցեցին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ քաղաքներում հայ ազգաբնակչության դեմ ադրբեջանական իշխանությունների ոճրագործությունների զոհերի ոգեկոչման արարողությանը։
Աբովյանականները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող խաչքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք, այլ բուհերի ներկայացուցիչներ ևս։
1988-1990թթ. ադրբեջանական իշխանություններն իրականացրին հայերի զանգվածային ջարդ, ինչի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի հայկական համայնքը։
Երթի մասնակից, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Պողոսյանն ընդգծում է՝ ադրբեջանական իշխանությունների գործողությունը, Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը, չստացան համարժեք պատասխան, ինչն էլ ոգևորեց ադրբեջանցիներին՝ կազմակերպելու էթնիկ զտում, հայկական այլ տարածքների բնակչության բռնություն, ջարդ և վտարում։
Պատմաբանը նկատում է՝ Ադրբեջան արհեստածին պետությունը ցեղասպանության միջոցով վերջին հարյուր տարվա ընթացքում ոչնչացրել է հայ բնակչությանն ու տիրացել Հայաստանի պատմական տարածքին, որը 20-րդ դարի սկզբում բնակեցված էր հայերով։
Պրոֆեսոր Պողոսյանը ցավով է նկատում՝ Ադրբեջանի կազմակերպած և իրականացրած ջարդերը համարժեք քաղաքական և իրավական գնահատական չստացան, ինչի արդյունքում վերջին 30 տարիների ընթացքում պետական մակարդակով իրականացվում է ցեղասպանական բացահայտ քարոզություն․ «Անպատժելիությունն է, որ ծնում է նման հանցագործություններ։
Ադրբեջանն Արցախում ռազմական հաջողություններ ունենալով և գրավելով տարածքի 75 տոկոսը, վտարեց հայ բնակչությանը, իսկ նրանք, ովքեր մնացին՝ սպանվեցին։ Ցավոք, աշխարհն ընտրովի է արձագանքում հանցագործություններին»։
Սամվել Պողոսյանը կարծում է, որ պետք է դասեր քաղել անցյալից․ հիշել և հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ժամանակին արձագանքել և պատրաստ լինել ինքնուրույն դիմակայել նման արհավիրքներին և ողբերգություններին։
Պրոֆեսորը մատնանշեlով ուսանողական բազմամարդ երթն ընդգծում է՝ այսօրվա ուսանողներն ունեն այդ գիտակցությունը․ այն ամեն օր ամրապնդվում է Ադրբեջանի կատարած ցեղասպանական և ռասիստական գործողությունների արդյունքում։
ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն aspu.am-ի հետ զրույցում հավելեց՝ բուհի շուրջ 350 ուսանող մասնակցում է ոգեկոչման արարողությանն ու դատապարտում Բաքվի և Սումգայիթի ջարդերը։
Ուսանողական կառույցի ղեկավարը կարծում է, որ հայ երիտասարդները պետք է համախմբված լինեն և հավաքվեն ազգային գաղափարի շուրջ։
Վերջինս նաև անթույլատրելի է համարում ադրբեջանական իշխանության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը, ստեղծված հումանիտար աղետը, որի նպատակը նույնն է, ինչ նախկինում՝ հայ էթնոսի վերացում։