ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ես չունեմ սիրելի գրող. ես շատ եմ կարդում և ինձ ամեն ինչ դուր է գալիս». Շերոն Դրեյփեր
28.11.2017
«Ես չունեմ սիրելի գրող. ես շատ եմ կարդում և ինձ ամեն ինչ դուր է գալիս». Շերոն Դրեյփեր

«Ես ուսուցիչ եմ և մարդկանց հետ կարողանում եմ հաղորդակցվել միայն հարցուպատասխանի միջոցով»,-նշեց ամերիկացի գրող և մանկավարժ Շերոն Դրեյփերը Մանկավարժական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Վերջինս առաջին անգամ է այցելում Հայաստան, առիթը՝ իր «Աղմկոտ լռություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսին մասնակցելն է: Ի դեպ, գիրքը հայերեն է թարգմանել ՀՊՄՀ-ի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմինե Ավագյանը:

Շերոն Դրեյփերը վաստակաշատ մանկավարժ է, ամերիկյան ժամանակակից կայացած գրողներից, ում կարծիքով ևս՝ գիրք գրելը երեխայի ծնունդի է նման:
«Շրջագայել եմ ամբողջ աշխարհում, բայց Հայաստանն ունի յուրահատուկ գեղեցկություն. հիմա եմ հասկանում՝ ինչն է ընկած հայի հպարտության հիմքում»,-նշեց Շերոն Դրեյփերն ու չթաքցրեց իր հիացմունքը, որ մեր երկրում շատ են կարևորում օտար լեզուների դասավանդումը:

Փորձառու մանկավարժն ապագա ուսուցիչներին ներկայացրեց իր անցած ուղին և ընդգծեց, որ հաջողված մանկավարժ լինելու համար պարտադիր պայման է երեխաներին սիրելը. ցանկացած կրթական պրոցեսի արդյունքը երեխաների ուրախ աչքերն ու ժպտացող դեմքերն են. «Դասավանդելիս չգիտես, թե ում վրա ինչ ազդեցություն ես թողնում. բոլոր աշակերտների հետ հնարավոր չէ հասնել հաջողությունների, բայց սերը հիմնական մոտեցումն է: Ամենակարևորն այն է, որ դուք սովորեք, թե ինչպես սիրեք ձեր աշխատանքը:

Շուրջ 30 տարի ավագ դպրոցում դասավանդելուց հետո Շերոն Դրեյփերը թողնում է դպրոցն ու սկսում գրել մի իրողության մեջ, ուր առաջին գիրքը տպագրելը բազում դժվարությունների հետ է կապված. «ԱՄՆ-ում գրողները հարուստ չեն, բայց ես գրում եմ, որովհետև սիրում եմ բառը, խոսքը, մարդկանց հետ զրուցելը»:

30-ից ավելի գրքերի հեղինակի համար ֆինանսական լավ կարգավիճակը երբեք հաջողություն չէ. հաջողությունը երջանկությունն է, սիրելն ու սիրված լինելը, ճամփորդելու հնարավորությունը:

Հանդիպմանն ուսանողները «Աղմկոտ լռության» հեղինակին ուղղեցին գրքի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը՝ հերոսուհու անվան ընտրությունից մինչև գրական ժառանգության մեջ սիրելի կերպարներ: Ուսանողների կարծիքով՝ Մելոդին, որ չի կորղանում խոսել, ուժեղ կերպար է ու ստիպում է ամեն ընթերցողի վերանայել իր վերաբերմունքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցողների հանդեպ:

«Ամեն ուժի հետևում ցավն է թաքնված. որքան շատ են դժվարությունները, այնքան զորեղ է ուժը»,-վստահեցրեց Շերոն Դրեյփերն ու ապագա ուսուցիչներին հորդորեց շատ աշխատել և լսել իրենց սրտին. մարդկանց հետ աշխատելը գալիս է ներսից:

«Ո՞վ է ձեր սիրելի գրողը» հարցին Շերոն Դրեյփերը պատասխանեց խորհրդանշական. «Ես չունեմ սիրելի գրող. ես շատ եմ կարդում և ինձ ամեն ինչ դուր է գալիս»:

Հանդիպման ավարտին բուհի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալվելու համար և վստահեցրեց, որ ապագա մանկավարժների համար հատկապես գիրքն ունի մեծագույն արժեք. «Այն գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկային փոխհարաբերություններում պետք չէ առաջնորդվել բացառապես դիմացինի ֆիզիկական կարողություններով»:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները: Մշակութային հարցերով պատասխանատու Դիանա Սիթը ուրախությամբ նկատեց, որ հայ-ամերիկյան 25 տարվա դիվանագիտական հարաբերություններն ամրապնդվում են նաև նմանատիպ ձեռնարկներով:
«Պատմական, հարուստ և ճոխ լեզու է հայերենը»,-նշեց Դիանա Սիթն ու ներկաներին հորդորեց չսահմանափակվել միայն մեկ մասնագիտությամբ. միգուցե հենց այս հանդիպմանը մասնակցում են նաև ապագա գրողներ: