«Ձեր շնորհիվ է, որ Կոմիտասի փառահեղ մեղեդիները հնչում են հայ աշակերտների շուրթերից: Նա երազում էր դպրոցներ ստեղծելու մասին, որտեղ կդասավանդվի երգ-երաժշտություն առարկան, հնչի մաքուր ու անաղարտ հայկական երգը: Այսօր Կոմիտասի երազանքն իրականություն է»,-նշեց ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Արկադի Շեկունցը՝ Մանկավարժական համալսարանում Կոմիտասի 150-ամյակին նվիրված աշխատաժողովի բացմանը:
Պրոֆեսոր Շեկունցի կարծիքով՝ Կոմիտասի ծննդյան առթիվ պետք է շնորհավորել միմյանց, քանի որ նրա հանճարն այսօր ճանաչելի է ամբողջ աշխարհում. նա իր ստեղծագործական, գիտահետազոտական վաստակով ու բարձր արվեստով ձեռք է բերել միջազգային ու համամարդկային ճանաչում:
Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված ձեռնարկին մասնակցում էին հանրապետության դպրոցների երաժշտության ուսուցիչներ, բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ: Իրենց ելույթներում ուսուցիչները ներկայացրին Կոմիտասի ստեղծագործությունների դասավանդման իրենց փորձը, դրա առանձնահատկությունները, դրանց դերը նոր սերնդի ենթագիտակցության մեջ: Ուսուցիչներն ներկայացրին նաև նրա մանկավարժական հայացքները, զուգահեռներ անցկացրին Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի և Մարտիրոս Սարյանի միջև ու անդրադարձան աշակերտների դաստիարակության գործընթացում Կոմիտասի ազդեցությանը:
Աշխատաժողովի կազմակերպիչներից Գայանե Թադևոսյանն իր խոսքում նշեց այն կարևոր նպատակների մասին, որոնք առիթ են հանդիսացել աշխատաժողովի կազմակերպման համար:
«Կոմիտասի գործը արդիական է միշտ և հատկապես այսօր, երբ ամենուր աղավաղվում է հայ երգը, զարդարվում արևելյան ելևէջներով: Այդ լաբիրինթոսում Կոմիտասը առաջնորդ է, որը նրան կուղղի դեպի հայ անաղարտ երգն ու երաժշտությունը: Ուսուցչի դասավանդման ձևից է կախված, թե ինչքանով թեման կհետաքրքրի երեխային»,-նշեց միջոցառման կազմակերպիչներից Գայանե Թադևոսյանն ու հույս հայտնեց՝ ուսուցիչները կկիսվեն դասավանդման իրենց փորձով, աշակերտները կոգեշնչվեն Կոմիտասի ազգանվեր գործով, կդառնան նրա արժեքների կրողը և թույլ չեն տա ամենուր հնչող ցածրորակ երաժշտությունը ներկայացնել որպես հայկական:
Վերջինս խոսեց նաև Կոմիտասի՝ որպես մարդ-անհատի բարոյական կերպարով աշակերտների մոտ արժեհամակարգ ձևավորելու կարևորության մասին և շեշտադրեց, որ նա մարդասիրության, հանդուրժողականության, հայրենասիրության, համեստության և ազնվության վառ օրինակ է:
«Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակության արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր ...»-մեջբերեց Գայանե Թադևոսյանն ու հավելեց, որ նրա պատգամներն իրականացնողը հենց ուսուցիչն է, ում գործը կարևորում էր հենց ինքը Կոմիտասը:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Յուրի Յուզբաշյանն իր զեկույցում անդրադարձավ Կոմիտասի մանկավարժական հայացքներին՝ վստահեցնելով, որ երաժշտությունը մարդու դաստիարակության լավագույն ձևերից մեկն է, ներդաշնակ զագացման կարևոր նախապայմաններից:
«Կոմիտաս հունարեն թարգմանությամբ նշանակում է մտահոգ, հոգատար. այդպիսին էր ուզում տեսնել նա նաև հայ ուսուցչին»,-նշեց պրոֆեսոր Յուզբաշյանն ու ներկայացնելով կոմիտասյան մանկավարժական հայացքներն ու սկզբունքներն՝ վստահեցրեց, որ դրանք այսօր էլ ունեն արդիական ու կարևոր նշանակություն:
Անդրադառնալով Կոմիտասի փիլիսոփայությանը՝ երգիչ Էդվարդ Դարբինյանը խոսեց այն իրողությունների մասին, որոնք հոգեբույժների համար այլ ենթադրությունների տեղիք են տվել,ինչպես նաև տարբեր հուշագրերի մեկանաբանություններ, դրանց չհամընկնումը իրականության հետ և այլն:
«Շատ հաճախ Կոմիտասի կյանքը ենթադրությունների վրա է հենված. փորձ է արվում ստեղծել խղճահարության վիճակ՝ ապացուցելու համար նրա խելագարվելու փաստը: Հարկ է նկատել, որ փաստերն աղավաղվում են՝ սկսած նրա մանկությունից: Կոմիտասի մահը եղել է իր ժողովրդի կողմից դարի դավադրություններից մեկը»,-նշեց Էդվարդ Դարբինյանն ու որպես Կոմիտասի՝ խելագարված չլինելու ապացույց հիշեցրեց նրա վերջին խոսքերը՝ սիրեցեք իրար, որպեսզի ապրեք:
Դիմելով ներկաներին՝ վերջինս կոչ արեց ապրել Կոմիտասի պատգամներով, ինչն էլ կլինի նրա երկրոդ գալուստը:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, Մանակավարժական համալսարանում կանցկացվի դպրոցական երգչախմբերի հանրապետական փառատոն, որն այս տարի նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: