ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Լեզվաբանական տերմինների համակարգը լեզվի մասին գիտության առանցքն է». Լալիկ Խաչատրյան
25.10.2019
«Լեզվաբանական տերմինների համակարգը լեզվի մասին գիտության առանցքն է». Լալիկ Խաչատրյան

ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Լեզվաբանական տերմինաբանության հարցեր» խորագրով հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերի և Երևանի, Արցախի բուհերի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նա անդարադարձավ 1980-ականներին քաղաքական իրավիճակներով պայմանավորված օտարալեզու դպրոցների թվի նվազմանը, հետևանքներին, ինչպես նաև հաճախ քննարկվող այն խնդրին, թե հայոց լեզվի դասավանդման ոլորտում ճգնաժամային իրավիճակ է: Խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը բուհերում դասավանդվող պարտադիր առարկաների ցանկից հանելու խնդրին՝ ռեկտորը նկատեց, որ նախ պետք է բարելավել այդ առարկաների դասավադման որակը դպրոցներում:

«Հայագիտության և լեզվաբանության զարգացումը պետության համար ունի առանցքային ու կարևորագույն դեր»,-նշեց պրոֆեսոր Միրզախանյանն ու վստահեցրեց՝ խորհրդային տարիներին լեզվի դասավանդումը բարձր մակարդակի վրա էր:

Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանն էլ նկատեց՝ Մանկավարժական համալսարանը հանրապետությունում առաջինն է, որ կազմակերպել է «Լեզվաբանական տերմինների համակարգը» մագիստրոսական դասընթաց: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովում ներկայացված ելույթներն ու զեկուցումները կլինեն օգտակար, կամփոփվեն ու կամբողջացնեն դասընթացը:

«Շուրջ 45 տարի մենք չենք անդրադարձել բացատրական բառարանների թարմացմանը, չունենք լեզվաբանական տերմինների նոր բառարաններ: Լեզվաբանական տերմինների համակարգը կարգավորելու կարիք ունի. այն լեզվի մասին գիտության առանցքն է»,-նշեց պրոֆեսորն ու անդրադարձավ քերականական, ձևաբանական և այլ համակարգերում վերընթաց և վարընթաց, մակրո և միկրոհամակարգերին՝ այդ տեսանկյունից պարզաբանելով լեզվաբանական տերմինների աստիճանակարգությունը:

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր զեկուցման մեջ ներկայացրեց «լեզվաքաղաքականություն» եզրույթի ընդհանուր բնութագիրը և ընդգծեց` եթե կա պետություն, պետք է լինի լեզվական քաղաքականություն: «Լեզվաքաղաքականությունը պետության գործնական քայլերն են՝ ուղղված պետական լեզվի կարգավիճակին, նրա գործառույթներին, հասարակական կյանքի առավել կարևոր ոլորտներին պետական լեզվի մենիշխան գործածության պաշտպանությանը»,-մեջբերեց Դավիթ Գյուրջինյանն ու հավելեց, որ լեզվաքաղաքականության իրագործման հիմնական գործիք է դառնում լեզվի մասին օրենքը և այն վերաբերում է ոչ միայն պետություններին, այլև պետությունների խմբավորումներին:

Նա այն կարծիքին է, որ լեզվական քաղաքականության մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև հասարակական հաստատություններին, լրատվամիջոցներին, ազգային շրջանակներին, անգամ՝ երևելի անհատներին, որոնք մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա: Խոսելով եզրույթի մասին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց նաև, որ այն հիմնականում նոր հասկացություն է և առնչվում է հանրալեզվաբանության մեջ 1970-ականներից գործածված «լեզվական շինարարություն», «լեզվաշինարարություն», «լեզվաշինություն» եզրույթներին:

Տերմինների ստեղծում ու գործածում մեր լեզվի շրջանակներում, տերմինների թարգմանություն և տերմինների փոխառություն. Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Կարինե Աբրահամյանն իր զեկույցում անդրադարձավ տերմինաբանության ուսումնասիրության երեք հիմնական առանցքներին ու խոսեց տերմինաբանության արդի խնդիրների մասին:

«20-րդ դարավերջն ու 21-րդ դարի սկիզբը բնորոշվում են ինչպես գիտության տարբեր ոլորտների, այնպես էլ լեզվաբանության բուռն զարգացումներով: Լեզվաբանությունը ճանաչողական գիտության բաղկացուցիչ մասն է: Գիտության զարգացումը հանգեցնում է նաև տերմինների ավելացման, դրանց շուրջ բոլոր խնդիրների վերանայման անհրաժեշտության»,-նշեց պրոֆեսորն ու խոսեց ցանկացած մասնագիտական ոլորտում տերմինի կարևորության, զարգացման և ճիշտ գործածության մասին:

Պրոֆեսորի կարծիքով՝ տերմինների թարգմանության և փոխառման դեպքում անհրաժեշտ է դրսևորել կշռադատված մոտեցում, մշակել հստակ սկզբունքներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ձևավորել տերմինների թարգմանության կամ փոխառման յուրահատուկ համակարգ ինչպես լեզվաբանության այնպես էլ այլ ոլորտների համար:

«Լեզվաբանական տերմինաբանության հարցեր» խորագրով հանրապետական գիտաժողովը շարունակվեց մասնախմբերում՝ լեզվաբանական տերմինների բառարանագրություն, լեզվաբանական տերմինահամակարգ, բառ և տերմին, տերմինաշինություն, տերմինային պատճենումներ, տերմինագործածություն, տերմինային համարժեքություն, տերմինային աստիճանակարգություն, տերմինային բազմիմաստություն և այլ ենթաուղղություններով: