ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եթե մագիստրատուրայի դիմորդ ես…
21.06.2020
Եթե մագիստրատուրայի դիմորդ ես…

Հունիսի 15-ից մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի դիմում-հայտերի ընդունումը: Առկա և հեռակա վճարովի համակարգի ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 6-ին:

Սիրելի դիմորդներ, դիմում-հայտերը պետք է լրացնեք առցանց՝ www.dimord.aspu.am կայքում:

Այս նյութում կանդրադառնանք հաճախ տրվող այն հարցերին, որոնք այս օրերին ուղղում են մագիստրատուրայի դիմորդները՝ բուհի պաշտոնական կայքի Հետադարձ կապ համակարգով, ֆեյսբուքյան էջով կամ էլեկտրոնային հասցեների միջոցով: Մինչ այդ, ևս մեկ անգամ ծանոթացիր այն մասնագիտություններին, որոնցով իրականացվելու է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը (առկա մագիստրատուրա, հեռակա մագիստրատուրա):

Ինչպե՞ս պետք է լրացնեք դիմում-հայտը:
Սիրելի դիմորդ, նախքան առցանց դիմում հայտը լրացնելը, ծանոթացիր այն լրացնելու ուղեցույցին՝ այստեղ: Եթե լրացնելու ընթացքում կհանդիպեք որոշակի խնդիրների, գրեք այդ մասին բուհի Ընդունող հանձնաժողովի էլեկտրոնային հասցեին՝ dimord2020@aspu.am կամ զանգահարեք 010 59 70 69 հեռախոսահամարով:

Կարո՞ղ եմ դիմել մագիստրատուրայի անվճար ուսուցման համար, եթե ավարտել եմ այլ համալսարան, կամ ավարտել եմ Մանկավարժական համալսարանը մի քանի տարի առաջ:

Անվճար հիմքունքներով մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել միայն Մանկավարժական համալսարանի բակալավրի կրթական աստիճան ունեցող տվյալ՝ 2019-2020 ուսումնական տարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից կամ ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են բարձր միավորներ:
Անվճար ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 3-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 6-ին:

Ինչպե՞ս են անցկացվելու մագիստրատուրայի ընդունելության քննությունները:
Վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունը կիրականացվի առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը: Ընդունելությունը կլինի հարցազրույցով, որը կանցկացվի օգոստոսի 26-28-ը: Հարցազրույցների համար նախատեսված հարցաշարերը տեղադրված են կայքում՝ հետևյալ հղմամբ:

Կարո՞ղ ենք օգտվել ՀՀ Կառավարության հաստատած՝ ուսման վարձը աշխատավարձի եկամտահարկով վճարելու հնարավորությունից:
Ցանկում նշված մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։

Մագիստրատուրայի սիրելի դիմորդ, հարկ ենք համարում հավելել մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ մի քանի կարևոր կետեր ևս.
• Մասնագիտության փոփոխման պարագայում, ՀՊՄՀ կամ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտների ընդունելությունը իրականացվում է միայն վճարովի համակարգում:
• Մանկավարժի որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց «Մանկավարժություն» և «Հոգեբանություն» առարկաներից:
• Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
• Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 10-ը, ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո:

Եթե ունեք այլ հարցեր, որոնց այս նյութում չանդրադարձանք, կարող եք դրանք ուղարկել բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/ASPUhome/ , գրել dimord2020@aspu.am հասցեին կամ զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով: