ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Եվ բացվում է օրը»․․․
12.02.2024
«Եվ բացվում է օրը»․․․

Լույս է տեսել «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Սիլվա Ասրյանի «Եվ բացվում է օրը» բանաստեղծությունների ժողովածուն։

Ժողովածուն խորհրդանշում է բացվող օրվա տարբեր ելևէջումները՝ մարդկային մտահոգությունների, ապրումների, զգացմունքների ու հույզերի համապատկերում:

Նրա բանաստեղծությունների տողերում ` աշխարհին, մարդուն ու բնությանն ուղղված նրբին հայացքն է, որի ներքո  յուրաքանչյուր  «զգացմունք փոխարկվում է բառի»: Հայրենի լեռնաշխարհի հանդեպ  յուրաքանչյուր մտորումից ծնված տող շնչում է տաք սիրով ու մարդասիրությամբ, այս աշխարհը ավելի գեղեցիկ ու մարդկանց ավելի բարի տեսնելու ցանկությամբ:

Սիրվա Ասրյանի բանաստեղծական գեղեցիկ պատկերները հայրենի բնության ու մարդկանց հանդեպ լեցուն են ջերմությամբ ու ասելիքով, ժամանակի հոլովույթում դեպի լույսի ակունքը ձգվող մեղեդայնությամբ:

Գրքում տեղ են գտել նաև Արցախի պատերազմի ու կորստի ցավոտ արձագանքները:

«Սիլվա Ասրյանի բանաստեղծական աշխարհընկալման մեջ էական դերակատարություն ունի նրա քնարականությունը։ Այս գրքում էլ հենց բանաստեղծուհու ներաշխարհային ապրումներից առաջացած զգացմունքային-հուզական վիճակներն են, որոնք նրա թախծալից քնարականության վկայություններն են»,- գրքի ներածականում նշում է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը։

Սիլվա Ասրյանի «Եվ բացվում է օրը» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի  երկրորդ գիրքն է։  Նրա հեղինակած առաջին՝ «Գիշերային ձյուն» բանաստեղծությունների գրքույկը տպագրվել է 2006 թվականին։