ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Եվրոպան և հարևան երկրները»․միջազգային գիտաժողով Մանկավարժականում
13.10.2022
«Եվրոպան և հարևան երկրները»․միջազգային գիտաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում կայացավ «Եվրոպան և հարևան երկրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի 100-ամյակին։

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ-ի, Արցախի, Իսպանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Պերուի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և վստահեցրեց, որ 100-ամյա բուհի համար սա կարևոր ձեռնարկ է: Նա առանձնակի կարևորեց իսպանացի գործընկերների առաջին ներգրավվածությունը պատմագիտական գիտաժողովին, ինչը նոր շունչ ու որակ կհաղորդի հայ-իսպանական հարաբերություններին։

«Բուհը մշտապես հպարտանում է իր գիտնական-պատմաբաններով, որոնք տարբեր ժամանակներում մեծ ներդրում են ունեցել ինչպես գիտամանկավարժական, այնպես էլ մեր երկրում պատմագիտության զարգացման գործում։ Ժամանակակից բարեփոխումների կոնտեքստում՝ նրանք այսօր էլ չեն զիջում իրենց ներուժով»,-վստահեցրեց ռեկտորն ու գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ։ 

Հայաստանում Իսպանիայի դեսպանատան հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն իր ելույթում կարևորեց Իսպանիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը վերսկսելու մտադրությունը: Նա, մասնավորապես, կարևորեց համալսարանական ներուժը. «Չկա ավելի լավ օրինակ, քան այս գիտաժողովը,  ներկայացնելու այն   հեռանկարային ծրագրերը, որոնք կարող են իրագործվել, եթե մեր երկրների և հաստատությունների միջև այս համագործակցությունը շարունակվի ամրապնդվել»։ 

«Եվրոպան և հարևան երկրները» խորագրով միջազգային գիտաժողովն անցկացվում է  ՀՊՄՀ-ի և Իսպանիայի Լա Կորունիայի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ․ միջդիսցիպլինար է՝ առանցքում՝ միջազգային իրավունքը, իրավագիտությունը,   քաղաքագիտությունը, պատմությունը։

Գիտաժողովի նպատակն է կապերի ամրապնդումը, միջդիսցիպլինար կոնտեքստում պատմական,  քաղաքական, հասարակագիտական երևույթների դիտարկումը,  ինչն առավել արդյունավետ է դառնում  օտար  հեղինակավոր մասնագետների  մասնակցության շնորհիվ․«Սա գիտական ինտեգրացիայի և համագործակցության  լավ հնարավորություն է՝ եվրոպական հեղինավոր  բուհերի և արդեն գործընկեր համալսարանների հետ։ Գիտաժողովի  զեկուցումները կտպագրվեն  անգլերենով՝ իսպանական հեղիանակավոր ամսագրում, ինչը մեր բուհի գիտական պրոդուկտը հանրահռչակելու, օտար ընթերցողին հետաքրքրելու կարևոր քայլ է»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց, որ, հետաքրքիր պատահականությամբ, գիտաժողովը համընկել է հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի և մեր երկրում հավատարմատարի գրասենյակի բացման հետ։

Վերջինս գիտաժողովը կարևորեց նաև հանրային դիվանագիտության տեսանկյունից․ գիտաժողովում քննարկվող պետական և ազգային շահերին վերաբերող թեմաներն առավել ճանաչելի կդարձնեն մեր երկիրն ու  առկա խնդիրները։

«Եվրոպան և հարևան երկրները» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում անդրադարձան եվրոպայի միջազգային իրավունքին, միգրացիայի խնդիրներին, ԵՄ միջազգային ներգրավվածության պրոգրեսիվ մոդելներին, իրավական հիմքերին, մասնավորապես՝ համատեղ անվտանգության և պաշտպանության  քաղաքականության համատեքստում։

Բանախոսներն անդրադարձան նաև  Հայատանին՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, 16-րդ դարում Թուրքիայի սպառնալիքներին, Եվրոպական ուժերի քաղաքականությանը՝ 1918-1920 թվականներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  վերականգման անհրաժեշտությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, ինչպես նաև արցախյան կոնֆլիկի լուծման հարցերին և այլն։

Իսպանիայի Լա Կորունիայի համալսարանի  իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը կարևորում է ակադեմիական շփումները՝ դրանք համարելով հասարակությունների  համագործակցության  կարևոր հիմքերից մեկը և ճանապարհ՝   գործընկերության առավել լայն շրջանակների։

Վերջինս գիտաժողովի իր ելույթում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցերի հետ կապված ԵՄ-ի դիրքորոշմանը՝ ընդգծելով  կառույցի  էվոլուցիան  հակամարտության  արդարացի լուծման գործում։

Մանկավարժական համալսարանի շրջանավարտն ու այսօր արդեն Լա Կորունիայի համալսարանի  իրավագիտության դոկտորը վստահ է՝ հայ հասարակությունը  պետք է տեղեկացված լինի և   իմանա՝ այսօրվա  Եվրոպան կարևորում է  իր անվտանգության հարցերը։

Նա գիտաժողովի կարևոր  ուղերձներից մեկն  համարեց այն, որ  հայ հասարակությունը չպետք է իրեն միայնակ  չզգա իր խնդիրների հետ, այլ հասկանա՝  պետք է աշխատել  միջազգային հարաբերություններում՝ ճշմարտացիությունն հաստատելու համար․«Հայաստանն ու Իսպանիան մի շարք ընդհանրություններ ունեն․ գիտաժողովն այդ պոտենցիալը բացահայտելու ճանապարհին կարևոր քայլ է»,-հավելեց Արտակ Մկրտչյանը։