ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եվս 3 օր՝ հեռակա ուսուցմամբ ընդունելություն
22.10.2024
Եվս 3 օր՝ հեռակա ուսուցմամբ ընդունելություն

Հանրապետության քննական տարբեր կենտրոններում մեկնարկել են 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության քննությունները։ Մանկավարժական համալսարանն այս տարի միայն հեռակա ուսուցման համակարգում  ունի 459 դիմորդ․ հոկտեմբերի 19-ից բուհում ընթանում են նաև ներբուհական քննությունները՝ կերպարվեստ, երաժշտական կրթություն, պարարվեստ, գեղարվեստական լուսանկարչություն, օպերատորություն մասնագիտություններով։

Որոշ մասնագիտությունների գծով ընդունելությունն ավարտված է․ բողոքարկումներ՝ չկան։

ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ քննական գործընթացն անցկացվում է ընթացակարգին համապատասխան․ տեսաձայնագրվում է, նաև առցանց հեռարձակվում բուհի պաշտոնական կայքում՝ ապահովելով դրանց թափանցիկությունն ու օբյեկտիվությունը։

Բուհի ուսումնական գործընթացների պատասխանատուն ընդգծում է՝ բոլոր մասնագիտությունների գծով կա մրցույթ․ լիահույս է՝ քննությունների արդյունքները կլինեն գոհացուցիչ, իսկ մրցութային հիմունքներով բոլոր տեղերը կհամալրվեն։

Ի դեպ, այս տարի կան նաև քննական նորամուծություններ, որոնք հնարավորություն կտան նաև համալրել հանրապետությունում ուսուցիչների թվի պակասը։

ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը կարևորեց՝ այսուհետ առանց ընդունելության քննության Մանկավարժական համալսարան բակալավրի կրթական ծրագրով կարող են ընդունվել միջին մասնագիտական պետական հաստատությունների, միջին մասնագիտական հավատարմագրված ոչ պետական հաստատությունների շրջանավարտները։ Բացի այդ, գործընթացին կարող են մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները։

Փորձարարական ընդունելության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 26-ին, որից հետո հնարավոր կլինի խոսել համակարգի բացերի և դրական կողմերի մասին։