ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եզակի պաշտպանություն Մանկավարժականում
26.09.2019
Եզակի պաշտպանություն Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Անուշ Դանիելյանի՝ ֆիզմաթ գիտությունների գծով թեկնածուական ատենախոսության ֆրանսիական պաշտպանությունը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Կոկանյանի և Լորենի համալսարանի պրոֆեսոր Միշել Այլերի համաղեկավարությամբ:

Անուշ Դանիելյանը ծնունդով Քաջարանից է: Բազային կրթությունը ստացել է Պոլիտեխնիկական ինստիտուտում, մագիստրատուրան շարունակել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոնում: Արդեն չորս տարի Անուշ Դանիելյանը դասախոսում է ՀՊՄՀ-ի ֆիզիկայի ամբիոնում:

Պաշտպանությունը բացառիկ էր այն իմաստով, որ Մանկավարժական համալսարանում առաջին անգամ էր անցկացվում Լորենի համալսարանի դոկտորանտուրայի և ՀՀ ԳԱԱ համատեղ ասպիրանտի թեկնածուականի պաշտպանություն (ֆրանսիական կողմի):

Լորենի համալսարանի ասպիրանտ Անուշ Դանիելյանը ներկայացրեց «Մետաղի իոններով լեգիրված լիթիումի նիոբատ բյուրեղների ֆոտոռեֆրակտիվ և էլեկտրա-օպտիկական հատկությունները» թեմայով աշխատանքը՝ շուրջ հինգ տարվա իր ուսումնասիրությունների ու պրպտումների արդյունքը: Նշենք, որ ուսումնասիրությունների մի մասը Անուշը կատարել է Ֆրանսիայի Լորենի, մի մասը՝ Իտալիայի Պադովայի, մի մասն էլ Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:

«Պաշտպանության թեման շատ կարևոր էր երկու՝ կիրառական և հիմնարար տեսանկյուններից: Նախ՝ նման բյուրեղները կարող են մեծ կիրառություն ունենալ հոլոգրաֆիական եղանակով ինֆորմացիայի գրանցման հիշասարքերում, երկրորդ՝ կատարված հետազոտություններն ունեն հիմնարար նշանակություն՝ ֆոտոռեֆրակտիվ երևույթների նկարագրման և բացահայտման տեսանկյունից», նշեց աշխատանքի հայկական կողմի ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանն ու հավելեց, որ կատարվել է և՛ փորձարարական, և՛ տեսական աշխատանք, բացահայտվել են վերոհիշյալ երևույթի պրոցեսի մեխանիզմները»:

Անուշ Դանիելյանի հետազոտական աշխատանքների մասին հոդվածները տպագրվել են եվրոպական հայտնի ամսագրերում, վերջինս էլ մի շարք միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկուցումներով:

Պաշտպանության խորհուրդը ձևավորվել էր 3 հայ և 3 ֆրանսիացի անդամներից: Ըստ ֆրանսիական կողմի թեմաների պաշտպանության օրենքների՝ մասնագիտական պաշտպանական խորհրդի կազմում էին 2 համահեղինակ և 2-ական անդամ Հայաստանից և Ֆրանսիայից՝ 2 առաջին ընդդիմախոս և 2 փորձագետ. Յանիկ Մուգնիեր (Ֆրանսիա), Կամո Ահարոնյան (Հայաստան, Պոլիտեխնիկ ինստիտուտ, ՀՊՄՀ հրավիրյալ դասախոս), Նարինե Բաբաջանյան (ՀՊՄՀ դոցենտ) և Նինել Կոկանյան (Լորենի համալսարանի պրոֆեսոր), ինչպես նաև Սերգեյ Կոստրիցկի՝ Մոսկվայից հրավիրյալ անդամ:

Պաշտպանության ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները միաձայն որոշեցին՝ աշխատանքը կատարված է բարձր մակարդակով, և որ ստացված արդյունքներն ունեն կիրառական և ֆունդամենտալ նշանակություն:

Անուշ Դանիելյանը ներկայացվեց ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական կոչման՝ PhD: