ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆունկցիոնալ տեսողության գնահատման դասընթացներ ՀՊՄՀ-ում
05.05.2025
Ֆունկցիոնալ տեսողության գնահատման դասընթացներ ՀՊՄՀ-ում

Մանկավարժական համալսարանում կանցկացվի «Ֆունկցիոնալ տեսողության գնահատում» թեմայով եռօրյա դասընթաց։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի «Պերկինս» կույրերի միջազգային դպրոցի հետ համագործակցության շրջանակներում։

Դասընթացն անցկացվում է մի քանի փուլով․ գործնական մասին նախորդել են առցանց հանդիպումներ։ Այսօր Մանկավարժականում տեսողական գործառույթների փորձարկումը ներկայացրին Զագրեբի համալսարանի Կրթության և վերականգնողական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Սոնյա Ալիմովիչն ու Խորվաթիայի «Մալի Դոմ» համայնքային ծառայությունների կենտրոնի տնօրեն Տատյանա Պետրովիչը։

Ֆունկցիոնալ տեսողության գնահատման ստանդարտացված և ոչ ստանդարտացված գործիքները վերապահվել են Մանկավարժական համալսարանին, ինչով էլ պայմանավորված է դասընթացի անցկացումը կրթական այս հաստատությունում։ Հանրապետության տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են դասընթացում, կմասնակցեն տեսողական գործառույթների փորձարկմանը, կսովորեն և կկարողանան կիրառել գնահատման այդ գործիքները գործնականում։ Դա թույլ կտա իրականացնել բարդ և բազմակի խնդիրներ ունեցող երեխաների ֆունցիոնալ տեսողության գնահատում, ինչն էականորեն տարբերվում է ակնաբույժի կատարած տեսողության գնահատումից։

Սա, ըստ երևույթին, նորարարություն է մեր երկրում․ «Հայաստանում դեռևս չկան կենտրոններ, որտեղ կիրականացվի ֆունկցիոնալ տեսողության գնահատում․ միջազգային այս փորձը կօգնի լրացնել այդ բացն ու հետագայում նման կառույց հիմնել, ինչը կհեշտացնի բարդ և բազմակի խնդիրներ ունեցող երեխաների կյանքը, կօգնի առավել արդյունավետ և լիարժեք ինտեգրվել հասարակությանը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, «Պերկինս» միջազգային ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Զարուհի Հարությունյանը։