ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակի առթիվ
08.02.2018
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՊՄՀ-ի  հիմնադրման 95-ամյակի առթիվ

Շնորհավորում եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` ԲՈՒՀ-ի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ:

Հոբելյան, որի հետևում հարուստ տարեգրություն է, իրենց գործին ու պարտքին իսկապես նվիրված գիտնականների ու մանկավարժների մի քանի սերունդ:

Ավելի քան 9 տասնամյակների ընթացքում ԲՈՒՀ-ն անցել է փառավոր ճանապարհ` դառնալով մեր երկրի ու տարածաշրջանի բարձր վարկանիշ ունեցող և խոշորագույն գիտակրթական հաստատություններից մեկը:

Այստեղ պատրաստվում է 52 մասնագիտությունների գծով մանկավարժներ և այլ մասնագետներ, ովքեր իրենց նշանակալից ավանդն են ներդրել և այսօր էլ շարունակում են ներդնել երիտասարդ սերնդի կրթության և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: Հատկանշական է, որ պետական մանկավարժական համալսարանում ակտիվորեն ներդրվում են արդիական կրթական ծրագրեր ու դասավանդման մեթոդներ, մշակվում են ապագային միտված ծրագրեր, որոնք էլ ԲՈՒՀ-ի առջև նոր խնդիրներ են դնում:

Այդ խնդիրների լուծմանը զուգընթաց անփոփոխ է մնում ԲՈՒՀ-ի հիմնական խնդիրը՝ ապահովել որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող, միաժամանակ` մատչելի ուսուցում: Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, խորհրդի անդամներին և բոլոր ժամանակների շրջանավարտներին մաղթում եմ բարեկեցություն և լավատեսություն, ինչպես նաև հետագա հաջողություններ՝ երիտասարդ սերնդի կրթության բարդ և պատվաբեր գործում: