Մանկավարժական համալսարանում մեկնարկեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գեղանկարչության միջազգային պլեները:
Հունիսի 11-24-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են 6 երկրից՝ Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից և Հայաստանից 17 գեղանկարիչներ:
Ձեռնարկի շրջանակներում նրանք կմասնակցեն զրույցների, բանավեճերի, կքննարկեն տարաբնույթ խնդիրներ, կիրականացնեն փորձի փոխանակում` վարպետաց դասեր, ինչպես նաև այցելություններ մեր երկրի պատմական և մշակութային տեսարժան վայրեր:
Այցերի ընթացքում նկարիչները կնկարեն համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 10 ուսանողների՝ ապագա նկարիչ-մանկավարժների հետ, կծանոթանան նրանց ուսումնական գործընթացին, արվեստանոցների պատրաստվածությանը:
Պլեները կամփոփվի հունիսի 22-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսվող ցուցահանդեսով:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց միջազգային պլեների մասնակիցներին և մաղթեց արդյունավետ ու հաճելի ժամանակ:
«Կրկնակի կարևորում ենք ուսանողների մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա ձեր արվեստին ծանոթանալ ոչ թե ստեղծագործություններից, այլև համատեղ աշխատանքում»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու վստահեցրեց, որ միջազգային պլեներների կազմակերպումը կլինի շարունակական՝ ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը:
Ռեկտորը խոսեց նաև համալսարանի կարևորագույն ուղղությունների՝ երկրի դպրոցների համար մանկավարժներ պատրաստելու, մի շարք մասնագիտությունների գծով մենաշնորհ ունելաու մասին և հավաստիացրեց, որ գործունեության առանցքում ուսանողների, ժամանակին համահունչ կրթական միջավայր ստեղծելու քաղաքականությունն է:
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆարաոն Միրզոյանը բազմիցս մասնակցել է միջազգային պլեներների. վստահեցնում է՝ ներկա ժամանակներում դժվար է կազմակերպել նման ձևաչափի սիմպոզիում. «Սա վկայում է այն մասին, որ Մանկավարժական համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում գեղանկրչությանը, արվեստին»,-հավելեց նա:
Միջազգային պլեների մասանակիցների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և չնայած 1-2 օր է այցելել են, բայց խոստովանեցին՝ հասցրել են հիանալ, տպավորվել, նույնիսկ որոշել են՝ նորից են գալու:
11-օրյա սիմպոզիումը նպատակ ունի հրավիրյալներին ծանոթացնել Մանկավարժական համալսարանի կրթական համակարգին, բուհի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև խորացնել և զարգացնել տարբեր երկրների հետ կրթական ու մշակութային կապերը: