ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գերազանցության եզակի կենտրոն Մանկավարժականում
08.11.2024
Գերազանցության եզակի կենտրոն Մանկավարժականում

Այսօր Մանկավարժականում էր ԿԳՄՍ նախարար, բուհի Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը եղավ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի լաբորատորիաներում, ծանոթացավ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը։
«Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության եզակի կենտրոնը հիմնվել է ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում։

24 ամիս տևողությամբ ծրագիրը միտված է ներկա և ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը։ Հիմնանորոգված է 8 լսարան, կատարվել է նաև տեխնիկական զինում․ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաների համար անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռքբերման աշխատանքներն ավարտված են։ Ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան՝ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ գույքով, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով։

Այդ լաբորատորիաներում և կենտրոններում աշակերտական և ուսանողական խմբերը կունենան գործնական պարապմունքներ, իսկ ուսուցիչները՝ մասնագիտական վերապատրաստումներ։ Ըստ անհրաժեշտության՝ վերանայվել են բուհական կրթական ծրագրերը, դրանք սինխրոնիզացվել դպրոցական ծրագրին և ըստ այդ փոփոխությունների՝ դրանք ներառել գործնական կարողությունների զարգացման հնարավորություններին։

Մասնագիտական փորձառու խմբի հետ համագործակցության արդյունքում լաբորատորիաները հագեցվել են անհրաժեշտ դիդակտիկ նյութերով, հայալեզու պաստառներով։ Դրանք, ըստ նախարարի, կարող են տրամադրվել նաև դպրոցներին․ ներկայումս դպրոցներում եղած պաստառները կամ հին են, կամ՝ ոչ հայալեզու։

Ծրագրի պատասխանատուները վստահեցրին, որ արդեն իսկ գույքագրել են Կենտրոնի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ և պարագաներ ևս, որոնք ձեռք կբերեն առաջիկայում։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նշեց՝ ստեղծել են հնարավոր բոլոր պայմանները, որ լաբորատորիաները լինեն առավել ճկուն, ծառայեն աշակերտական խմբերին և վերապատրաստվող ուսուցիչներին․ «Այն պետք է լինի ԲՏՃՄ ընդհանուր տիրույթ, ուր շեշտադրված կլինեն ներկա և ապագա ուսուցիչների համար հնարավոր բոլոր օժանդակ նյութերը»։

Նախարարը հորդորեց գույքագրել և ներկայացնել լաբորատորիաները հագեցնելու համար անհրաժեշտ այլ պարագաների ցանկը, հետաքրքրվեց տարբեր լաբորատորիաներում՝ այսօրվա ուսուցչին անհրաժեշտ համակարգչային ծրագրերի հագեցվածությամբ և հավելեց, որ որոշ մասնագիտությունների վերապատրաստումներում կարելի է ներառել մի փոքր բաղադրիչ՝ մասնագիտական դիդակտիկ պարագաների պահպանման համար, որպեսզի գույքը ճիշտ կիրառվի և երկար պահպանվի։

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը ՀՊՄՀ-ում ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով հագեցած «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնումն է, ինչպես նաև ԲՏՃՄ ոլորտում գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը։

Կենտրոնը հնարավորություն կտա արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը, ինչպես նաև նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։