ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գևորգ Դևրիկյանը մարդու և գիտնականի իսկական օրինակ է
05.05.2018
Գևորգ Դևրիկյանը մարդու և գիտնականի իսկական օրինակ է

Օրերս անցկացվեց արձակագիր Գևորգ Դևրիկյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողով:

Բացման խոսքում Գևորգ Դևրիկյանի որդին՝ Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ գիտաժողովը յուրօրինակ հարգանքի տուրք էր հոր գրական գործի ու ժառանգության հանդեպ. «Երկնային պարգև՝ մի քիչ ուշացումով, բայց ժամանակի մեջ սպասված»:

Նա անդրադարձավ Գևորգ Դևրիկյանի մտքի թռիչքների գրավոր դրսևորումներին, նրա հարուստ ու բովանդակալի ժառանգության հիմնական ուղղություններին, բազմաժանրությանը, մեթոդներին:

«Լինելով պատմավիպասան, գրելով անցյալի մասին՝ նա ապագային է նայել և արդիականության շնչով ստեղծել մնայուն արժեքներ»,-նշեց Վարդան Դևրիկյանն ու հավելեց, որ հայրը շատ էր կարևորում պատմության հետազոտումն ու այն գեղարվեստորեն ներկայացնելու ձևը՝ զերծ ավելորդաբանություններից:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ Գևորգ Դևրիկյան մարդու համեստ, լուրջ ու ծանրախոհ տեսակին և գրողին, ում միջոցով շարունակվել են հայ գրականության լավագույն ավանդույթները, ով փորձել է նոր խոսք ասել հայ ազգային գրականության ոլորտում:

«Նա մեկ վայրկյան իսկ չվարանեց՝ մեկնելով Արցախյան ազատամարտի առաջին գիծ. սա մարդու և գիտնականի օրինակելի վարքագիծ է»,-նշեց Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ Դևրիկյանի գրական-հրապարակախոսական ժառանգությունն ըստ արժանվույն դեռևս չի գնահատվել:

Նա ընդգծեց նաև այն, որ Գևորգ Դևրիկյանը հայ ժողովրդի պատմությունն իր հոգում կրող մարդ էր, երիտասարդության համար փնտրված ու հրաշալի, դասական մշակի ու մտավորականի կերպար:

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ ընդգծեց, որ նրա ստեղծագործություններով դաստիարակվել են բազում սերունդներ, նրա ստեղծագործությունները տարողունակ լիցք ունեն և Ակնա աշխարհը սպասում է իր լեզվաբան ստեղծագործողի բացահայտմանը:

Եղան նաև զեկույցներ, որոնցում անդրադարձ եղավ Գ. Դևրիկյանի «Հայոց մեծերը» գրքի 1-ին հատորին, «Տրդատ ճարտարապետ» վեպին, «Վերջին խոսքերը», «Հավատի զորությունը» պատմվածքներին:

«Գ. Դևրիկյանը երբեք չի աշխատել որպես մանկավարժ, սակայն նրա գրվածքներն առաջնահերթ են հենց մանկավարժական տեսանկյունից: Հայ միջնադարի մեծերին հետևելով՝ նա հայ աշակերտի և ուսանողի մեջ հայրենասիրության սերմեր է ցանում. դրանք առողջ սերմեր են և խոստանում են նորանոր բերքառատ պարգևներ»,-նշեց Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

Պրոֆեսորն հավելեց՝ Գևորգ Դևրիկյանի արձակը միշտ լինելու է ժամանակակից, որովհետև ազգապահպանման խնդիրը, կրթված, մարդասեր, գիտուն, աշխատասեր լինելը հասկացություններ են, որոնք ժամանակային սահմանափակումներ չունեն:

Ներկաներն ու ընթերցասեր հասարակությունը վստահ են, որ Գևորգ Դևրիկյանի վեպեր, վիպակներն ու հրապարակախոսական հոդվածներն իրենց արդիականությամբ կմնան որպես հայ գրականության պատմության լավագույն էջեր:

Նշենք, որ ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը նվիրված էր նաև հայոց հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության ստեղծման 100-ամյակին: