ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն այսօր հավաստագրեր հանձնեց Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի չորս դոկտորանտի։
Վերջիններս ապրիլի 10-ից մայիսի 10-ը Մանկավարժական համալսարանում էին գիտական գործունեություն ծավալելու, արտասահմանյան գիտական ղեկավար, ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Ժաննա Պայլոզյանի հետ գիտահետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Մարիամ Իսպիրյանը հույս հայտնեց, որ ղազախ հյուրերի այցն արդյունավետ էր և գիտակրթական ոլորտում լուրջ ձեռքբերումների հնարավորություն կընձեռի։
Պրոռեկտորը նկատեց՝ Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանից արդեն իսկ կա առաջարկ․ գործընկերները հույս են հայտնել, որ կհյուրընկալվեն Մանկավարժականում, կիրականացվի փորձի փոխանակում։
Ղազախ հյուրերն այցի շրջանակներում հասցրել են բացահայտել ինչպես Մանկավարժականի, այնպես էլ մեր երկրի առանձնահատկությունները, համեմատել կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները։ Հանդիպումներ են ունեցել Հատուկ կրթության ֆակուլտետում, համալսարանի գրադարանում, ուսումնասիրել ոլորտին վերաբերող նյութեր, ուսանողների շրջանում անցկացրել թեմաներին առնչվող հարցումներ։
Մեկամսյա աշխատանքային այցը գերհագեցած և ստացված են համարում․ եղել են նաև կրթական մի շարք հաստատություններում, զինվել հատուկ և ներառական կրթության ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներով, ուսումնասիրել մասնագիտական կրթական ծրագրերը, վերապատրաստվել, գիտական աշխատությունների թեմաների վերաբերյալ ձեռք բերել նոր նյութեր, տեղեկատվություն։
Ղազախ դոկտորանտները շնորհակալություն հայտնեցին ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Ժաննա Պայլոզյանին, որը պարբերաբար անցկացրել է անհատական խորհրդատվություն թեզերի և հոդվածների շուրջ։
Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին Մանկավարժական համալսարանի ղեկավար և դասախոսական կազմին՝ ընդգծելով, որ առաջին իսկ օրից համագործակցել են բուհի տարբեր օղակների հետ և վերադառնում են Ղազախստան՝ հարստացած նոր գիտելիքներով և կոմպետենցիաներով։