Մանկավարժական համալսարանում է Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի չորս դոկտորանտ։
Վերջիններս արտասահմանյան գիտական ղեկավար են ընտրել ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Ժաննա Պայլոզյանին, իսկ Մանկավարժական համալսարանում մեկ ամիս շարունակ կծավալեն գիտական գործունեություն։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ղազախ հյուրերին ներկայացրեց մեկդարյա բուհի պատմությունը, մասնավորապես, անդրադառնալով գիտական ուղղվածությանն ու գործունեությանը։
Պրոռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը հանրապետության բուհական համակարգում հատուկ մանկավարժներ և հոգեբաններ պատրաստող միակ կրթօջախն է․ վստահեցրեց՝ պատրաստ են մեկամսյա այցի շրջանակներում ծանոթացնել կառույցի առանձնահատկություններին և նպաստել գիտահետազոտական աշխատանքներին։
Ղազախ հյուրերը, որ առաջին անգամ են Հայաստանում, խոստովանեցին՝ տպավորված են հայկական հյուրընկալությամբ։ Նրանք ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ Մանկավարժական մայր բուհի ուսումնական ծրագրերին, գիտահետազոտական աշխատանքներին, հույս հայտնելով, որ վաղ լոգոպեդական միջամտության, ազգային ֆոլկլյորի հիման վրա խուլերի հայրենասիրական դաստիարակության, հիբրիդային դասավանդման, հետազոտական կոմպետենցիաների զարգացման վերաբերյալ իրենց աշխատություններն այստեղ կլրամշակվեն և կհարստացվեն։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի երկուստեք գոհացուցիչ և արդյունավետ՝ ի նպաստ գիտական ոլորտի զարգացման։ Հյուրերը շրջեցին բուհում, եղան ՀՊՄՀ Պատմության թանգարանում, գրադարանում, հանդիպեցին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։