ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիշերային Երևանը՝ միջազգային ցուցահանդեսին
13.04.2020
Գիշերային Երևանը՝ միջազգային ցուցահանդեսին

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կիրառական արվեստի բաժնի մագիստրոս Մարի Պարսամյանը վերջերս մասնակցել է միջազգային ցուցահանդեսի։

Սանկտ Պետերբուրգի Պատմության պետական թանգարանում «Գանձերի կղզի․ քաղաք» խորագրով ցուցադրությանը մասնակցում էին 19 երկրից 165 ներկայացուցիչներ։  

Ցուցադրության մասնակիցներից յուրաքանչյուրը արվեստասեր հանրությանը ներկայացրել էր իր քաղաքի անցյալը, ներկան և, իհարկե, ցանկալի ապագան։

ՀՊՄՀ-ի մագիստրոսն այդ խորագրում ներկայացել էր «Գիշերային Երևան» մինի գոբելենով՝ պատկերելով մայրաքաղաքի այցեքարտերից մեկը՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Նրա կարծիքով՝ կառույցի գիշերային տեսքը, լուսավորությունն ու գույները բնորոշում են հնամյա քաղաքի ներկապնակը՝ ի ողջ հմայքով։

Այս ցուցադրությունն առանձնանում էր նրանով, որ մասնակիցները պետք է ներկայացնեին փոքր չափի ստեղծագործություն․ սա արվեստագետին թույլ է տալիս կատարել փորձարկումներ՝ չսահմանափակելով գաղափարի իրականացման հնարավորությունները։ Մարի Պարսամյանի կարծիքով՝ սա հարմարավետ է նաև դիտողի համար․ հեղինակը կարողանում է իր ուղերձը հասցնել նույնիսկ փոքր չափի ստեղծագործությամբ։

Aspu.am-ի հետ զրույցում վերջինս հավելեց նաև, որ բազմիցս մասնակցել է ուսանողական  տարբեր ցուցադրությունների, սակայն միջազգային ցուցադրության սա առաջին քայլն էր։