ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՊՄՀ 100-ամյակին
10.10.2022
Գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՊՄՀ 100-ամյակին

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց հանրապետական գիտագործնական կոնֆերանս։

«Կոնստրուկտիվ ֆիզիկա և սոցիալ–տնտեսաաշխարհագրական հետազոտություններին ներկայացվող ժամանակակից պատվերները և ստացված արդյունքների օգտագործման պրագմատիկ նշանակությունը» խորագրով կոնֆերանսին մասնակցում էին տարբեր բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը ողջունեց ներկաներին և կարևորելով զեկուցումների թեմաների արդիականությունը՝ մաղթեց արդյունավետ ընթացք։

Գիտագործնական կոնֆերանսում ներառված էին աշխարհագրության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր՝ քարտեզագրությունից մինչև զբոսաշրջություն։

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանն անդրադարձավ զբոսաշրջության և տուրիզմի զարգացման մի շարք հարցերի՝ ներկայացնելով քարտեզագրական հիմնավորումների կատարման սկզբունքներն ու հիմնավորումների նշանակությունը։

Պրոֆեսոր Կարապետյանը խոսեց նաև տուրիզմը քարտեզագրումով հիմնավորելու անհրաժեշտության, քարտեզագրման կարևորության, առանձնահատկությունների, միջազգային նշանների օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև թույլատրելի և ոչ թույլատրելի սխալների մասին:

Ի դեպ, առաջիկայում կներկայացվի Գևորգ Կարապետյանի հեղինակած նոր ատլասի մոդելը, որում զետեղված են 80-82 քարտեզներ․ դրանցում ներկայացված են Հայաստանի մարզերի ռեկրեացիոն և զբոսաշրջային ռեսուրսները:

Երևանի պետական համալսարանի դասախոս Ռենա Վարդանյանն իր զեկույցում անդրադարձավ երկրի (պետության) ճանաչելի կերպարին՝ որպես զբոսաշրջային դեստինացիայի գրավիչ իմիջի ստեղծման չափանիշի:

Վերջինս խոսեց տարբեր երկրները ճանաչելի դարձնող խորհրդանիշների մասին և ընդգծեց, որ Հայաստանի դեպքում պետք է բրենդավորել արդեն եղած խորհրդանիշներն ու օգտագործելով բոլոր ռեսուրսները՝ ձևավորելու երկրի իմիջը։

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանն էլ անդրադարձավ լանդշաֆտագիության զարգացման փուլերին և ընդգծեց՝ աշխարհագրական կրթության մեջ անգնահատելի է լանդշաֆտային գիտելիքների դերը։

Կոնֆերանսն ընթացավ աշխարհագրական կարևոր հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներով․ քննարկումների և հարցուպատասխանների միջոցով ներկաները ներկայացվող թեմաները դիտարկեցին ժամանակի ու մեր երկրի ռեսուրսների համատեքստում: