ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
04.07.2019
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա վերջին նիստը:

Ներկայացվեցին միջազգային մեդիաֆորումի արդյունքները
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը Գիտական խորհրդին ներկայացրեց հունիսի 6-7-ը ԱՊՀ մասնակից-պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մանկավարժական բուհերի Հանրային խորհրդի՝ «Մանկավարժական կրթությունը թվային հասարակությունում․ մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները» խորագրով միջազգային մեդիաֆորումի արդյունքները:

Մեդիաֆորումի ընթացքում քննարկվել է երկու հարց՝ մանկավարժական կրթության մասին հանրային զեկույցը և թվային մանկավարժական համալսարանի և թվային դպրոցի ռազմավարության հայեցակարգի նախագիծը: 

«Մեդիաֆորումի հիմնական գաղափարն այն է, որ կրթական և գիտահետազոտական գործունեությունը համապատասխանեցվի ժամանակակից թվային տնտեսության պահանջին: Մասնագիտացված մանկավարժական բուհերը այս գործընթացներում կոչված են ապահովելու նախադպրոցական կրթությունից սկսած բոլոր կրթական մակարդակներում և ձևերում նոր՝ թվային տեխնոլոգիական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք մասնագետին հնարավորություն կտան իրականացնել հիմնական գործառույթը»,-նշեց պրոռեկտորն ու ներկայացրեց համալսարանի թվայնացման կրթական բաղադրիչները:

Խոսելով մեդիաֆորումի արդյունքների մասին՝ Արա Երեմյանը հավելեց, որ ընդունվել են մանկավարժական համալսարանի թվայնացման ռազմավարության և ԱՊՀ մասնակից պետություններում մանկավարժական կադրերի պատրաստման համակարգի մասին որոշումներ: Դրանք ներկայացնում են Թվային համալսարանի մոդելի տեսլականը, բուհի թվայնացման նպատակներն ու գործողությունները:

Ֆորումին ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մասնացել է տեսակապի միջոցով և իր ելույթում նշել, որ թվային համալսարանների մոդելի մշակումը և ԱՊՀ մասնակից-պետությունների համալսարանների անցումը այդ մոդելին արդիական են: 

«Դա կապահովի կրթական գործունեության ցանկացած բարեփոխման դերակատարի՝ ուսանողի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորանտի, հետազոտողի, դասախոսի, գիտնականի անձնական հաջողությունը: Այն պահանջում է համալիր մոտեցում և չի կարող սահմանափակվել միայն թվային համալսարանի ստեղծմամբ, այլ պետք է համատեղելի և ճանաչելի լինի Թվային տնտեսության համակարգում և կազմի դրա անբաժանելի մասը»,-հավելեց պրոռեկտորը:
Գիտական խորհրդի անդամներն ի գիտություն ընդունեցին ներկայացված որոշման նախագիծը և հավանություն տվեցին ԱՊՀ երկրների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթական տարածքում Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի հանրային խորհրդի՝ որպես ԱՊՀ երկրների մանկավարժական կադրերի պատրաստման բազային կազմակերպության՝ մանկավարժական կրթության մասին հանրային զեկույցն ու թվային մանկավարժական համալսարանի և թվային դպրոցի ռազմավարության նախագծին: Նախագծի համաձայն՝ ՀՊՄՀ-ն պետք է գործադրի անհրաժեշտ միջոցներ թվային հասարակությունում մանկավարժական կրթությունը փոխակերպելու գործընթացին մասնակցելու ուղղությամբ և հանդես գա մանկավարժական բուհերի և կրթական գործընթացների թվայնացման ճանապարհային քարտեզին վերաբերող առաջարկներով: Առաջարկ եղավ մագիստրոսական ծրագրում ներառել «Մեդիակրթություն» առարկան:

Ներկայացվեցին ատեստավորման քննությունների արդյունքները
Ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն էլ իր զեկույցում ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները՝ ըստ ֆակուլտետների: Գիտական խորհրդի անդամները ևս մեկ անգամ ընդգծեցին ֆակուլտետների և ամբիոնների նիստերում հանձնաժողովների նախագահների առաջարկների և դիտողությունների քննարկման կարևորությունը: Որոշման համաձայն՝ մինչև ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, ամբիոնների նիստերում պետք է քննարկել թեզերի ղեկավարների հաղորդումները շրջանավարտների աշխատանքների վերաբերյալ, պաշտպանության ներկայացնել միայն համապատասխան մակարդակ ունեցող աշխատանքները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները հաստատելիս հաշվի առնել դրանց արդիականությունը և բացառել կրկնվող թեմաները:

Կառուցվածքային փոփոխություններ ՀՊՄՀ-ում
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարցը: Առաջարկվում է ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդին ներկայացնել՝ միավորել բուհի Կենսաբանության և նրա դասավանդման մեոդիկայի և Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնները և անվանել Կենսաբանության, քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն: Փոփոխությունների շրջանակում առաջարկվում է միավորել նաև ՀՊՄՀ-ի Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի և Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնները և անվանել Հասարակագիտության ամբիոն, իսկ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության և Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնների միավորումից ստեղծել Մանկավարժության համահամալսարանական ամբիոն:

Ընտրություններ
Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածուներ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտներ Աշոտ Գևորգյանին և Անդրանիկ Ստեփանյանին ընտրեցին Ակադեմիկոս Գ. Բրոտյանի անվան փիլիսոփայությանև տրամաբանության ամբիոնի դեցենտի թափուր
պաշտոններում:

Ընթացիկ հարցեր
Սրբուհի Գևորգյանը, Արտակ Սահրադյանը, Աշոտ Փիլիպոսյանն ու Գևորգ Թադևոսյանը ներկայացրին Գիտական խորհրդին կից 4 մշտական հանձնաժողովների՝ 2018-2019 ուսումնական տարվա հաշվետվությունները:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց հրատարակության երաշխավորած գրքերը, իսկ Ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց 10 ֆակուլտետների հերթափոխը 2019-2020 ուսումնական տարում:
Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին: