Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը:
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Խաչատուր Ստեփանյանին շնորհեց պրոֆեսորի գիտական կոչման վկայագիր:
Ավարտական աշխատանքների վերաբերյալ նոր պահանջներ և գնահատման չափանիշներ
ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարման պահանջների և գնահատման չափանիշների որակավորումների ազգային շրջանակներին համապատասխանեցման վերաբերյալ հարցը:
Պրոռեկտորն ընդգծեց, որ բակալավրի ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի կատարման բովանդակային առանձնահատկությունները հստակեցնելու նպատակով հանձնարարվել է ֆակուլտետներում, ամբիոններում կազմակերպել քննարկումներ, վերամշակել դրանց առկա նորմատիվ հիմքերը, վերամշակված կարգերը ներկայացնել ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի նիստի քննարկմանը և հաստատմանը։ Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց դրույթներ Բակալավրի ավարտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գնահատման և Մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերից և առանձնացրեց այդ աշխատանքների համար սահմանված նոր պահանջներն ու հստակ սահմանումները:
Պրոռեկտորը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց վերոնշյալ համալրված կարգերը, որոնցում հստակ սահմանվել են բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի կառուցվածքային տարրերը, բովանդակության ձևավորման հիմնական պահանջները, պատրաստման և պաշտպանության ժամանակացույց, գնահատման չափանիշներն ու չափորոշիչները և հատկացվող միավորները:
Ռեկտորն ընդգծեց, որ կարգերում հստակ նշված են մոտեցումներն ու խնդիրները, որոնց պետք է համապատասխանեն աշխատանքները: «Երբեմն ունենք իրավիճակներ, երբ չի արտացոլվում իրական պատկերը, իսկ մի շարք մասնագիտությունների գծով աշխատանքի պաշտպանությունը կրում է ձևական բնույթ: Մինչ ուսումնական տարվա ավարտը ժամանակ կա լուրջ հետևություններ անելու, ինքնուրույն և չարտագրված աշխատանքներ պաշտպանության չերաշխավորելու համար»,-նշեց ռեկտորն ու գիտական խորհրդի անդամներին կոչ արեց լինել օբյեկտիվ, ինչը կնպաստի, որ մեր երկրում չարժեզրկվի ուսուցչի ինստիտուտը:
Ներկայացվեց Ուսանողական խորհրդի գործունեությունը
Անցնող տարվա ուսանողական խորհրդի գործունեության և արդյունքների մասին ներկայացրեց ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը՝ ներիկայացնելով իրականացված ծրագրերը՝ արշավներից մինչև մշակութային միջոցառումներ, միջբուհական մրցաշարերից մինչև մասնակցություն «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին: Պարույր Գալստյանն առանձնակի կարևորեց ուսանողական կառույցի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը և ընդգծեց, որ ուսանողական ամենահետաքրքիր ձեռնարկները դեռ առջևում են:
Գիտական խորհրդի անդամներն ՈւԽ-ի ուշադրությունը հրավիրեցին իրականացվող ծրագրերին և միջոցառումների ներգրավել առավել շատ թվով ուսանողներ, աշխատանքների համար հիմք ընդունել ուսանողների սոցիալական խնդիրներն ու պահանջները, կատարել ընդհանրական վերլուծություն, ինչպես նաև ընդլայնել կապերն արտերկրյա ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների հետ՝ նպաստելով ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը:
Ընտրություններ
Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածուներ Արմեն Աջամօղլյանին, Սուսաննա Խաչատրյանին, Սիրարփի Խաչատրյանին և Սվետլանա Մուրադյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչում:
Փակ քվեարկությամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Թադևոսյանին Գիտական խորհուրդն ընտրեց Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Մելիքյանին՝ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչի, իսկ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանին՝ Կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում, իսկ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանին՝ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում:
Ընթացիկ հարցեր
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց ՀՊՄՀ-ում հետբուհական կրթության հայցորդական համակարգի ուսման վարձի մասին հարցը, ինչպես նաև թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու հրատարակության երաշխավորած գրքերը:
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկոտր Արա Երեմյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց ՀՊՄՀ-ում, բուհի հենակետային վարժարանում և հիմնական դպրոցում ոչ ֆորմալ լրացուցիչ կրթական դասընթացների իրականացման և ՀՊՄՀ-ի Բարեվարքության կանոնակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ հարցերը:
Գիտական խորհրդի անդամների առաջարկությամբ որոշվեց «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին և ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանին: