ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
13.02.2020
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը:

Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա բուհի 2 ուսանողներին հանձնեց սփյուռքահայեր Հակոբ և Շամիր Ավագյանների նվիրատվությունը:

Վերջիններս՝ ի հիշատակ Մարի Ուզունյանի, դրամական նվիրատվություն են հատկացրել Մանկավարժական համալսարանի ուսանողներին՝ ուսման վարձը վճարելու նպատակով: Հինգ հարյուր ԱՄՆ դոլարը տրամադրվել է Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժնի 2-րդ կուրսի մագիստրոս Աշխեն Հովսեփյանին և Կուլտուրայի ֆակուլտետի «Օպերատորություն» բաժնի 1-ին կուրսի մագիստրոս Լևոն Սաֆարյանին։

ՀՊՄՀ-ի ՌԾ-ի 2018-2019 գործողությունների կատարողականը գնահատվեց բավարար

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը Գիտական խորհրդին ներկայացրեց բուհի գործունեության ռազմավարական ծրագրով (2016-2020 թթ․) նախատեսված նախորդ տարվա անելիքները, ինչպես նաև դրա կատարման վերաբերյալ արդյունքները։

Մի շարք ծրագրերի բարելավում, մասնագիտական կրթական ծրագրերի փոփոխություններ, կրթության էլեկտրոնային հարթակում ուսանողների և դասախոսների 97 տոկոս ներգրավվածություն, վերապատրաստումներ և այլն․ Մկրտիչ Ավագյանն անդրադարձավ նաև գիտական գործունեությանը՝ տպագրություններից մինչև գիտաժողովների կազմակերպում և մասնակցություն, ապա մանրամասն ներկայացրեց ՌԾ-ի 7 ուղղություններից յուրաքանչյուրի տվյալներն ու արդյունքները։

«Այս տարի ավարտվում է ՌԾ-ի այս փուլը և այսօրվանից պետք է աշխատել 2021-2025 թթ-ի համար նոր ծրագրի մշակման շուրջ»,-նշեց Մկրտիչ Ավագյանն ու ներկայացրեց այդ ուղղությամբ նախանշվող աշխատանքները՝ վերլուծություններ, աշխատաքային խմբերի, հանձնաժողովների ստեղծում և այլն։

Գիտական խորհուրդը բավարար գնահատեց 2018-2019 թթ․ նախատեսված գործողությունների կատարողականի ընթացքը և հավանություն տվեց նոր ծրագրի ժամանակացույցին և ճանապարհային քարտեզին։

2020 թվականին կլինեն միջազգային համագործակցության նոր ծրագրեր
Մանկավարժական համալսարանի միջազգայնացման և աշխատակազմի գծով պրոռեկտոր Արա Երեմյանը ներկայացրեց 2019-ի ընթացքում իրականացված միջազգային ծրագրերը, դրանց շրջանակներում՝ ուսանողների, դասախոսների շարժունությունը։

Պրոռեկտորն անդրադարձավ ERASMUS+-ի այն ծրագրերին, որոնց համակարգողը Մանկավարժական համալսարանն է, և խոսեց դրանց նպատակների մասին։

ACCESS՝ «Կրթական հատուկ կարիքներ ունեցող ուսանողների սահուն անցման ապահովումը ավագ, մասնագիտական դպրոցներ և բարձրագույն կրթական համակարգ», ARInet, QUTE, PROVE և այլն․ սրանք այն ծրագրերն են, որոնց կհամագործակցի Մանկավարժական համալսարանը՝ ERASMUS+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում։

Խոսելով 2020 թվականին համագործակցության աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ անելիքներին՝ պրոռեկտորը նշեց, որ ERASMUS+ ակադեմիական շարժունության ծրագրերի հայտեր են ներկայացվել Իսպանիայի Վալլադոլիդի, Վալենսիայի, Սեւիլլայի, Ալիկանտեի համալսարանների, Չեխիայի Պորդուբիցեի, Հարավային Բոհեմիայի համալսարանների, Լիտվայի Վիլնյուսի համալսարանի, Իտալիայի Մաչերատայի և Տրիեստեի, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ,ինչպես նաև Պորտուգալիայի Ավեյրոյի և Ռումինիայի Տրանսիլվանիայի Բրաշևի համալսարաններին։

Գիտական խորհրդի անդամները բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացների, միջազգային համագործակցության ծրագրերի մասին  տեղկատվությունն ընդունեցին ի գիտություն և հույս հայտնեցին, որ տարեցտարի միջազգային ծրագրերում կավելանա ուսանողների և դասախոսների թիվը։

Ընտրություններ
Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածու Ինեսսա Սիրեկանյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչում:

Ընթացիկ հարցեր
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու հրատարակության երաշխավորած գրքերը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ Գիտական խորհրդին ներկայացրեց ֆակուլտետը Պատմության և հասարակագիտության անվանափոխելու հարցը։