ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
31.08.2020
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի նիստը։ 

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ներկայացրեց արդեն 4-րդ տարին անցկացվող Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցույթի արդյունքները: Պրոֆեսորը ցավով նկատեց՝ համավարակի պատճառով Ռուբեն Սևակի կենսագրական, հասարակական գործունեության և գրական բարձր շերտերը քննող խոհագրությունների մրցույթին այս տարի քիչ թվով ուսանողներ են մասնակցել: Ըստ ներկայացված աշխատանքներից չափանիշներին համապատասխանել է միայն 1 աշխատանք: Ռուբեն Սևակի անվան մրցանակն այս տարի հանձնվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցմամբ 1-ին կուրսի ուսանող Նարեկ Մովսիսյանին:

 Դեկանների ընտրություն

Գիտական խորհրդի նիստի օրակարգային 1-ին հարցը 2 ֆակուլտետի դեկանի ընտրությունն էր: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար հայտարարաված մրցույթին մասնակցում էին հոգեբանական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Ռուզաննա Պետրոսյանն ու Լևոն Սարգսյանը, իսկ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ 4 թեկնածու՝ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Դեմիրխանյանը, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վաղարշակ Ոսկանյանը, մանկավարժական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Պետրոս Պետրոսյանը և Վարուժան Վարդապետյանը։

Դեկանների թեկնածուները ներկայացրին ֆակուլտետների զարգացման իրենց ծրագրերը, սեփական տեսլականը՝ ուսանողակենտրոն քաղաքականության, համագործակցության ընդլայնման, աշխատաշուկայում կայուն տեղ գրավելու և այլ հարցերի վերաբերյալ:

Գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան վերընտրվեց Ռուզաննա Պետրոսյանը, իսկ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ Գագիկ Դեմիրխանյանը:

Ընթացիկ հարցեր

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց Պարարվեստի մանկավարժության, Ռոմանագերմանական լեզուների, Ռուսաց լեզվի ամբիոնների անվանափոխության հարցը։ Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց ամբիոնները՝ համապատասխանաբար Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի, Ռոմանագերմական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի, Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի վերանվանելու հարցը։

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն էլ Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց ՀՊՄՀ-ի դասախոսների և վարչական աշխատակիցների շարժունության իրականացման, ՀՊՄՀ-ում սովորողների և համալսարան ժամանող օտարերկրյա սովորողների ակադեմիական շարժունության իրականացման և ՀՊՄՀ-ի դասախոսների և վարչական աշխատակիցների միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության կարգերը։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց Անվանական կրթաթոշակների հավակնորդների թեկնածուներին։

Ավանդույթի համաձայն` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև հոբելյարներին։