ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
30.03.2021
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը․ 2020 թվականի տարեվերջյան նիստն հետաձգվել էր՝ համավարակով պայմանավորված։

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում հեռավար ուսուցման կազմակերպման առանձնահատկություններին և նշեց, որ այն հնարավորություն տվեց թեկուզ ոչ լիարժեք, բայց արդյունավետ ուսումնական պրոցես կազմակերպել։ Ռեկտորը դրական համարեց նաև ուսումնական գործընթացի ներկայիս ձևը՝ հեռավար և առկա ուսուցման զուգակցումը, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել ուսումնական գործընթացն ու պահպանել ամենաթանկը՝ առողջությունը։

«Ուսանողների կողմից ունենք բևեռային մոտեցում․ հատկապես մագիստրոսները, որոնք ուսմանը զուգահեռ աշխատում են, կողմ են հեռավար ուսուցմանը, իսկ արվեստի գծով մասնագիտությունների մի շարք ուսանողներ կողմ են միայն առկա ուսուցմանը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որդեգրել ենք մոտեցում, երբ ֆակուլտետն իր մասնագիտական ուղղվածությամբ պայմանավորված, ընտրում է ուսուցման տարբերակը»,-նշեց ռեկտոր Միրզախանյանն ու ևս մեկ անգամ ընդգծեց՝ բոլոր մոտեցումներում պետք է ելակետային լինի առողջության պահպանումը։

Ռեկտորը ներկայացրեց նաև 2020 թվականի դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, ընդհանուր ուսանողների և 1-ին կուրսեցիների թիվը` ըստ տարիների, ինչպես նաև դրամական ելքերի բաշխվածությունն ու 2021-ի բյուջեի նախահաշիվը:

Բուհի նախորդ տարվա գործունեության մյուս մանրամասներն ամփոփված էին Մանկավարժական համալսարանի 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող տեսաֆիլմում:

Գիտական խորհուրդը ներկայացված հաշվետվությունն ընդունեց ի գիտություն:

Ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսի և բակալավրի ու անընդհատ և ինտեգրված ծրագրերի (առկա և հեռակա ուսուցման)մասնագիտությունների, քննությունների, տեղերի, ուսման վարձերի, նաև նախապատրաստած բաժնի ուսման վարձերի հարցը։ Առկա բակալավրիատում ընդունելություն կիրականացվի 40 մասնագիտությունների գծով. հատկացված է 83 անվճար և վճարովի 1537 տեղ, իսկ հեռակայում՝ 31 մասնագիտությունների համար հատկացված է 1245 տեղ։ Առկա մագիստրատուրայում ընդունելություն կիրականացվի 52 մասնագիտությունների գծով՝ 96 անվճար և 950 վճարովի տեղերի համար, իսկ հեռակա մագիստրատուրայում՝ 9 մասնագիտությունների գծով՝ 315 վճարովի տեղի համար։

Պրոռեկտորը հավելեց նաև, որ այս տարի նախատեսված է ընդունելության երկու քննություն, սակայն համավարակով պայմանավորված հնարավոր է լինեն փոփոխություններ։ Նա հավելեց նաև, որ փոփոխություն է եղել ընդունելության կարգում. 1-ին փուլում դիմորդը կարող է նշել մեկ բուհ և մեկ մասնագիտություն, ապա կկազմակերպվի թափուր տեղերի համար լրացուցիչ փուլ։ Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց նաև նախապատրաստական բաժնի ընդունելության վերաբերյալ մանրամասները՝ նշելով, որ եռամսյա դասընթացներ կիրականացվեն 39 մասնագիտությունների գծով՝ 80 000 դրամ ամսական վճարով, օտարերկրյա քաղաքացիների համար՝ 420 000 դրամ։

Ընթացիկ հարցեր

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու հրատարակության երաշխավորած գրքերը։ Գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերականների շարքում ընդգրկված համալսարանի «Գիտական տեղեկագիրը» այսուհետ կհրատարակվի էլեկտրոնային պարբերականների ձևաչափով։

ՀՊՄՀ Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրեց 2021-2025 թթ․ ռազմավարական ծրագրի և գործողությունների կատարման պլանը․ Գիտական խորհուրդն այն ընդունեց ի գիտություն։

ՀՊՄՀ Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց Արցախյան 3-րդ պատերազմում զոհված ուսանողների և շրջանավարտների հիշատակի հավերժացման միջոցառումների ընթացքն ու անելիքները։ Գիտական խորհուրդն ընդունեց որոշումը, ըստ որի առաջիկայում բուհի Ալեք Մանուկյան 13 հասցեի մասնաշենքի բակում կբացվի հուշակոթող, կհրատարակվի արցախյան երեք պատերազմների մասնակից 310 համալսարանականներին նվիրված կենսագրական հանրագիտարան, Կուլտուրայի ֆակուլտետի 208-րդ արվեստանոցը կկոչվի ֆակուլտետի շրջանավարտ Ալեն Մարգարյանի անունով։ Որոշվեց նաև շարունակել այցելությունները պատերազմում զոհված, մասնակից շրջանավարտների ընտանիքներին, հաշվառել նրան կարիքները, ընդառաջել համալսարանում սովորող նրանց հարազատներին։

Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածուներ Արմինե Բաղդասարյանին, Անահիտ Դաշյանին, Ալինա Մանուկյանին, Ռուզաննա Ասատրյանին, Ռուզան Խաչատրյանին, Լիլիթ Գրիգորյանին, Կարինե Աղաբաբյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սուսաննա Խաչատրյանին և Լիլիթ Իսկոյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչում։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սրբուհի Լուլուկյանը ներկայացրեց Ջորջ Բայրոնի անվանական կրթաթոշակի հավակնորդ թեկնածուին։ Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին։