Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին։
Նիստի օրակարգային 1-ին հարցը Օտար լեզուների, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետների դեկանների, Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության, Հեռուստառադիոլրագրության ամբիոնների վարիչների ընտրությունն էր։
Գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում` Օտար լեզուների ֆակուլտետի առաջադրված թեկնածուներից դեկանի պաշտոնում ընտրվեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Տրգրան Միքայելյանը, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։
Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, իսկ Հեռուստալրագրության ամբիոնի վարիչի պաշտոնում՝ Լևոն Գալստյանը։
Գիտական խորհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ հաստատեցին դոցենտի գիտական կոչման ներկայացված մանկավարժական գիտությունների թեկնածուներ Բելլա Այունցին, Արմինե Դալլաքյանին, Էմիլյա Թադևոսյանին և Նաիրա Մարտիրոսյանին։
Պրոֆեսորի պաշտոնում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանը, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գոհար Հովյանը։
Օրակարգի հաջորդ հարցը՝ ՀՊՄՀ-ի գիտական գրադարանի գործունեության մասին, ներկայացրեց տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։
Վերջինս նկատում է՝ բուհի տարեկից գրադարանն իր գործունեության 100 տարվա ընթացքում աջակցել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և մասնակցել ուսանողության կրթական խնդիրների իրականացմանը՝ ապահովելով անհրաժեշտ ուսումնաօժանդակ, էլեկտրոնային, գիտական, հանրագիտական, հանրամատչելի, գեղարվեստական գրականությամբ:
Տիգրան Պետրոսյանցը, կարևոր ձեռքբերում համարեց էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը, նկատելով՝ հեռավար ուսուցման ժամանակ այն փոխարինեց առկա ձևաչափին․ այսօր էլեկտրոնային շտեմարանում 120 մասնագիտական ծրարներում հավաքված է ավելի քան 20 հազար էլեկտրոնային գիրք:
Գրադարանի տնօրենը վստահեցնում է՝ իր ղեկավարած կառույցը կարևորում է նաև նոր գրքերի ցուցադրությունը․ գրեթե ամեն տասնօրյակ դրանք ներկայացվում են գրքերի մեծ և փոքր շնորհանդեսներում:
«Անցած 50 տարվա ընթացքում գրադարանի գրքային պաշարների հաշվառում չի կատարվել․ գործընթացը սկսվել է 2020 թվականից: Առ այսօր՝ մուտքագրվել է առկա քանակի մեկ հինգերորդը՝ շուրջ 90 հազար միավոր հայերեն, ռուսերեն, օտարալեզու գրքեր: Աշխատանքի ավարտից հետո միայն ստույգ հայտնի կլինի գրադարանի գրքապաշարի քանակը»,-նշեց տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։ Գրադարանի սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով նա առաջարկեց ընթերցասրահների համար ստեղծել գիտական գրադարանի էլեկտրոնային գրքերի շտեմարան, ապահովել ներհամալսարանական կապը՝ գիտական գրադարանի ընթերցասրահների միջև, համալսարանի գիտխորհրդի, ֆակուլտետների խորհուրդների տպագրությանը երաշխավորված գրքերից երկու օրինակ հատկացնել գրադարանին և այլն։
«Ուսանողական խորհուրդն ապահովում է ուսանողական ինքնավարության և ուսանողական ինքնակառավարման գործընթացները ՀՊՄՀ-ի ուսանողության շրջանում, արտահայտում և պաշտպանում է նրանց, ինչպես նաև բուհում հետբուհական կրթություն ստացողների շահերն ու իրավունքները։ Ուսանողական խորհրդի կազմում հասարակական գործունեություն ծավալողների թիվը գերազանցում է 1000-ը»,- Գիտական խորհրդի իր ելույթում նշեց ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։
Վերջինս, ներկայացնելով ուսանողական խորհրդի գործունեությունը, անդրադարձավ ուսանողների համակողմանի զարգացմանն ուղղված սոցիալական բնույթի ծրագրերի իրականացմանը, ներկայացրեց սպորտային, մշակութային և հոգևոր բնույթի միջոցառումները։
Պարույր Գալստյանը կարևորեց ընթացիկ տարում շուրջ 100 դպրոցում իրազեկման ծրագրերը, ՀՊՄՀ ՈւԽ-ի պաշտոնական կայքի գործունեությունը, առցանց հեռուսաալիքը՝ «Student TV»-ին, որն արդեն հինգ տարի լուսաբանում է ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումները։
Գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվ գործունեություն, օտար լեզուների իմացություն, գիտական և ստեղծագործական աշխատանքներում ներգրավվածություն, օրինակելի վարք․այս և այլ չափանիշներով, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն Ուսանողական կառույցի ղեկավարը համարեց կարևոր ձեռքբերում։
Գիտական խորհուրդը ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի և Ուսանողական խորհրդի գործունեության մասին զեկուցումներն ի գիտություն ընդունեց։
Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 3 ատենախոսությունների թեմաները, հրատարակման երաշխավորեց ներկայացված գրքերը։
Խորհուրդը հաստատեց նաև «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության մասգիստրոսի հեռակա կրթական ծրագրի մասնագիրը, ուսումնական պլանը և ուսման վարձի նախատեսված չափը, ինչպես նաև 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ ուսումնական աշխատանքների ծավալների հաշվարկի չափորոշչի փոփոխված տարբերակը։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը Գիտական խորհրդի հաստատաման ներկայացրեց նաև «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ «Ալեն Մարգարյան» անվանական կրթաթոշակ սահմանելու մասին հարցը։ Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատեց, որ կազմակերպության հետ դրա վերաբերյալ որոշ ճշգրտումներից հետո, այն կրկին կներակայացվի Գիտական խորհրդի անդամների հաստատմանը։
Գիտական խորհրդի որոշմամբ՝ ՀՊՄՀ-ի պարբերականների շարքը համալրեց «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական պարբերականը։ Առաջիկայում այն կգործի առցանց․ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դիտարկմամբ՝ ամսագիրը մշտապես ունեցել է բարձր վարկանիշ, մեթոդական տեսանկյունից օժանդակել մաթեմատիկայի դասընթացին, կարևոր օգնություն եղել ուսուցիչների և մագիստրոսների համար։