ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
23.11.2023
Գիտական խորհրդի նիստում

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացած Գիտական խորհրդի նիստում բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, միջազգային համագործակցության ծրագրերին և դրամաշնորհներին անդրադարձավ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Նա նկատեց, որ ընթացիկ տարին բուհի համար միջազգայնացման տեսանկյունից եղել է աննախադեպ հաջող։

Պրոռեկտորը խորհրդի անդամներին ներկայացրեց 2019-2023թթ․, 2023-2027թթ․ ԵՄ ֆինանսավորած ծրագրերը, մասնավորապես՝ ՀՊՄՀ-ի համակարգմամբ Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը միտված «T4GREEN», բարձրագույն կրթության համակարգի կառավարմանն ու համալսարանների ռազմավարական պլանավորմանը միտված «KPI4HE», ուսանողների «փափուկ» հմտությունների կատարելագործմանն ու զարգացմանը միտված «DESIRE»-ը։

Մարիաննա Հարությունյանը խոսեց նաև 2023-2025թթ․ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ««Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» ծրագրի մասին։

Ինչպես նկատեց պրոռեկտորը՝ ծրագրի հիմնական նպատակը ՀՊՄՀ-ում ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով, կարողություններով հարուստ մասնագետների պատրաստումն ու ԲՏՃՄ ոլորտի մասնագետների վերապատրաստումն է։

Մարիաննա Հարությունյանն անդրադարձավ 2023 թվականին Էրազմուս + շարժունության ծրագրերում բուհի մասնակցությանը, մանրամասնեց 2024-2027 թթ․ սպասվելիք ծրագրերն ու դրանց աշխարհագրությունը։

Միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը վստահեցրեց՝ ընթացիկ տարում Մանկավարժականն ակտիվ համագործակցել է նաև ԱՊՀ երկրների հետ, իրականացրել տարատեսակ ծրագրեր, կնքել համագործակցության նոր պայմանագրեր։

Գիտական խորհրդի նիստում ՀՊՄՀ-ում դասավանդման մասնավոր մեթոդիկայի դրվածքը ԲՏՃՄ մասնագիտությունների ուղղությամբ հարցը զեկուցեց Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը։

Ի՞նչ ենք պատրաստում՝ ոլորտի մասնագե՞տ, թե՞ բնագավառի ուսուցիչ հարցադրմամբ մեկնարկեց պրոֆեսորի ելույթը։ Նա նկատում է՝ դրա պատասխանով է մեծամասամբ պայմանավորված կրթական ծրագրերի, դրանց իրականացմանն ուղղված և ուսպլանում ընդգրկված դասընթացների, ուսումնական աշխատանքի կազմակերպչական ձևերի արդյունավետությունը։

Պրոֆեսոր Միքայելյանը ներկայացրեց բուհում ԲՏՃՄ ոլորտում կատարած հետազոտության արդյունքները․ դրանք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային խմբում՝ նպաստելով ուսումնական նոր պլանների մշակմանը։

Սահմանել կրթական թիրախներ, խնդիրներ, ուսումնական դասընթացներ, կրթական վերջնարդյունքներ, լուծել ոլորտային և հանրակրթական դասընթացների հարաբերակցության խնդիրը, ամբիոնները կազմավորել ըստ գիտական բնագավառների և այլն․Համլետ Միքայելյանն այսպես է պատկերացնում դպրոցում դասավանդող լավ մանկավարժ պատրաստելու խնդրի լուծումը։

Նա կարծում է, որ մասնագիտական ամբիոնները պետք է  կազմավորել մասնագիտական հիմքով՝ ստեղծել ոլորտային և մեթոդիկաների ամբիոններ․վերջինս որոշ մասնագիտությունների համար կարող է  լինել առանձին, իսկ որոշների համար՝ միացյալ։

Գիտական խորհրդի անդամները կարևորեցին հարցադրումը, քննարկեցին և հնչեցրին տարբեր տեսակետներ։ 

Գիտական խորհրդի նախագահ Սրբուհի Գևորգյանը կարևորեց բուհի մյուս՝ հումանիտար, արվեստի, մանկավարժահոգեբանական ուղղությունների գծով նմանատիպ ուսումնասիրությունները։

Բուհի ղեկավարը  նկատում է՝ ոլորտի մասնագետի պատրաստման և մանկավարժության մեթոդիկայի մասնագետների համագործակցության շնորհիվ կմշակվեն ուսումնական նոր պլաններ, ինչը կբխի ուսանողի շահերից։

Գիտական խորհրդի նիստում Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ անելու, ինչպես նաև Պրակտիկայի կենտրոնի լրամշակված կանոնադրության հաստատման մասին հարցերը։

Պրոռեկտորը նշեց, որ լավարկել է ՄԿԾ-ում հետազոտական և նախնական մասնագիտական փորձառության ձևավորման (պրակտիկայի) քաղաքականությունը։ Հավելեց՝ արդեն իսկ մշակվել է պրակտիկա-աշխատաշուկա շարունակական բարելավման պլան, իսկ հետագայում, ուսումնական պլանների փոփոխությունների գործընթացի մեկնարկին զուգահեռ, կվերանայվեն պրակտիկայի կազմակերպման մյուս փաստաթղթերը ևս։

Գիտական կոչումների հավակնող թեկնածուներին խորհրդի նիստում ներկայացրեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։

Փակ քվեարկության արդյունքում՝ մանկավարժական գիտությունների թեկնածու Լիդա Ավանեսյանն ու հոգեբանական գիտությունների թեկնածու Դիանա Մարկոսյանն ընտրվեցին դոցենտի պաշտոնում:

Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց նաև ներկայացված 5 ատենախոսությունների և 1 դոկտորականի թեմաները, հրատարակման երաշխավորեց ներկայացված 3 գրքերը։

Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, հանձնեց դոցենտի վկայականներ։

Գիտական խորհրդի որոշմամբ նաև՝ Կուլտուրայի ֆակուլտետի 208 լսարանն անվանակոչվեց Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակաշատ լրագրող Սերգո Երիցյանի անունով։