ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
29.11.2024
Գիտական խորհրդի նիստում

Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի նիստում 2024 թվականի ՀՊՄՀ հավատարմագրման գործընթացի իրականացման փուլերն ու արդյունքները ներկայացրեց Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը և խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ 10 չափանիշներից 9-ով բուհը գնահատվել է բավարար։

Սամվել Ասատրյանը ներկայացրեց նաև փորձագիտական խմբի դիտարկումներն ու առաջարկությունները, մասնավորապես՝ բուհն ապահովում է որակավորումների արժանահավատ շնորհում, կառավարման և որակի համակարգերի կայունություն և զարգացում, միջազգայնացումն ու հետազոտական-ստեղծագործական գործունեությունը զարգացման միտումներ ունեն, իսկ ՀՊՄՀ-ի փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրն իրատեսական է և չի պարունակում ռիսկեր։

Բանախոսը նշեց նաև, որ փորձագիտական զեկույցում արձանագրված այլ խորհրդատվությունների հիմքի վրա ստեղծվել է բարելավման պլան, որ ներառում է հավատարմագրման 10 չափանիշներում վերհանված խոշոր խնդիրների բարելավման գործողությունները։ Նա խոսեց մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի անհրաժեշտության մասին, որ ՀՊՄՀ ինստիտուցիոնալ կարողությունների հավատարմագրման հանձնաժողովի որոշումն է, ներկայացրեց գործընթացները կազմակերպելու վերաբերյալ մանրամասներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հիշեցրեց՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ բուհին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով։ Նա գործընթացը առաջընթաց և աննխադեպ համարեց բուհի համար և հույս հայտնեց, որ ՄԿԾ-ի ներքին աուդիտի գործընթացը ևս կիրականացվի ըստ պատշաճի։

Գիտական խորհրդի օրակարգում էր նաև համալսարանի միջազգայնացմանն ուղղված գործընթացների, միջազգային համագործակցության ծրագրերի վերաբերյալ հարցը։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ընդգծեց՝ բուհը միջազգային գործընթացներում նշանակալի ձեռքբերումներ և զարգացումներ ունի, իսկ զեկույցը յուրատեսակ հաշվետվություն է կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նա հանգամանորեն ներկայացրեց 2024թվականին Էրազմուս+ շարժունության և այլ ծրագրերի դասախոսական կազմի, ուսանողների մասնակցության վիճակագրությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա ամփոփիչ և մեկնարկային ծրագրերը։

Անդրադառնալով նոր նախագծերին՝ Մարիաննա Հարությունյանը նշեց՝ յուրքանաչյուրը տարբերվում է իր նպատակով, բայց դրանք բոլորը միտված են բուհի զարգացմանն ու կարիքների բարելավմանը։ Այդ առումով նա հատկապես կարևորեց «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի ստեղծումն ու վստահեցրեց՝ ծրագիրը, որ միտված է ներկա և ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, առաջիկայում կիրականացնի գործնական պարապմունքներ, մասնագիտական վերապատրաստումներ։

Մարիաննա Հարությունյանը կարևորեց տարբեր ծրագրերի միջոցով նոր սարքավորումների ձեռբերումն ու բուհի տեխնիկական հագեցվածությամբ ապահովումը։ Անդրադարձավ նաև 2024 թվականին ֆինանսավորված նախագծերին, վերապատրաստման ծրագրերին։ Այդ համատեքստում կարևորվեց «Արտաս» հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը։
Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց նաև միջազգային համալսարանների ցանկը, որոնց հետ ընթացիկ տարում բուհը համագործակցել և առաջիկայում նախատեսում է իրականացնել տարատեսակ ծրագրեր։ Գիտական խորհուրդը ներկայացված զեկույցն ընդունեց ի գիտություն։

Գիտական խորհրդի քարտուղար Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց, իսկ փակ գաղտնի քվեարկության արդյունքում անդամները հաստատեցին նաև կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Դալլաքյանի դոցենտի գիտական կոչումն ու Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Ամատունի Վիրաբյանի պրոֆեսորի կոչումը։

Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 6 թեկնածուական ատենախոսությունների թեմաներ, 3 թեմաների և ղեկավարների առաջարկվող փոփոխություններ, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի խորհրդի որոշումը «Մովսես Խորենացու» անվանական կրթաթոշակի վերաբերյալ։

Նիստում երաշխավորեցին նաև հրատարակման ներկայացված ուսումնամեթոդական ձեռնարկները։
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, հանձնեց դոցենտի վկայականներ։