ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
30.06.2017
Գիտական խորհրդի նիստում

Գիտական խորհրդի նիստում Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի նիստը.օրակարգային առաջին հարցը գիտական կոչումների շնորհումն էր:

Փակ քվերակության արդյունքում՝ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհեց  1 պրոֆեսորի և 6 դոցենտի կոչում:

Պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը նիստի ընթացքում անդրադարձավ ամփոփիչ ատեստավորման քննություններին՝  ներկայացնելով  2016-2017 ուսումնական տարվա  մայիսի 15-ից հունիսի 16-ն անցկացված  առկա և հեռակա ուսուցման համակարգի որակավորման քննությունների արդյունքները.« Դրանք  կազմակերպվել են 48 հանձնաժողովներում, որին մասնակցել  է 2773  ուսանող: : Համալսարանը շրջանավարտներ է  ունեցել 51 մասնագիտացումների գծով, քննությունները վերահանձնելու դիմումներ  է ներկայացրել նախորդ տարիների շուրջ 249 շրջանավարտ, ուսանողների 70 բողոքարկումից  լուծում է տրվել 10-ին»:

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտորն ամփոփեց նաև  քննական հանձնաժովների նախագահների հաշվետվություններն ու  դրանց վերաբերյալ դիտարկումները:

Քննական գործընթացի կարևոր ձեռքբերումներից համարվեց  էլեկտրոնային եղանակով անցկացումը, քննասենյակներում մասնագիտական գրականության առկայությունը, ինչպես նաև  ուսանողների հարուստ գիտելիքները:

Թերացումներից առանձնացվեց ավարտական աշխատանքներում   բովանդակային և տեխնիկական խնդիրները, գրախոսությունների ձևական բնույթ կրելը, որոշ դեպքերում՝  աշխատանքների պաշտպանության ժամանակ ղեկավարների և գրախոսների բացակայությունն ու այլն:

Գիտական խորհրդի որոշմամբ՝ բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ավարտական քննությունն առաջիկայում կփոխարինվի ավարտական աշխատանքի պաշտպանությամբ, աշխատանքի ղեկավարման համար կտրվի 8 ժամ՝ 7-ը՝ ղեկավարողին, 1-ը՝գրախոսողին:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն առաջարկեց փաստաթղթում կատարել որոշ փոփոխություններ՝ քննական նոր ձևաչափն առավել արդյունավետ դարձնելու համար.«Առաջատար բուհերում ավարտական աշխատանքների պաշտպանության համակարգն արդենիսկ ներդրված է.մեզանում անհրաժեշտ են մի շարք լրացումներ կատարել՝ այն առավել  ճկուն դարձնելու համար»:

Գիտական խորհրդի անդամները հանդես եկան գործնական առաջարակներով, իսկ ռեկտորն այդ գործում կարևորեց հատկապես  կամավորական աշխատանքն ու  պրակտիկայի նիշը:

Նիստը շարունակվեց Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների հաշվետվություններով:

Դրանց նախագահներ Աելիտա Դոլուխանյանը, Սրբուհի Գևորգյանը, Յուրի Յուզբաշյանն ու  Մեժլում Երիցյանը ներկայացրին ընթացիկ ուսումնական տարում   իրենց ղեկավարած հանձնաժողովների կատարած աշխատանքը, որն ընդունվեց ի գիտություն:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց 5 թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու  հրատարակության  երաշխավորեց ներկայացված  8 ձեռնարկ:

Գիտական խորհուրդը հաստատեց նաև  ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների Ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցությամբ և միջազգային մրցույթի շրջանակներում ֆինանսավորում ստանալը, ինչպես նաև «Էրգոթերապիա» մասնագիտությունը  մագիստրոսի կրթական ծրագրում ներդնելու որոշումը:

ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան  Էդգար Հովհաննիսյանը Գիտական խորհրդին ներկայացրեց «Մովսես Խորենացի» և «Մխիիթար Գոշ»  անվանական կրթաթոշակների հավակնորդ երկու ուսանողի:

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ  Գիտական խորհրդին ներկայացրեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե համալսարանի հայազգի ռեկտոր, պրոֆեսոր  Մարի Փափազյանին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ ներակայացնելու հարցը՝ ընդգծելով վերջինիս հայանպաստ գործունեությունն ու գիտական մեծ ավանդը:

Անդրադառնալով Օտար լեզուների ֆակուլտետի կառուցվածքային փոփոխություններին՝  Տիգրան Միքայելյանը նշեց ռոմանական ամբիոնը լուծարելու, գերմանական լեզուների ամբիոնը ռոմանագերմանական լեզուների,   իսկ անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնը՝ օտար լեզուների ուսուցման վերանվանելու մասին:

Նիստի ընթացքում Ռուբեն Միրզախանյանը  հանձնեց  13 դոցենտի վկայական, ինչպես նաև շնորհավորեց հոբելյարներին: