ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
15.09.2017
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի 2017-2018 ուսումնական տարվա առաջին նիստը:

«Մագիստրոսական կրթությունը գրանցում է դանդաղ, բայց հաստատուն զարգացում»

Օրակարգային առաջին հարցի՝ ընթացիկ տարվա մագիստրոսական և ավարտական աշխատանքների մասին զեկուցեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Պրոռեկտորը թվերով փաստեց՝ տարեցտարի, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով մագիստրոսական կրթությունը գրանցում է դանդաղ, բայց հաստատուն զարգացում:

Ներկայացնելով ընթացիկ ուսումնական տարվա բարեփոխումները՝ Սրբուհի Գևորգյանը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել թեզերի վերնագրերը՝ շեշտը դնելով քիչ կամ ընդհանրապես չուսումնասիրված թեմաների վրա:

«Առավել արդյունավետ է, եթե թեզերի թեմաների ընտրությունը կատարվում է գործատուների՝ դպրոցների պատվերով»,-վստահեցրեց պրոռեկտորն ու հավելեց, որ արդյունավետությանը կնպաստի նաև այն, որ թեզերի հետ կապված գիտափորձերը շարունակվեն իրականացվել պրակտիկայի ժամանակ՝ ստանալով գործնական հիմնավորում:

Խիստ կարևորվեց նաև թեզերի ղեկավարների ընտրության հարցը՝ բացառելով ժամեր լրացնելու խնդրին մեխանիկական մոտեցում ցուցաբերելը:

Գիտական խորհրդի անդամներին Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց նաև Մանկավարժական համալսարանի շրջանավարտների ավարտական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդենիսկ մշակված և ամբիոններին ներկայացված կարգը՝ մեկ անգամ ևս նշելով, որ մագիստրոսական թեզերի թեմաները պետք է խորությամբ քննարկել ամբիոնի նիստերում, հիմանվորել դրանք և նոր միայն հաստատել ֆակուլտետային խորհուրդներում:

Հարցի վերաբերյալ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց՝ եթե ուզում ենք ունենալ լուրջ առաջընթաց, պետք է անենք հնարավորը, որ ուսանողները թեզերը գրելիս ցուցաբերեն սեփական մոտեցում, թեմայի վերաբերյալ՝ ինքնուրույն մտածողություն. «Դեռ նոր ուսումնական տարվա նախաշեմին պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկվել է հարցը. նման աշխատանքային հանդիպում կլինի նաև ուսանողների և ամբիոնների հետ համատեղ՝ ներկայացնելու նոր պահանջներն ու մոտեցումները»,-հավելեց ռեկտորը:

Փոփոխություններ՝ մասնագիտությունների ցանկում
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը Գիտական խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների և քննությունների վերաբերյալ ֆակուլտետների և ամբիոնների առաջարկները:

Պրոռեկտորն անդրադարձավ նաև գործող մասնագիտություններից մի քանիսի անվանումների փոփոխման և այդ հարցով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ կառավարությանը դիմելու անհրաժեշտությանը: Ռեկտորը նկատեց, որ 7-8 տարիների ընթացքում մասնագիտությունների ցանկում քիչ փոփոխություններ են եղել, իսկ դիմորդների պահանջարկը թելադրում է առաջ քաշել որոշակի փոփոխություններ:

Գիտական խորհրդի անդամները քննարկեցին և հաստատեցին 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության մագիստրոսի և բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի մասնագիտությունների և քննությունների ցանկը:

«Միջազգային կրթական ասպարեզում մրցակցելու համար պետք է ձեռնարկել հրատապ միջոցներ»

Համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերի միջազգայնացման մասին հարցը Գիտական խորհրդի անդամների ներկայացրեց բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը:

«Մանկավարժական համալսարանի միջազգայնացման հիմնական նպատակն է բարելավել կրթական ծառայությունների և հետազոտության որակը, բարելավել համալսարանի մրցունակությունը ազգային և միջազգային մակարդակներում, ստեղծել միջմշակութային երկխոսության նպաստավոր միջավայր և ապահովել համալարանի շրջանավարտների պահանջարկն ու մրցունակությունը ազգային և միջազգային մակարդակներում»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ բուհի մասնագիտական կրթական ծրագրերի միջազգայնացման ուղիների և մեթոդների վերաբերյալ ձևավորվել են ռազմավարական ծարգրից բխող մոտեցումներ:

Արա Երեմյանն անդրադարձավ բուհի համատեղ կրթական ծրագրերի ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին և հավելեց, որ համալսարանների համատեղ մասնագիտական կրթական ծրագրերի ստեղծման պրակտիկան բազմազան է՝ ուսանողների կարճաժամկետ փոխանակումից մինչև համատեղ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում:

«Միայն «սեփական կարողությունների վրա հենված» քաղաքականությունը փոխվել է նաև աշխարհի լավագույն հետազոտական համալսարաններում. ներկայումս գերակայում է կրթության դիվերսիֆիկացման գաղափարը, որը հնարավոր է փոխադարձության սկզբունքով այլ բուհի կրթական գործընթացներին առնվազն կես տարի ուսանողի ներառման դեպքում: Այդ իրողությունը կոչվում է ներառված անհատական շարժունություն, ինչը հանգեցնում է բուհի, ուսանողի և դասախոսի ճանաչվածությանը և մրցունակության բարձրացմանը ազգային ու միջազգային աշխատաշուկայում, կրթական տարածքում»,-նշեց Արա Երեմյանը:

Պրոռեկտորը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց նաև 2015-2020 թվականների միջազգայնացման քաղաքականությունն ու ռազմավարությունը ընդունելուց հետո կրթական գործընթացների ձեռքբերումները և միաժամանակ վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանը ազգային և միջազգային կրթական ասպարեզում սեփական մրցունակությունն ապահովելու համար պետք է ձեռնարկի հրատապ միջոցներ:

Գիտական խորհուրդը հաստատեց նաև վերոնշյալ հարցի վերաբերյալ նախագիծը:

Ընթացիկ հարցեր

Նիստի ընթացքում հաստատվեցին Գիտական խորհրդի 2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ծրագիրը, թեկնածուական ատենախոսությունների թեմաները: Ներկայացվեց բուհի կառուցվածքային փոփոխությունը, ըստ որի՝ միավորվում են համալսարանի Կրթության բարեփոխումների և որակի և Ուսումնական գործընթացների կառավարման վարչությունները և վերանվանվում Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն:

Գիտական խորհրդի անդամները փակ գաղտնի քվերակությամբ ընտրեցին նաև գիտական կոչումների ներկայացված թեկնածուներին:

Ավանդույթի համաձայն՝ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև հոբելյարներին, իսկ պորեֆսորադասախոսական կազմի մի շարք անդամների հանձնեց պրոֆեսորի և դոցենտի կոչումներ: