ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
26.09.2018
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա առաջին նիստը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա պրոֆեսորի գիտական կոչման վկայագիր շնորհեց Սամվել Պողոսյանին, իսկ դոցենտի՝ Արա Գևորգյանին, Սուսաննա Բաղդասարյանին, Աստղիկ Բալայանին, Կարինե Միրզոյանին, Լուսինե Սողոմոնյանին, Արմինե Վահանյանին, Հայկ Գրիգորյանին, Մարիամ Եղյանին և Լևոն Նազարյանին:

Բարեփոխումներ մանկավարժական պրակտիկայում
Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց պրակտիկայի բարեփոխումների բարելավման ընթացքը՝ ընդգծելով, որ հաջողությամբ ներդրվել և գործարկվում է Google Classroom–ը որպես ուսանողների խորհրդատվության, մշտադիտարկման և հետադարձ կապի համակարգ:

«Կարիք կա ներդնելու մանկավարժ և հոգեբան խորհրդատուների գործունեության հայեցակարգ, որոնք կլինեն մասնագիտական կողմնորոշման խորհրդատուներ, ինչպես նաև կսովորեցնեն նմանատիպ աշխատանք իրականացնել սովորողների հետ՝ հաշվի առնելով նրանց կարողություններն ու մասնագիտական նախասիրությունները»,-նշեց Վահան Սարգսյանն ու անդրադարձավ մասնագիտական զարգացման դպրոցների և որակի փոխադարձ գնահատման կարևորությանը:

Վահան Սարգսյանը խոսեց նաև մագիստրոսական պրակտիկայի բարելավման մասին և ընդգծեց, որ նախատեսվում է պրակտիկայի մեկ շրջափուլը կազմակերպել դպրոցներում, կրթական ու վերականգնողական կենտրոններում, իրականացնել հանձնաժողովային գնահատում և ամփոփում, ապահովել հետազոտական և մանկավարժական բաղադրիչների միաժամանակյա գործարկում: Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել գիտամեթոդական ուղեկցումը, կազմակերպել կիսամյակային սեմինարներ, բարձրացնել բուհում մանկավարժահետազոտական պրակտիկայի ղեկավարների հաշվետվողականությունը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ փաստեց, որ պրակտիկայի բնագավառում կան լուրջ ձեռքբերումներ, որոնք արդյունք են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ արդյունավետ աշխատանքի: Գիտական խորհրդի անդամները քննարկեցին պրակտիկայի բարելավման վերաբերյալ այլ հարցեր ևս, ապա հաստատեցին ներկայացված որոշման նախագիծը:

2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների ցանկն ու քննությունները
«Հաջորդ ուսումնական տարում Մանկավարժական համալսարանում ընդունելությունը կիրականացվի առկա բակալավրիատ՝ 40, հեռակա բակալավրիատ՝ 34, առկա մագիստրատուրայում՝ 55, իսկ հեռակա մագիստրատուրայում՝ 6 մասնագիտությունների գծով: Ընդունելություն չի իրականացվի առկա բակալավրիատում Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (ռուսաց լեզվի ուսուցմամբ), Բնագիտություն, իսկ հեռակայում՝ Գերմաներեն լեզու և գրականություն մասնագիտությունների գծով»,-նշեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և հավելեց, որ ընդունելության քննություններում փոփոխություններ նախատեսված չեն:

Պրոռեկտորը ներկայացրեց նաև բուհի բակալավրիատի կրթական ծրագրի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման նոր կարգը, ըստ որի՝ շրջանավարտներն իրենք են ընտրում ավարտական քննության ձևը, իսկ քննությունների ձայնագրությունները պահվում են ոչ թե 1 օր, այլ 6 ամիս: Նոր կարգի համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման գնահատականում պրակտիկային կհատկացվի 20%, իսկ կամավորական աշխատանքին՝ 5%, ինչպես նաև մագիստրոսներին գերազանցության դիպլոմ տրամադրել 90 % ՄՈԳ-ի դեպքում՝ նախկին 95-ի փոխարեն:

Նիստի օրակարգում էր նաև համալսարանի գիտական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքների ծրագիրը, որը ներկայացրեց բուհի Գիտական քարտուղար Մարիամ Իսպիրյանը:

Ընթացիկ հարցեր
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների թեմաները, ինչպես նաև հրատարակության երաշխավորած գրքերը:

Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը խորհրդի հաստատմանը ներկայացրեց ֆակուլտետը Հատուկ և ներառական կրթություն վերանվանելու հարցը: 

Գիտական խորհուրդը հաստատեց նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի խորհրդի որոշումը՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը դասավանդվող ժամերով տեղափոխել Կերպարվեստի ամբիոն և լուծարել Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի՝ ուսումնական գծով դեկանի տեղակալ Հայկ Գրիգորյանը խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց Պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Ռաշոյանին «Մովսես Խորենացի» անվանական կրթաթոշակ տրամադրելու հարցը:

Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ Քնարիկ Աբրահամյանին, Արմինե Բաղդասարյանին և Արմինե Միքայելյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչումներ: