ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
03.11.2018
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը:

2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքը գնահատվեց բավարար

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը ներկայացրեց ծրագրով նախատեսված նպատակներից յուրաքանչյուրի կատարման ընթացքն ու արդյունքները՝ մասնագիտական կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումներից մինչև որակի ներքին ապահովման համակարգի կառույցների և գործընթացների արդյունավետության բարձրացման միջոցներ:

«2017 թվականին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների կողմից հրատարակվել են 575 հոդված, որից 164-ը SCOPUS, РИНЦ և այլ պարբերականներում, 10 մենագրություն, 95 ձեռնարկ, 60 գիրք: Միջազգային պարբերականներում տպագրված հոդվածներից 114-ը գիտական հղումների ռուսաստանյան ցուցիչում (РИНЦ) են, իսկ մյուս 50-ը` միջազգային այն պարբերականներում, որոնք ընդգրկված են Web of Science, Web of Knowledge, Scopus, British Library և այլ հեղինակավոր շտեմարաններում»,-անդրադառնալով համալսարանում գիտահրատարակչական գուրծունեության մասին՝ նշեց Մկրտիչ Ավագյանն ու կատարած աշխատանքում ընդգծեց նաև դասագրքաստեղծ գործունեությունն ու «Իմաստություն» հանդեսի՝ 2017 թվականից Հրատարակչական էթիկայի հանձնաժողովի (COPE - Committee on Publication Ethics) անդամ լինելն ու Scopus-ի շտեմարանում ընդգրկվելը:

Զեկույցում անդրադարձ կատարվեց նաև համալսարանի ռազմավարական նպատակների և խնդիրների իրագործմանն ուղղված ֆինանսական պլանավորման, համալսարանի կրթական և հետազոտական ծրագրերի կարիքներին համապատասխան անհրաժեշտ լսարանային, ուսումնական և գիտահետազոտական լաբորատոր բազան արդիականացնելու, հասարակության հետ կապը զարգացնելու, ընդլայնելու ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքներին:

Գիտական խորհրդում ևս մեկ անգամ քննարկվեց համալսարանի միջազգային կապերը ընդլայնելու և բազմազանեցնելու, միջազգայնացման շարունակական գործընթացները եվրոպական համալսարանների և բարձրագույն կրթության միջազգային կառույցների հետ ինստիտուցիոնալ և ծրագրային մակարդակներում խթանելու անհրաժեշտության մասին:

Ռեկտորը բավարար համարեց Ռազմավարական ծրագրի գործողությունների կատարման պլանի իրականացման ընթացք և հավելեց, որ պետք է ձգտել բարձրացնել եղած ցուցանիշները՝ համատեղ և լուրջ աշխատանքի շնորհիվ:

«Բուհը պետք է լինի հետազոտական և բակալավրիատի, և մագիստրատուրայի ուսանողների համար, որոնք գիտահետազոտական միավորների զարգացման աևդյուքնում պետք է ներգրավվեն հետազոտական աշխատանքներում»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ դա կբերի նոր որակ բարձրագույն կրթության համակարգում:

Ռուբեն Միրզախանյանը առանձնակի կարևորեց նաև բուհի միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքները տարբեր հարթակներում՝ արտասահմանցի ուսանողների, դասախոսների ներգրավումից մինչև հանրակացարանների ստեղծում և այլ աշխատանքներ:

Գիտական խորհուրդը ՀՊՄՀ-ի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի միջնաժամկետ գործողությունների կատարման ընթացքը համարեց բավարար:

2019-2020 ուսումնական տարում վարձավճարները կբարձրանան

Ուսումնական գործընթացների հարցերի գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց հաջորդ ուսումնական տարուց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի և նախապատրաստական բաժնի ուսման վարձերի որոշման նախագիծը: Պրոռեկտորն ընդգծեց, որ որոշմանը նախորդել են դեկանների հետ հանդիպումները, հաշվի առնվել բոլոր առաջարկներն ու նկատառումները:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն օրակարգում ընդգրկված հարցի շրջանակներում խոսեց նաև բուհի շրջանավարտներին աշխատանքով ապահովելու կարևորության մասին և ընդգծեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել բուհ-աշխատաշուկա, մասնավորապես՝ բուհ-դպրոց կապը:

Գիտական խորհուրդը հաստատեց ուսման վարձերի վերաբերյալ որոշման նախագիծը:

Ներկայացվեց Ուսանողական խորհրդի աշխատանքը
ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը Գիտական խորհրդի անդամաներին ներկայացրեց անցնող տարում կառույցի կատարած աշխատանքը, որի հիմքում եղել է ուսանողակենտրոն քաղաքականությունը:

Մշակութային, սպորտային միջոցառումներ, մասնակցություն բազմաբնույթ ծրագրերի, միջազգային համագործակցության ընդլայնում և այլն. այս և այլ աշխատանքների կողքին Պարույր Գալստյանը խոսեց նաև անելիքների, մասնավորապես՝ ամենամյա «Լավագույն ուսանող» մրցույթի մասին:

Գիտական խորհուրդը ներկայացված տեղեկատվությունն ընդունեց ի գիտություն և կառույցի ուշադրությունը հրավիրեցին նաև ուսանողներին հուզող խնդիրների վերաբերյալ ընդհանրական վերլուծություններ կատարելու, տարբեր ծրագրերում առավել մեծ թվով ուսանողներ ներգրավելու, նրանց սոցիալական խնդիրներն ու պահանջները հաշվի առնելու անհրաժեշտության և կարևորության վրա:

Ընտրություններ
Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնում ընտրեցին մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Նաիրա Դալյանին, իսկ ներկայացված թեկնածուներ Սոնա Դավթյանին, Աղվան Մխիթարյանին և Քնարիկ Ուզունյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչումներ:

Ընթացիկ հարցեր
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսությունների թեմաները, ինչպես նաև հրատարակության երաշխավորած գրքերը:

Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին: