ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
01.03.2019
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի նիստը:

Գիտական խորհուրդը հաստատեց Համալսարանի երկրորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման համար մշակված ինքնավերլուծությունը

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ինքնավերլուծության փուլերը, գործընթացի շրջանակներում կատարված սոցիոլոգիական հետազոտություններին և մեթոդական ուղեցույցերին և կատարման ընթացքի վերաբերյալ այլ մանրամսներ:

Խոսելով անելիքների մասին՝ Արա Երեմյանը Գիտական խորհրդի անդամներին հորդորեց ընթերցել ինքնավերլուծությունը, մինչև մայիս ամիսը անցկացնել քննարկումներ դասախոսների, ուսանողների շրջանում:

«Ի՞նչ ենք սովորեցնում, ո՞ւմ ենք սովորեցնում, ցանկանում են արդյո՞ք սովորել, ինչպե՞ս է ապահովված ուսուցումը, ինչպե՞ս և ի՞նչպիսի ՏՏ միջոցներով ենք սովորեցնում. այս և այլ հարցերի շուրջ են աշխատելու ՈԱԱԿ-ի փորձագետները բուհի երկրորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում»,-հավելեց պրոռեկտորը:

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ հավատարմագրման գործընթացը ևս մեկ առիթ է ամփոփելու հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքի որակական կողմը և ևս մեկ անգամ նկատել՝ անելիքները շատ են:

Գիտական խորհուրդը հաստատեց ՀՊՄՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծությունը:

Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպումը ՀՊՄՀ-ում

Բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի գիտական ձեռքբերումները՝ 2015-2018 թթ. և ընդգծեց՝ ներկա ձեռքբերումները դանդաղ գործընթացի արդյունք են. «Դեռևս հսկայական անելիքներ կան համալսարանը հետազոտական կարգավիճակի հասցնելու համար: Համալսարանում գիտահետազոտական աշխատանքների դրվածքը համապատասխանում է գիտական խորհրդի կողմից ընդունած որոշումներին, որտեղ շեշտվում է այս ոլորտում որակական փոփոխությունների և միջազգայնացման անհրաժեշտությունը»:

Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց նաև գիտական աշխատանքների շրջանակները, արտասահմանայն գիտական հաստատությունների հետ բուհի պայմանագրերը և դրա շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև կազմակերպված միջազգային գիտաժողովները, հանրապետական ու ներհամալսարանական գիտական այլ ձեռնարկները:

Անդրադառնալով 2015-2018թթ. ՀՊՄՀ ֆակուլտետների և համահամալսարանական ամբիոնների կողմից իրականացված միջազգային հրապարակումների դինամիկային՝ պրոռեկտորը նկատեց՝ նախորդ տարվա համեմատ դրանց թիվը նվազել է.«2019թ. համար բուհն ընտրել է ռազմավարություն՝ բոլոր դասախոսները տարվա ընթացքում Scopus, Web of science շտեմարաններում պետք է հրատարակեն առնվազն մեկ գիտական հոդված, որով էլ այլ բաղադրատարրերի հետ միասին պետք է որոշվի դասախոսի վարկանիշը»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու տեղեկացրեց, որ այդ նպատակով համալսարանի բոլոր ամբիոնների վարիչների հետ կազմակերպվել են իրազեկման և քննարկման միջոցառումներ:

Պրոռեկտորն ընդգծեց նաև 2018 թվականից պաշտպանված թեզերի էլեկտրոնային բանկի ստեղծումը, որը ամբողջությամբ կարելի է կիրառել նաև ինչպես թեկնածուական և դոկտորական, այնպես էլ բակալավրական վերջնարդյունքների համար:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ ներկա ժամանակներում գիտության լեզուն անգլերենն է և եթե դասախոսները որոշակի որակի մեջ չտիրապետեն լեզվին, չեն ունենա գիտական պոտենցիալ:
Գիտական խորհուրդը բավարար համարեց բուհում գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացը, ինչպես նաև որոշեց բարձրացնել գիտական գործունեության արդյունավետությունը՝ մասնակցելով բազային և թեմատիկ ֆինանսավորվող ծրագրերի մրցույթների, խրախուսել միջազգային գիտական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու նպաստել բուհում հրատարակվող պարբերականների ընդգրկմանը միջազգային գիտաչափական շտեմարաններում:

Ներկայացվեց մանկավարժական պրակտիկայի բարեփոխումների ընթացքը
ՀՊՄՀ-ի Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանն իր զեկույցում ներկայացրեց բուհում մանկավարժական պրակտիկայի արդյունքների պաշտպանության գործընթացը, համակարգմանն ուղղված անելիքները: Մասնավորապես՝ հանձնարարել ֆակուլտետների պատասխանատուներին նախապես կապ հաստատել դպրոցների հետ, քննարկել տվյալ մասնագիտության պրակտիկան կազմակերպելու հնարավորությունները, մեթոդիստներին հանձնարարել անցկացնել մանրամասն խորհրդատվություն, մեթոդական օժանդակություն և մեթոդական նյութեր տրամադրել ուսանողներին՝ իրենց մասնագիտական պրակտիկայի վերաբերյալ, ամենօրյա առցանց կապի մեջ լինել ուսանողների և դպրոցների պատասխանատուների հետ։ Նախատեսված է ֆակուլտետներից յուրաքանչյուրում նշանակել մարզային պրակտիկայի համակարգող ղեկավարներ, ովքեր շաբաթական մեկ անգամ կայցելեն մարզեր և կիրականացնեն տեղում հսկողություն դպրոցներում։
Կառույցի ղեկավարը պրակտիկայի բարեփոխման գործընթացում կարևորեց նաև ուսանողների մանկավարժամեթոդական գործունեության ակտիվացումը, դասավանդման մեթոդական սկզբունքների գործնական կիրառումը, կոնկրետ մեկ դասի, կամ ամբողջ դասափուլի նպատակների ու խնդիրների հստակ ձևակերպումը, ստուգման ձևերի և գնահատման տեսակների տարբերակումը, դրանց ճիշտ ընտրությունն ու կիրառումը:
Գիտական խորհրդի որոշմամբ՝ բուհի հեռակա ուսուցման համակարգի 2018-2019 ուստարվա 3-րդ կուրսի ուսանողների մանկավարժական պրակտիկայի գնահատումը պետք է իրականացնել պրակտիկայի արդյունքների պաշտպանության ձևով:

Որոշումներ՝ կառուցվածքային փոփոխության վերաբերյալ
Հաշվի առնելով՝ «Մաթեմատիկական կրթություն» գիտական լաբորատորիայի աշխատանքների արդի փուլի ավարտը, ինչպես նաև հետագա արդյունավետ գործունեության համար ռազմավարական նոր նպատակների ուղեգծման և անձնակազմի օպտիմալացման անհրաժեշտությունը, Գիտական խորհուրդն ընդունեց կասեցնել բուհի կողմից լաբորատորիայի ֆինանսավորման գործընթացը: Ռեկտորն ընդգծեց, որ կառուցվածքային փոփոխության արդյունքում հնարավոր է եղել աշխատակիցներին նշանակել այլ աշխատանքի և այդպիսով խուսափել կրճատումներից։

Այլ որոշումներ
Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացվեց 2018-2019 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանրագումարային գնահատականը ձևավորել երկու բաղադրիչով՝ ավարտական աշխատանք՝ 80 տոկոս և մասնագիտական առարկայի դասվանդման մեթոդիկա՝ 20 տոկոս մասնաբաժիններով։ Մեկ այլ որոշմամբ էլ 2019-2020 ուստաուց հեռակա ուսուցման համակարգի բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանրագումարային գնահատականը ձևավորել՝ մանկավարժական և/կամ ուսումնական պրակտիկաների միջին գնահատականը՝ 20 տոկոս, իսկ ավարտական աշխատանքը՝ 80 տոկոս մասնաբաժիններով։ Գիտական խորհուրդը հաստատեց նաև ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամսիներին բուհում սփյուռքահայերի համար պարարվեստի գծով մեկամսյա դասընթացներ կազմակերպելու և ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայությունների իրականացման ծրագրի վերաբերյալ որոշումները։

Ընտրություններ
Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածուներ Ալլա Մկրտչյանին, Քնարիկ Հովհաննիսյանին, Գագիկ Կարապետյանին, Լիանա Գևորգյանին, Սոֆյա Ավագյանին և Վիկտոր Արզումանյանին շնորհեցին դոցենտի, իսկ Արմեն Առուստամյանին՝ պրոֆեսորի գիտական կոչումներ:

Ընթացիկ հարցեր
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսությունների թեմաները, ինչպես նաև հրատարակության երաշխավորած գրքերը:Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության և Օտար լեզուերի ֆակուլտետների դեկաններն էլ հաստատման ներկայացրի անվանական կրթաթոշակների թեկնածուներին՝ մագիստրոսներ Անժելա Գաբրիելյանին, Մարիամ Մանուկյանին, Էլեն Ավետիսյանին և Էլեոնորա Չուխաջյանին։

Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին: