ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
29.05.2019
Գիտական խորհրդի նիստում

Կայացավ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը:

Ավանդույթի համաձայն՝ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա Արմեն Առուստամյանին շնորհեց պրոֆեսորի, իսկ Քնարիկ Հովհաննիսյանին, Գագիկ Կարապետյանին և Լիանա Գևորգյանին դոցենտի գիտական կոչման վկայագրերը:

Հայտնի են Ռուբեն Սևակի անվան մրցանակակիրները

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ներկայացրեց արդեն 3-րդ տարին անցկացվող մրցույթի արդյունքները՝ նկատելով, որ այս տարի Ռուբեն Սևակի կենսագրական, հասարակական գործունեության և գրական բարձր շերտերը քննող խոհագրությունների մրցույթին ստացվել է գրավոր 18 աշխատանք՝ բուհի 7 ֆակուլտետից և 1 աշակերտ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանից:

«Այս մրցույթում մեր առաջին հաջողությունը պետք է համարել երիտասարդության համընդհանուր սիրո, խանդաղատանքի՝ նման ներկայացուցչական բնաբուխ վերաբերմունքը Սևակ երևույթի, բանաստեղծական մնայուն արժեքների նկատմամբ»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու հավելեց, որ աշխատանքներից առանձնացվել է հատկապես սուր մրցակցային բնույթը, նյութին մոտենալու և այն բացահայտելու ուսանողական բազմակողմ հետաքրքրասիրությունը:

Ըստ չափանիշների՝ 1-ին մրցանակ չի տրամադրվել և դրա փոխարեն մրցանակ է շնորհվել 2-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 2 ուսանողի՝ Բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Ժաննա Նիկողոսյանին և Լիլիթ Դանիելյանին,  3-րդը՝ նույն ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողուհի Հասմիկ Հակոբյանին, իսկ խրախուսական մրցանակը հանձնվեց նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Աբրահամյանին:

Տեղեկատվական տեխնոլոգիաները համալսարանում

ՀՊՄՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների դրվածքի և կատարվող աշխատանքների վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը: Խոսելով կատարված աշխատանքների մասին՝ պրոռեկտորը հավելեց, որ դրանք բխում են բուհի ռազմավարական ծրագրից և այդ ուղղությամբ մշտապես կատարվում է մշտադիտարկում: Պրոռեկտորը մանրամասն ներկայացրեց ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման նորաստեղծ համակարգը իր բոլոր մոդուլներով, ապա անդրադարձավ բուհի ողջ տարածքի տեխնիկական զինվածությանը, դասապրոցեսում դրանց կարևոր դերակատարմանը, տեխնոլոգիաների համալրման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արա Երեմյանը խոսեց նաև բուհում կիարվող մեդիա տեխնոլոգիաների մասին՝ մասնավորապես պաշտոնական կայքի՝ www.aspu.am, Առաջին համալսարանական ռադիո «Ֆամա»՝ www.radiofama.am, «Հաջողության բանաձև» հաղորդաշարի, այլ կայքէջերի /կրթական գործընթացբերի բարեփոխումների, միջազգային համագործակցության և բազմաթիվ այլ կառույցների/ ու սոցիալական ցանցերում դրանց էջերի մասին: Վերջինս վստահեցրեց, որ դրանք ապահովում են ոչ միայն համալսարանի հաշվետվողականությունը, այլև ՀՊՄՀ-ի ընթացակարգերի և գործընթացների թափանցիկությունն ու հասանելիությունը հասարակությանը:

Գիտական խորհրդի անդամները տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ որոշման նախագիծն ընդունեց ի գիտություն:

Ընտրություններ

Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածուներ Աննա Առաքելյանին, Գայանե Հարությունյանին, Ռուբինա Հարությունյանին, Ռոմիկ Քոչարյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչում:

Փակ քվեարկությամբ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ռիտա Գևորգյանին Գիտական խորհուրդն ընտրեց Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին՝ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանին Ռեժիսուրայի, իսկ փիլիսսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ Հասմիկ Հարությունյանին Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում:

Ընթացիկ հարցեր

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսությունների թեմաները, ինչպես նաև հրատարակության երաշխավորած գրքերը: